Իշխանական պատգամավորները, նույնիսկ նրանք, ովքեր ունեն լավ մասնագետի համբավ, մինչ պատգամավոր դառնալը իրենց ոլորտներում անում էին մասնագիտական լուրջ վերլուծություններ, այսօր իրենց մեկնաբանություններում անկեղծ չեն։
Գույքահարկի առաջարկվող փոփոխություններն արդարացնելու համար բերվում է մինչև 10մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի տարեկան գույքահարկի հաշվարկը՝ առավելագույնը 5000 դրամ, կամ 10-25 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների գույքահարկը՝ միջինը 10200 դրամ։ Բայց պետք է նույնքան ազնիվ լինել, և ասել, որ իրապես մինչև 10 մլն արժողությամբ բնակարանները շատ քիչ թիվ են կազմում։ Կարծում եմ տեղյակ եք նաև, որ այդպիսի շուկայական արժեքով բնակարան Երևանում հնարավոր չէ գտնել։ Եթե ելնում ենք այն մոտեցումից, որ միջին եկամուտ ունեցող անձինք չպետք է ապրեն լավ թաղամասերում, պետք է անկեղծորեն այդպես էլ ասել։
Ո՞վ է ասում, թե մայրաքաղաքի լավ թաղամասերում, թանկ հատվածներում ապրում են միայն բարձր աշխատավարձ և հավելավճարներ ստացող մարդիկ։ Ո՞վ է ասում, որ 50 մլն դրամ արժեքով անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն հանցավոր ճանապարհով եկամուտ ունեցողները։ Այդպիսի բնակարան մարդիկ կարող էին ձեռք բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, կարող էին ստանալ որպես ժառանգություն, կամ պարզապես գույքը կարող էր բաժին հասել Խորհրդային Միության շրջանից։ Այսօր այդ մարդկանցից շատերի եկամուտը բավականին ցածր է (թոշակառուներ, գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, մշակույթի գործիչներ)։ Մինչև 50 մլն դրամ արժեք ունեցող գույքի համար մոտ 108000 դրամ գույքահարկ է նախատեսվում։ Հիմա պատկերացրեք կենսական խնդիրները լուծել չկարողացող, սպառած գազի և
էլեկտաէներգիայի համար վճարել չկարողացող մարդուն պարտավորեցնում եք տարեկան վճարել 108000 դրամ գույքահարկ։
Կարդացեք նաև
Հաճախ բերվում է նաև այն հակափաստարկը, թե շատերը կարող են վաճառել իրենց թանկ անշարժ գույքը և գնել ավելի համեստ տուն, ավելի համեստ թաղամասում և ազատվել բարձր գույքահարկից։ Իսկ պատկերացնում եք, թե սա ինչպիսի ցնցում կառաջացնի անշարժ գույքի շուկայում։ Հասկանալի է, չէ, որ պարզապես հնարավոր չի լինելու կատարել քիչ թե շատ նորմալ պայմաններով գործարք։
Քիչ չեն դեպքերը նաև, երբ բնակարանները ձեռք են բերվել հիփոթեքային վարկավորմամբ՝ առաջնորդվելով բոլորովին այլ հաշվարկներով։ Մարդիկ տարիներով աշխատում են, որպեսզի նորմալ թաղամասում նորմալ տուն ձեռք բերեն։ Պատկերացնում եք այդ խավի համար ինչպիսի լրացուցիչ խնդիրներ են ստեղծվելու։ Երբևէ պատկերացրել եք վարկային պարտավորություն ունեցողի համար յուրաքանչյուր չնախատեսված ծախսը ինչպիսի ծանր բեռ է։
Ի՞նչն է խանգարում գնալ բաց քննարկման, լսել հիմնավորումներ, հակափաստարկներ։
Նոր կարգավորումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ նաև անշարժ գույքի շուկայի և շինարարության ոլորտի վրա։ Այդ հարցին առաջիկայում կանդրադառնանք մանրամասն վերլուծությամբ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»