Ինչպես տեղեկացրել ենք, երեք օր առաջ Գյումրու «Մուշ» թաղամասում 6-7 թափառող շներ հարձակվել էին 2․5 տարեկան երեխայի վրա՝ նրան դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում բազմակի վնասվածքներ պատճառելով։ Երեխան այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում․ նրան այստեղ երկրորդ անգամ են վիրահատել։
Այս դեպքը դարձավ լայն քննարկման թեմա, բնակիչներից շատերը, որոնք դեմ են թափառող շների ոչնչացմանը, պահանջում են անհապաղ մտածել կացարաններ կառուցելու մասին։ Այլապես ստացվում է, որ շներն ավելի պաշտպանված են, քան մարդիկ։
Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ են Գյումրիում կացարաններ կառուցել, եթե օգնի պետությունը։ Նա նաև ասաց, որ ստերջացումը թափառող կենդանիների թվաքանակի կարգավորման խնդիր է լուծում տվյալ պահին։ Մինչև այժմ ստերջացրել են 350 շուն, այսուհետ ավելի շատ ուշադրությունը կսևեռեն ագրեսիվ շների վրա։
Ըստ Հայկ Սուլթանյանի, մի խնդիր կա․ Գյումրիում ստերջացում կատարվում է, մյուս համայնքներում՝ ոչ, այս դեպքում մյուս համայնքներից կարող է թափառող կենդանիների հոսք լինի Գյումրի։
Կարդացեք նաև
«Մենք թափառող կենդանիներին բռնելու եղանակը սկսել ենք իրականացնել լրիվ ժամանակակից մեթոդներով, այսինքն՝ ցավազրկման, քնեցման միջոցներով, ցանցերը կրակվող են, չնայած մենք լրատվամիջոցներով հորդորում ենք բնակիչներին, որ չանհանգստանան, բայց սխալ պատկերացում կա, մտածում են՝ նախկին ձևով ենք վնասազերծում իրականացնում։ Նախ` վախը կա, մենք բացատրական աշխատանքի ու լրատվամիջոցների միջոցով դիմում ենք բնակիչներին՝ սպանելու եղանակով վնասազերծում չկա, եթե կրակոցներ եք լսում՝ կամ քնեցման կամ բռնելու համար է։
Անկախ դրանից՝ կան նաև բնակիչներ, որոնք խոչընդոտում են շներին բռնել։
Լավ կլիներ կացարանների խնդիրը լուծվեր։ Կացարանների հետ կապված գիտեք՝ մենք կոչով հանդես ենք եկել տարբեր կազմակերպություններին, որ քաղաքապետարանն իր կողմից համապատասխան աջակցություն կցուցաբերի, տարածք կհատկացնի, անհրաժեշտության դեպքում այլ աջակցություն ևս կցուցաբերի, որպեսզի դա կազմակերպվի։ Եթե նայել եք «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքը, այդ օրենքի 16-րդ հոդվածում կենդանիների կացարանները կարող են լինել պետության, համայնքային և մասնավոր սեփականություն։
Մենք մասնավորին ուղերձ ենք արել, համայնքով այս ծրագիր ենք իրականացնում, ակնկալում ենք նաև պետության աջակցությունը կացարանների կառուցման գործում, որովհետև օրենքով կա ֆիսքված, կարող են լինել պետական։ Միայն համայնքի վրա ամբողջ պատասխանատվությունը դնելով՝ շատ մեծ բեռ է», -ասաց փոխքաղաքապետը։
Թափառող շների կողմից 2․5 տարեկան երեխայի վրա հարձակվելու դեպքի հետ կապված էլ փոխքաղաքապետը կոչ արեց ծնողներին զգույշ լինել ու առողջություն ցանկացավ փոքրիկին։
Բանախոսներից մյուսն էլ՝ «My Vet» անասնաբուժական կլինիկայի անեսթեզիոլոգ էդգար Գևորգյանն էլ փաստեց, որ այնտեղից, որտեղ 6-7 թափառող շուն հարձակվել էին 2․5 տարեկան երեխայի վրա, միանգամից 12 շուն են տարել ստերջացման։ Իրենց ահազանգողը եղել է փոքրիկի տան կողքի շենքի բնակիչը։
«Այնտեղ, որտեղ տեղի է ունեցել փոքրիկի դեպքը, կողքի շենքում զանգ ենք ունեցել, 12 շուն ենք բերել։ Նա, ով հաց է տալիս, կերակրում է այդ կենդանիներին, նրա համար բարի, հասկացող կենդանիներ են, իսկ մյուսների համար՝ պոտենցիալ վտանգ է։
Շարունակաբար փորձել ենք այնտեղից որսալ, այնտեղ քանակը շատ է, այսինքն` ժամանակ է պետք, որ կարողանանք այդ քանակի շներին բերեք կլինիկա, ստերջացնենք։ Եթե մենք կենտրոնանանք կոնկրետ մի թաղամասի վրա, մնացածների զանգերին չպիտի պատասխանենք, փորձել ենք ամեն զանգի հետևից գնալ ու 10-20 շուն ամեն թաղամասից բերել, որ քաղաքի շները հավասարաչափ ստերջացված լինեն, ոչ թե «Մուշ» 2 թաղամասում բոլորը ստերջացված լինեն, մյուս տեղերում՝ ոչ»-, ասաց բանախոսը։
Նա նաև ասաց, որ «Մուշ» թաղամասում բավական մեծ կենցաղային աղբանոց կա և սնունդ հայթայթելու պատճառով էլ կենդանիները հավաքվել են այնտեղ, 30-40 կենդանու միջից մեկն էլ հաստատ ագրեսիվ կլինի։
«Կենցաղային աղբը նախ հեռու պետք է լիներ բնակելի վայրից։ Դա առաջինը մարդկանց անփութությունն է, շենքի հարակից տարածքում աղբամաններ չկան, բայց բնակիչները, բերել, թափել են»,-նկատեց էդգար Գևորգյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ https://www.shantnews.am/-ի