Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ նիստում խոսել էր այն մասին, որ երբ գիշերվա ժամերին անցնենք դատախազության շենքի ոտով, նայենք պատուհաններին, կտեսնենք, որ լույսը վառվում է, աշխատում են ուշ ժամերին: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Գիտեք հե՞շտ է, ժողովուրդ, գիտեք դատախազի կատարած աշխատանքը հե՞շտ է: Այդ պատասխանատվության մյուս բեռը…: Չեմ ուզում ծանրացրած լինել, ամենատարբեր վտանգները բացարձակապես ուշադրություն չդարձնելով՝ այդ արդյունքները, որոնք ապահովում են, դրանք բոլորը դրած միս ու արյուն աշխատանքի արդյունք են»:
Հարցրեցինք՝ ձեզ ինչ-որ վտա՞նգ է սպառնում, ձեզ, ձեր ընտանիքի անդամներին սպառնո՞ւմ են՝ նա պատասխանեց. «Ինձ ոչ ոք չի կարող սպառնալ: Եվ ոչ մի դատախազի ոչ ոք չի կարող սպառնալ: Բայց ամենատարբեր ստեղծված իրավիճակներում մարդիկ ոչնչի առջեւ չեն կանգնում, ոչ մի վտանգավոր, կամ անցանկալի հետեւանքներ: Մարդիկ օրերով ընտանիքի անդամներին տեսնելու խնդիր ունեն: Ես ուզում եմ, որ դուք գնահատեք այդ աշխատանքը»: Մեր դիտարկմանը, որ դրա համար դուք բարձր աշխատավարձ եք ստանում՝ Դավթյանը արձագանքեց. «Բարձր աշխատավա՞րձ: Եվ դա համարում եք բարձր աշխատավա՞րձ»:
Ճշտեցինք՝ բա ո՞րն է բարձր աշխատավարձը՝ նա պատասխանեց. «Գիտե՞ք որը կլիներ բարձրը: Տեսեք հիմա փաստաբանների ինչ հոսունություն կա դատախազություն, պատկերը բոլորիդ համար պարզ կդարձնի: Երկուսն էլ պարզ մասնագիտական աշխատանք են, այդ նույն նյութական ապահովության, սոցլուծումներով պայմանավորված՝ չունենք այդ հոսունությունը»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ապօրինի բռնագանձումը չե՞ք կարծում, որ ձեզնից պիտի սկսել՝ Դավիթաշենում առանձնատուն եք կառուցել ձեր պաշտոնավարման ժամանակ՝ նա արձագանքեց. «Դու կսկսես»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ