ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազրույցը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ
Հունիսի 1-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազանգը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:
Նախարար Մնացականյանը շնորհավորեց Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության մեջ:
Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մարդկանց միջև շփումների խթանման միջոցով:
Կարդացեք նաև
Զոհրաբ Մնացականյանը և Ուենդի Մորթնը մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ինչպես գլոբալ, այնպես ազգային մակարդակներով ձեռնարկվող քայլերի շուրջ: Միաժամանակ նախարար Մնացականյանը վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունն առաջ ընթանալու նախաձեռնված լայնամասշտաբ բարեփոխումներով՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:
Տեսազանգի ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները:
ՀՀ ԱԳՆ