Արցախի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը Արցախի պարետատան կազմակերպած ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ եթե դիմորդը միասնական քննություններին չի հայտագրվել փետրվար-մարտ ամիսներին, կարող է հիմա էլ հայտագրվել: «Եթե դիմորդը ցանկանում է ընդունվել ՀՀ բուհեր, պետք է դիմում-հայտ ներկայացնի նաեւ Արցախի Հանրապետության ԳԹԿ՝ տվյալ ներբուհական քննության հայտագրման համար, որպեսզի դիմորդին անձնական համար տրամադրվի, եւ ինքը դիմում-հայտը առցանց եղանակով լրացնի dimord.am կայքում եւ ուղարկի ՀՀ Գնահատման եւ թեստավորման կենտրոն: ՀՀ ԳԹԿ կայքում տեղադրված է համապատասխան տեսանյութ, թե ինչպես պետք է լրացնել դիմում-հայտը»,-պարզաբանեց նա: Նշվեց, որ բոլոր բուհերի կոդերը տեղադրված են Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության կայքում:
Հարցին՝ կարելի՞ է երկու հայտ ներկայացնել՝ մեկը Արցախի Հանրապետության, մյուսը՝ Հայաստանի Հանրապետության բուհեր ընդունվելու համար, պարոն Քարամյանը պատասխանեց, որ նախկինում եղել է, որ դիմորդը եւ ներբուհական քննություններ հանձնի, եւ միասնական, բայց այժմ բոլոր մասնագիտությունների համար դիմորդը հանձնում է միայն մեկ ընդունելության քննություն:
«Դիմորդը պետք է լրացնի միայն մեկ դիմում-հայտ, կամ ուղարկի ՀՀ ԳԹԿ՝ առցանց եղանակով, կամ՝ Արցախի Հանրապետության ԳԹԿ: Մրցույթը անցկացվելու է առանց փաստաթղթերի ընդունման, ատեստատները դիմորդները տրամադրելու են բուհեր ընդունվելուց հետո: Այս տարի խստիվ արգելվելու է մեկ դիմում-հայտից ավել ներկայացնելը»,-պարզաբանեց Արցախի Հանրապետության ԳԹԿ կենտրոնի տնօրենը: Շեշտեց, որ եթե դիմորդը մեկից ավելի դիմում-հայտ ներկայացնի, կարող է երկուսն էլ անվավեր ճանաչվեն:
Նրա խոսքերով, ներբուհական եւ միասնական քննությունները անցկացվելու են նույն ժամանակահատվածում, հուլիսի 1-10-ը ներառյալ, ներբուհական քննությունները անցկացվելու են տվյալ բուհերում, իսկ դիմորդները պետք է միայն մեկ բուհի մեկ քննության համար հայտ ներկայացնեն: Միասնական քննությունների համար դիմորդները կարող են մի քանի բուհի համար դիմում- հայտ ներկայացնել: «Այնպես չի լինելու, որ դիմորդը երկու քննություն հանձնի: Նա հանձնելու է միայն մեկ քննություն, կամ միասնական, կամ ներբուհական»,-տեղեկացրեց Յուրի Քարամյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ