Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նա գործողության և ծառայության մարդ էր. Ամերիկայի հայկական համագումարը սգում է դոկտոր Րաֆֆի Հովանեսյանի կորուստը

Հունիս 01,2020 18:39

Ամերիկայի հայկական համագումարը միանում է Հովանեսյանների ընտանիքին և աշխարհասփյուռ հայությանը` սգալու վաստակավոր բժիշկ, համայնքային առաջնորդ և բարերար՝ դոկտոր Րաֆֆի Հովանեսյանի կորուստը, ով կյանքից հեռացավ 2020թ.-ի մայիսի 27-ին, 81 տարեկան հասակում:

Դոկտոր Րաֆֆու 55-ամյա սիրելի կինը` Վիկի Շողակ Հովանեսյանը, կիսվեց իր ամուսնուն նվիրված հետևյալ հուզիչ հարգանքի տուրքով՝ Նյու Ջերսիի հայկական ռադիոյի ժամի շնորհիվ.

«Ծանր սրտով ձեզ հետ կիսում եմ մեր սիրելի Րաֆֆու կյանքից հեռանալու տխուր լուրը: Նա վախճանվեց այս երեկո, խաղաղ կերպով, իր ընտանիքի անդամներով շրջապատված: Ես կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին` իր կյանքի ընթացքում ձեր սիրո, հարգանքի և աջակցության համար՝ հատկապես, վերջին յոթ տարվա իր հերոսական պայքարի ընթացքում: Դուք բոլորդ հատուկ տեղ ունեք իր սրտում: Խնդրում եմ հիշեք նրան այն երջանիկ հիշողություններում, որոնք մենք բոլորս կիսում էինք տարիների ընթացքում»:

Հայոց ցեղասպանությունը վերապրածների՝ Առաքել և Դիրուհի Հովանեսյանների որդի Րաֆֆին իր կազմավորման տարիներն անցկացրեց Հալեպում, որտեղ հաճախեց միջնակարգ դպրոց և համալսարան: Ոգեշնչվելով իր բուժքույր և մանկաբարձ մոր և անվանի բժիշկ, աստվածաբան, հումանիստ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր դոկտոր Ալբերտ Շվայցերի ուսմունքներով՝ Րաֆֆին 1958թ.-ին ստացավ գիտությունների բակալավրի աստիճան, իսկ 1962թ.-ին՝ բժշկության դոկտորի աստիճան Բեյրութի Ամերիկյան Համալսարանից (AUB): AUB-ի բժշկական ֆակուլտետում ուսանելու ժամանակ նա մասնագիտացել էր ներքին հիվանդությունների և գաստրոէնտերոլոգիայի ոլորտներում: 1965թ.-ին Րաֆֆին ամուսնացավ իր հարազատ հոգու՝ Վիկի Շողագի հետ, Բեյրութում տեղի ունեցած հարսանիքում, որի հոգևոր արարողությունը վարում էր դոկտոր Հովանեսյանի ողջ կյանքի ընկեր բարեկրոն Գարեգին Սարկիսյանը: Տասնամյակներ անց, Հայրապետը ընտրվեց Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա: Նրանց միությունից կարճ ժամանակ անց, դոկտոր Րաֆֆին և Վիկին հաստատվեցին Միացյալ Նահանգներում, որտեղ նա շարունակեց իր բժշկական կրթությունը Նյու Ջերսիում, իսկ ավելի ուշ՝ Բալթիմորի Ջոնս Հոփկինսի համալսարանում: Հատկանշական է, որ Վիետնամի պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում բժիշկ Հովանեսյանին զորակոչեցին Միացյալ Նահանգների բանակ, որտեղ նա վաստակեց մայորի կոչում և ծառայեց որպես Կենտուկի նահանգի Ֆորտ Նոքսի Այրլենդ բանակի համայնքային հիվանդանոցի ղեկավար, որտեղ նա կենտրոնացավ ստամոքսի և հաստ աղիքի վարակիչ հիվանդություններից տառապող իր ծառայակից ընկերների բուժման վրա: Հոսպիտալը կոչվում է ԱՄՆ 23-րդ բանակի գլխավոր վիրաբույժ, գեներալ-մայոր Մերիտ Ուեբեր Այրլենդի պատվին, ով այդ պաշտոնում ծառայեց 1918-1931թթ.-ին:

Իրենց երեք երեխաների` Արմենի, Անիի և Այլինի ծնունդով օրհնված, Հովանեսյանները բնակություն հաստատեցին Չիկագոյի մերձակայքում գտնվող Հյուսիսարևմտյան Ինդիանայում, որտեղ դոկտոր Րաֆֆին մեկնարկեց հաջող մասնավոր բժշկական պրակտիկա, իսկ Վիկին դարձավ ժամանակակից արվեստի առաջատար կուրատոր և կոլեկցիոներ:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձու և տնօրենների խորհրդի անդամ (1986-1988թթ.)՝ դոկտոր Րաֆֆի Հովանեսյանը, ծառայեց քաղաքավարությամբ և համեստությամբ: Ակնառու էր իր նվիրվածությունը հավատքի և ընտանիքի հանդեպ: Նրա պատկերացումներն ու աշխատանքը Համագումարի կառավարության գործերի և զանգվածային քարոզչության նախաձեռնությունների ոլորտներում ազդեցիկ էին և խորապես գնահատվում էին: Դոկտոր Րաֆֆին սատարում էր որակյալ ծրագրավորում հայ երիտասարդության համար, այդ թվում՝ Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագիրը Վաշինգտոնում, որի (՛89թ.-ի) շրջանավարտ է իր որդին՝ դոկտոր Արմեն Հովանեսյանը: Իր անկեղծ և լուրջ ջանքերով խրախուսելով բարեկամություն ու միասնություն հայկական թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ հաստատությունների միջև` դոկտոր Րաֆֆի Հովանեսյանը մարմնավորեց Հայկական Համագումարի էությունն ու առաքելությունը:

Դոկտոր Հովանեսյանը գործողության և ծառայության մարդ էր: Երկու տասնամյակ նա ծառայեց որպես իր տեղական ծխական համայնքի թեմի պատվիրակ՝ Իլինոյս նահանգի Պալոս Հայթսի Սուրբ Հովակիմ և Աննա Հայ Առաքելական եկեղեցում՝ մի եկեղեցի, որին նա և Վիկին հսկայական ներդրում տրամադրեցին ավելի քան չորս տասնամյակների ընթացքում: 1995 և 1999 թվականներին Կաթողիկոսի ընտրության համար նա ծառայեց որպես փոխնախագահ և պատվիրակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ազգային եկեղեցական ժողովում: Նա ծառայեց Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևելյան թեմի թեմական խորհրդի և «Սուրբ Ներսես» ճեմարանի ու Հայ Եկեղեցու օժանդակության հիմնադրամի տնօրենների խորհուրդների կազմում՝ ի լրումն որպես թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ ծառայելուն: Դոկտոր Հովանեսյանը նաև ակտիվ գործունեություն էր ծավալում և իր ներդրումն ուներ մի շարք կրթական, մասնագիտական և բարեգործական կազմակերպություններում, որոնց թվում են` Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, Հայ-Ամերիկյան առողջության ոլորտի մասնագետների կազմակերպությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Ամերիկայի հայկական միսիոներական ասոցիացիան, Հայ օգնության ֆոնդը, Վարդանի ասպետները և Հայագիտության և հետազոտությունների ազգային ասոցիացիան:

Դոկտոր Հովանեսյանը զգալի ժամանակ և ջանքեր ներդրեց Հայաստանում, Ջավախքում և Արցախում բնակվող իր եղբայրների և քույրերի առողջապահության որակի բարելավման ուղղությամբ: Մի քանի տասնամյակներ շարունակ հայկական և ոչ հայկական կազմակերպությունների կողմից պարգևների և գովասանքների արժանի ստացող, դոկտոր Հովանեսյանը ոգեշնչեց գործընկեր բժիշկներին, ինչպես նաև հայրենակից հայերին՝ ապրել նվիրված ծառայության, բարեպաշտության և բարեգործության կյանքով` ամենը ավելի մեծ բարիքների համար: 2014թ.-ին Նյու Յորք քաղաքում կայացած 112-րդ Թեմական Վեհաժողովի ժամանակ Արևելյան թեմը դոկտոր Րաֆֆի Հովանեսյանին անվանեց իր «Հայկական եկեղեցու տարվա անդամ»: Հատկանշական է, որ դոկտոր Հովանեսյանի անձնական և մասնագիտական կյանքի ոգեշնչող պատմությունը 1994թ.-ի փետրվարին ներառվեց Կոնգրեսական արձանագրության մեջ՝ իր լավ ընկեր, ԱՄՆ կոնգրեսական Փիթեր Վիսկլոսկու կողմից, ում Կոնգրեսական առաջին շրջանը ներկայացնում է Հյուսիսարևմտյան Ինդիանայում տեղակայված ընտրողների:

«Մենք խորապես սգում ենք դոկտոր Րաֆֆի Հովանեսյանի մահը` որպես կորուստ ամբողջ ամերիկահայ համայնքի և աշխարհասփյուռ հայության համար և յուրաքանչյուրի, ում կյանքի վրա նա ազդեցություն է ունեցել: Նրա մշտական դրական տրամադրվածությունը, ուրիշներին օգնելու պատրաստակամությունը և հրաշալի ժպիտը երբեք չեն մոռացվի: Նա իսկապես շնորհալի անհատ և Համագումարի խորհրդի ոգեշնչող անդամ էր: Նա առատաձեռն էր իր ազգակից հայերին տրամադրվող ծառայություններում և մի բժիշկ էր, ում բուժման հմտությունները դարձրեցին իրեն հիացմունքի արժանի բուժաշխատող՝ ընկերների և մասնագետների շրջանում: Մենք բախտավոր էինք նրան ունենալու համար և Համագումարը կիսում է իր կիրթ և սիրող կնոջ` Վիկի Շողագի, նրանց նվիրված երեխաների և թոռների, ընտանիքի անդամների և ընկերների ցավը»,– ասացին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930