Aravot.am-ն այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց՝ 2016-ին, երբ ձեզ ԱԺ-ում ընտրում էին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակ պատգամավոր էր, ասում էր, որ դուք պաշտոնի բարձրացում եք ստացել, որովհետեւ կոնկրետ «Հարսնաքարի» գործով «մաքրել» եք Ռուբեն Հայրապետյանին, «Արմենիա» ընկերության տնօրենի առեւանգման գործով եք իրեն «մաքրել», այսինքն, մի շարք գործերով դա արել եք ու Շենգավիթի դատախազ, հետո՝ Երեւան քաղաքի դատախազ…այսպես պաշտոնների բարձրացում ստանալով՝ գնացել եք առաջ, հիմա ի՞նչ է փոխվել այս առումով: Նա պատասխանեց. «Հիմա ասենք ի՞նչ եք ինձ այդ հարցը տալիս: Ես այդ բոլոր թվարկված գործերով ես օբյեկտիվորեն իրականացրել եմ իմ պաշտոնական պարտականությունները»: Հարցին՝ պատվեր չեք կատարել՝ վստահեցրեց, որ ոչ:
Անդրադառնալով Արման Բաբաջանյանի հարցադրումներին՝ Դավթյանն ասաց. «Տեսաք պարոն Բաբաջանյանին ինչ վատ վիճակի մեջ դրեցին իր տեղեկատուները՝ բացարձակապես իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրատարակելով: Ես ստիպված եղա դրանց արձագանքելու, զուտ նրա համար, որ հանրությունը օբյեկտիվ եւ լիարժեք տեղեկատվության տիրապետի»:
Հարցրեցինք՝ նախորդ անգամ, երբ Բաբաջանյանը նման հարցադրումներ էր հնչեցնում, ինչ-որ մեկի ականջներն էիք տեսել նրա հետեւում, հիմա՞ էլ եք մեկի ականջները տեսնում՝ նա պատասխանեց. «Ոնց որ տենց դեռեւս երեւում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ