Aravot.am-ն այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց՝ ԱԺ նիստում ձեզ բաց տեքստով ասվեց, որ աղմկահարույց քրեական գործերով լիքը բացթողումներ ունեք, ո՞նց է ստացվում, որ մարդկանց քրգործ հարուցելուց մեկ-երկու օր առաջ, մեկ շաբաթ առաջ փախուստի են դիմում:
Դավթյանը պատասխանեց. «Դատախազությունը ոչ մեղադրանք առաջադրողն է եւ կոնկրետ դեպքերում մեղադրանք է առաջադրել, դատախազությունը ոչ ապացույց ձեռքբերողն է, այդ իրավիճակում դատախազությանը հարցերը կարող են հետեւյալ դիրքով առաջադրվել՝ ոչ թե դատախազությանը կարող են մեղադրանք հնչեցնել՝ ի՞նչն է պատճառը, որ մի քանի օր առաջ գնաց, այլ հետագայում պարզվե՞ց արդյոք, ի՞նչն էր պատճառը, որ այդպես եղավ ու հետագայում ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին: Յուրաքանչյուր նմանատիպ դեպքով մեր կողմից անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են: Ես ԱԺ-ում հարցուպատասխանով էլ ներկայացրեցի՝ մենք նույնիսկ դեպք ենք ունեցել, որի պայմաններում քրգործ հարուցեցինք ենթադրաբար օպերատիվ մարմինների անփույթ աշխատանքի մասով»:
Մեր դիտարկմանը՝ հատուկ միտում են տեսնում, որովհետեւ ձեզ ընկալում են՝ որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, որը հնարավոր է համագործակցի եւ ինֆորմացիայի արտահոսք անի՝ Արթուր Դավթյանն արձագանքեց. «Դուք այդպես մտածո՞ւմ եք»:
Իսկ երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ վարչապետը խոսել է «Սերժի մնացորդների» մասին, դուք ձեզ «Սերժի մնացորդ» համարո՞ւմ եք՝ Արթուր Դավթյանը վիրավորվեց ու բարկացավ. «Դու որ ինձ էդ հարցը տալիս ես, կարծում եմ, պետք է նաեւ հենվես իմ նախկին վարքագծի վրա: Երբեւէ իմ կողմից անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք: Հարցը տալուց մի հատ մտածեք ում եք տալիս ու ինչ ձեւով եք տալիս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ