Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը Արցախի պարետատան կազմակերպած ասուլիսում նախ շնորհավորեց մանուկներին հունիսի 1-ի առիթով, ապա անդրադարձավ ընդունելության քննություններին: «2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանն առնչվող բոլոր իրավական փաստաթղթերը՝ կարգ, մասնագիտությունների ցանկ, համալսարանների ծրագրեր եւ այլն, տեղադրված են Արցախի գիտության, կրթության եւ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում եւ ֆեյսբուքում»,-ասաց նախարարը: Հավելեց, որ շատ են հարցերը՝ ՀՀ պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված 60 տեղերի վերաբերյալ:
«Որոշ մասնագիտությունների համար դիմորդները հանձնելու են միասնական քննություններ, որոշ մասնագիտությունների համար՝ ներբուհական: ԵՊՀ դիմորդներին եմ դիմում՝ մասնագիտությունների ցանկը դրված է նախարարության պաշտոնական կայքէջում, «Լուսարար» պաշտոնաթերթում: Բոլոր մասնագիտությունների համար դիմորդները դիմելու են Արցախի ԳԹԿ կենտրոն, որովհետեւ այդ մասնագիտություններով ընդունելությունը միասնական քննություններով է»,-ասաց Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան դիմելուն, Ղարախանյանի խոսքերով, համակարգչային գրաֆիկա մասնագիտության համար պահանջվում է ներբուհական քննություն, դրա համար դիմորդը պետք է դիմի Արցախի ԿԳՄ նախարարության մասնագիտական կրթության բաժին, ստանա երաշխավորության համապատասխան տեքստ, որը պետք է սկանավորի եւ ուղարկի տվյալ բուհին: Իսկ ներբուհական քննությունների համար, ըստ նախարարի, դիմորդները պետք է դիմեն dimord.am կայքով:
«Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայն, գրաֆիկական դիզայն, ճարտարապետություն մասնագիտությունների համար դիմորդները կրկին դիմելու են Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարարություն, ապա համապատասխան երաշխավորության տեքստը ստանալուց հետո՝ ԳԹԿ, անձնական համար ստանալու համար:
Կարդացեք նաև
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, ՀՊՏՀ եւ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի տարբեր մասնագիտությունների համար դիմորդները պետք է դիմեն Արցախի ԳԹԿ, քանի որ մրցութային քննությունները միասնական կարգով են անցկացվում: Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիա, Գեղարվեստի պետական ակադեմիայի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բոլոր մասնագիտությունների համար կրկին պետք է դիմել Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն եւ ԳԹԿ՝ համապատասխան անձնական համար ստանալու համար:
Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար պետք է դիմել Արցախի ԳԹԿ: Հայ-ռուսական սլավոնական համալսարանը միջպետական համաձայնագրով ստեղծված բուհ է, այստեղ դիմորդները երաշխավորության տեքստը ստանալու են Արցախի նախարարությունից, անձնական համար՝ ԳԹԿ-ից, ապա փաստաթղթերը հանձնելու են Հայ-ռուսական սլավոնական համալսարան»,-տեղեկացրեց նախարարը:
Դիմորդներից մեկի ծնողին հետաքրքրում էր՝ հնարավո՞ր է իր զավակը դուրս մնա մրցույթից ՝ դրական գնահատականների դեպքում, անվճար հայտարարված կրթությունը կարո՞ղ է դրական շեմը հաղթահարած դիմորդին դուրս թողնել:
«2020-2021 ուսումնական տարվա Արցախի Հանրապետության առկա ուսուցման բոլոր բուհերում ընդունելության արդյունքներով դրական միավորներ ստացած դիմորդները հաշվեգրվելու են անվճար ուսուցման համակարգում, բայց կարգի համաձայն՝ երկրորդ տարում արդեն գործելու է այսպես կոչված՝ հետադարձ կապի սկզբունքը եւ միջին որակական գնահատականը սահմանվելու է երկրորդ կուրսից»,-պատասխանեց նախարարը:
Անդրադառնալով մանկապարտեզների վերաբացման վերաբերյալ հարցին՝ Լուսինե Ղարախանյանը նշեց, որ ներկայումս առաջնորդվում են պարետատան հրամանագրով, համաձայն որի, նախադպրոցական ուսումնական հաստատություններն ու զարգացման կենտրոնները պետք է մինչեւ հունիսի տասնմեկը փակ լինեն: «Կարծում եմ՝ համավարակի ընթացքով պայմանավորված՝ հայտարարություններով հանդես կգանք հունիսի տասնմեկից հետո»,-հավելեց նա:
«Արցախպրեսի»՝ ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի լսարանային պայմաններում կազմակերպվելու վերաբերյալ հարցին պատասխանելով՝ նախարարն ասաց, որ բուհերին տրված է ակադեմիական ազատություն, եւ իրենք են գիտխորհուրդների նիստերով որոշել՝ ինչպես կազմակերպել. «Համամիտ եմ, որ տեխնիկական խնդիրներ եւ անկատարություններ կան, եւ բուհերը կենդանի շփման միջոցով կկազմակերպեն ամփոփիչ ատեստավորումները՝ խստորեն պահպանելով պարետատան սահմանած չափանիշները, սոցիալական հեռավորությունը: Դա հնարավոր է անել բուհական պայմաններում»:
Անդրադարձ եղավ նաեւ հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին, որովհետեւ որոշ գյուղերում ոչ բոլոր երեխաներին է դա հասու եղել: «Վիճակագրական վերլուծությունը եւ դիտարկման գործընթացը ցույց տվեց, որ մենք ունեցանք խոցելի խմբեր, եւ այժմ ստացված պատկերի վրա մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկել: Առաջիկայում տեղի կունենան առցանց վերապատրաստումներ, որի արդյունքում սեպտեմբերի մեկին չենք ունենա առցանց ուսուցման գործիքակազմին չտիրապետող ուսուցիչ»,- ընդգծեց նախարարը, ասաց, որ քայլեր են ձեռնարկել տեխնիկական համապատասխան միջոցներով դպրոցները վերազինելու համար, եւ հույս են փայփայում, որ սեպտեմբերի մեկին գուցե հնարավոր լինի առցանց ուսուցումից զերծ մնալ:
«Ես համարձակվում եմ ասել, որ գյուղաբնակ վայրերի դպրոցները, որտեղ սակավակազմ են դասարանները, կարող են կենդանի շփմամբ դասեր իրականացնել: Տարրական օղակի դեպքում կրթությունը հնարավոր չէ կազմակերպել առցանց ուսուցմամբ: Մենք մեխանիզմներ ենք մշակում՝ ինչպես կազմակերպել նախադպրոցական հաստատությունների, տարրական օղակի ուսուցումը, որը պետք է լինի կենդանի շփմամբ»,-ասաց նախարարը: Նրա համոզմամբ, թերեւս, ավագ դպրոցի վերջին երկու դասարաններում կարելի է թույլ տալ առցանց ուսուցում կազմակերպել:
Լուսինե Ղարախանյանը նաեւ հավելեց, որ ընդունելության քննությունների փաստաթղերի ընդունումը կազմակերպվում է առցանց եղանակով, իսկ ներբուհական քննությունները կկազմակերպվեն բուհի ներսում՝ պարետատան կողմից սահմանված պահանջների խստագույն պահպանմամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսինե Ղարախանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքի էջից: