Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաճգնաժամային ծրագրերը արդյունավե՞տ, թե՞ անարդյունավետ էին բիզնեսի համար. մեկնաբանում է Տիգրան Քեյանը

Հունիս 01,2020 18:13

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ, հարկային խորհրդատու Տիգրան Քեյանն անդրադարձավ կառավարության հակաճգնաժամային ծրագրերին, եւ թե դրանք որքանով էին արդյունավետ բիզնեսի համար

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունը բիզնեսին աջակցող մեկ տասնյակից ավել հակաճգնաժամային ծրագրեր գործարկեց: Ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունավետությունը: Ընդդիմադիր գործիչները եւ բիզնեսի ներկայացուցիչները կարծում էին, որ դրանք անարդյունավետ էին, ոչ հասցեական:

– Մի շարք մարդիկ ավելի շատ քաղաքական առումով են ընդդիմախոսում, փորձում են ամեն կերպ կառավարության կատարած աշխատանքը սխալ հանել, գիտե՞ք ինչի պատճառով, որովհետեւ, երբ պարետատունը որոշեց սահմանափակումներ կիրառել բիզնեսի համար, դեպքերի այսպիսի աճ ու վիրուսի տարածում չկար, վարակակիրները շատ քիչ էին, բայց՝ բիզնեսը փակվեց: Փոխարենը  բացվեց այն ժամանակ, երբ վարակի տարածումը մեծ էր: Հիմա, կառավարությունը խիստ պահանջների հետեւելով, թողնում է, որ բիզնեսն աշխատի:

Ինչ վերաբերում է աջակցման ծրագրերին, այո, կային որոշ ծրագրեր, որոնք ի սկզբանե խիստ սահմանափակումներով էին եւ, պարբերաբար, այդ ծրագրերում փոփոխություններ կատարվեցին ու ներառվեցին այն ոլորտները, որոնք կորոնավիրուսի հետեւանքով տուժել էին:

Պարո՛ն Քեյան, հենց բիզնեսի ներկայացուցիչները պնդում էին, որ անգամ վարկային աջակցության ծրագրերն  են անարդյունավետ, որոնք վարկային բեռն ավելացնելուց բացի, ոչ մի օգուտ չեն տալիսիսկ տուրիզմի բիզնեսով զբաղվողներից շատերն անգամ այդ վարկերից չկարողացան օգտվել, քանի որ բանկերի համար նրանք ռիսկային հաճախորդ էին համարվում

– Այո, վարկային ծրագրերը, որոնց միջոցով փորձ էր արվում մեղմել բիզնեսի ֆինասական վիճակը, այնքան էլ արդյունավետ չէին: Կառավարությունը գտնում էր, որ դրանք լրացուցիչ դրամական հոսքեր կապահովեն տվյալ ընկերության համար: Տեսեք, այդ վարկերը տրամադրվում էին անտոկոս, որի միջոցները կուղղվեին աշխատավարձին եւ հարկերին, բայց, եթե ընկերությունը չէր աշխատել, ապա նրա հարկային բեռն այդքան էլ շատ չէր լինելու, բնականաբար բանկի տոկոսը փոքր էր լինելու որպես հարկերին ուղղվելիք, իսկ աշխատավարձներն էլ այդքան էլ մեծ բաժին չին կազմում: Եթե ընկերությունը չի աշխատում, ինքը ավելի շատ պետք է կառավարությանը ձեռք մեկներ աշխատողներին չազատելով եւ աշխատավարձ վճարելով: Այսինքն՝ բիզնեսի մեծ մասը իր կապիտալացրած գումարների հաշվին է դա արել, նախկինում տնտեսած գումարների հաշվին են իրենց աշխատողներին աշխատավարձ վճարել ու աշխատանքից չազատել:

Բայց, պետք է ասեմ, որ շատերը սխալ հասկանալով կամ ճիշտ չընկալելով էին դիմել այդ ծրագրերին, որովհետեւ, մտածել էին, թե այդ վարկային աջակցությունը չվերադարձվող վարկ է եւ այդ հույսով էին դիմել: Եվ հետո, բանկերի կողմից էլ շատ սահմանափակումներ են եղել, որովհետեւ բանկն էլ իր ռիսկն էր գնահատում. որ ոլորտը համարվել է ռիսկային, անկախ նրանից՝ դրա որ մասը պետությունը կսուբսիդավորեր եւ կերաշխավորեր, բանկերը զերծ մնացին այդ ոլորտը վարկավորելուց, որովհետև իրենք գումարի վերադարձելիության խնդիր են տեսել:

Հետեւաբար, չէ՞ր նշանակում, որ ծրագրերը պետք է նաեւ հասցեական լինեին, որպեսզի միայն բանկի հայեցողությանը չմնար: Օրինակ՝ տուրիզմի ոլորտը ռիսկային էր համարվում, որովհետեւ միջազգային մասնագետների կանխատեսումներով այն 2021 թվականից շուտ ուշքի չի գալու: Փոխարենը տուրօպերատորները կառավարությանը խնդրում էին ինչոր ժամանակով ազատել հարկային պարտավորություններից, որպեսզի վերապրոֆիլավորվեն եւ փորձեն գոնե ներքին տուրիզմով զբաղվել:

-Մեր գործող օրենսդրությամբ՝ թե՛ արտագնա, թե՛ ներքին տուրիզմը ավելի մեղմ հարկային բեռի տակ է գտնվում, քան՝ ծառայության այլ ոլորտներ, քանի որ ներքին տուրիզմն ինքնին ազատված է ԱԱՀ-ից: Ճիշտ կլինի, որ տուրիզմի ոլորտին որոշակի արտոնություններ տան: Բայց այսօր կառավարությունը հետեւյալն է ասում՝ ունի լուրջ խնդիր թե՛ արտաքին եւ թե՛ ներքին պարտքերը փակելու, քանի որ, ինչպես տեսանք, սոցիալական ծախսերի կրճատում տեղի չունեցավ 2020 թվականի բյուջեի ծրագրով: Ուստի այդ ծախսերի կատարման խնդիր կար: Եթե պետությունը հարկային արտոնություններ շռայլեր, ապա այդ ծախսերի տակից չէր կարող դուրս գալ եւ նորից արտաքին պարտքը պիտի ավելացվեր, այդ առումով, ես կարծում եմ, որ որոշումը ճիշտ էր:

Տուրընկերությունները պետք է իրենց բիզնեսի ուղղվածությունը փոխեն ու փորձեն ներքին տուրիզմը զարգացնել, ինչի պահանջարկն այսօր կա, մինչեւ կբացվի արտագնա տուրիզմը:

Կարծում եք կորոնավիրուսի պայմաններում, երբ մեր երկրում օրական 350-450 դեպք է արձանագրվում, մարդիկ ռիսկի կդիմե՞ն ու կգնա՞ն հանգստանալու, էլ չասած, որ այդ ոլորտում մրցակցությունը շատ մեծ է լինելու՝ հաշվի առնելով, որ գրեթե բոլոր տուրօպերատորները փորձում են ներքին տուրիզմով զբաղվել:

– Այս տարի ներքին տուրիզմի աճը միանշանակ է լինելու, քանի որ այն քաղաքացիները, որոնք պլանավորում էին այլ երկրներում հանգստանալ, կա՛մ այդ գումարները չեն ունենալու, կա՛մ այդ երկրները մեզ համար փակ են լինելու: Այսօր շատ երկրներ ընդունում են զբոսաշրջիկներ, բայց պայմանով, որ որոշ ժամանակահատվածով պետք է զբոսաշրջիկն ինքնամեկուսացվի: Ամեն քաղաքացի չէ, որ այդ պայմաններով կգնա: Այդ զբոսաշրջիկն իր հանգիստը փոխարինելու է Հայաստանի տարածքով եւ դրանով աճ ենք ունենալու:  Եթե ծառայություն իրականացնող ընկերությունները մասնագիտանան ներքին տուրիզմով եւ նորմալ ծառայություն ապահովեն, գոնե այս ընթացքում պահպանման ծախսերը կարող են հոգալ, չեմ ասում, որ մեծ շահույթ կունենան, բայց գոնե սնանկացման եզրին չեն հայտնվի:

Հակաճգնաժամային ծրագրերի վերաբերյալ այն խնդիրներին, որոնք բիզնեսի ներկայացուցիչները, տնտեսագետները, այդ թվում եւ Դուք, բարձրաձայնում էիք, կառավարությունն ականջալուր եղա՞վ: Ի՞նչ խնդիրներ կան, որոնց լուծումներ այդպես էլ չտրվեցին:

– Այդ առաջարկների հիման վրա հիմնականում ծրագրերը փոփոխվել են թե՛ վարկերի տրամադրման առումով, թե՛ միջոցառումների մեջ այլ ոլորտներ ներգրավելով: Վերջերս էկոնոմիկայի նախարարության հետ առցանց հանդիպում ունեցանք, որը վարում էր նախարարը: Երկու ծրագիր ներկայացրինք, որն առաջարկում էինք փոփոխման ենթարկել, մոտ օրերս կքննարկենք ու կարծում եմ, լուծում կստանա: Օրինակ՝ կան միկրոձեռներեցներ, որոնք նախորդ տարի միկրոձեռներեցներ չեն եղել եւ այս տարի են բացվել: Նրանք դուրս են մնացել աջակցման ծրագրերից: Մյուսը՝ եթե ընկերությունը հակաճգնաժամային ծրագրով դրամաշնորհ է ստանում իր աշխատակիցներին չազատելու եւ աշխատավարձի ֆոնդը չնվազեցնելու համար, դրանք համարվում են չհատուցվող ակտիվներ եւ հարկման ենթակա են: Այսինքն՝ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունները որոնք օգտվել են 5-րդ միջոցառման ծրագրից եւ 18-րդ միջոցառման ծրագրից, նրանք այդ ստացված դրամաշնորհից պետք է տարվա վերջում հարկ տան: Առաջարկել ենք, որ այդ ակտիվը, որը ստացվել է կորոնավիրուսի շրջանակներում, Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարվի եւ այդ եկամուտները չհարկվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930