Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել մի շարք պետությունների, նաև Արցախի Հանրապետությանը՝ դեպի Հայաստան օգնության կարգով համակարգի կառավարչական աշխատանքների կազմակերպման փորձառու մասնագիտական խմբեր գործուղելու խնդրանքով. ՀԴԿ

Հունիս 01,2020 17:54

Մինչ անտեսանելի վարակը կհասներ Հայաստան, թվում էր՝ երկրի դռներն ամուր փակելու և դրա տարածումն արագ կասեցնելու բոլոր հնարավորությունները կան: Սակայն երկրի օդային դարպասները բաց մնացին այնքան ժամանակ, մինչև որ Երևանում և Էջմիածնում վարակի օջախներ բռնկվեցին: Համակարգի ուշացած միջոցառումները չկանխեցին դրա շղթայական տարածումը երկրով մեկ: Անվերահսկելի տարածման օջախներ դարձան արտադրական ձեռնարկությունները, որտեղ վարակված անձը վարակում է ընտանիքի անդամներին, հարևանին, բարեկամին, խանութի աշխատողին և, հետո, բուժանձնակազմին: Պատճառը՝ ախտորոշման ժամկետների լավագույն դեպքում 4-7 օրվա ուշացում, թեստավորման ենթակա ընտանիքի անդամների հերթագրում, արտադրամասում մեկ հիվանդի առկայության դեպքում ամբողջ կոլեկտիվի մեկուսացման և տոտալ թեստավորման բացակայություն և այլն:

Արդյունքում, առողջապահական համակարգը, որն առանց այն էլ չէր փայլում բուժօգնության աշխատանքների կազմակերպմամբ, կանգնած է կոլապսի ենթարկվելու վտանգի առաջ:

Բժիշկների, բուժքույրերի, սանիտարների, շտապ օգնության անձնակազմի հերոսական, անձնազոհ աշխատանքը ստվերվում է համակարգի կառավարչական անարդյունավետ, ուշացած գործողություններով:

Ստեղծված տագնապալի իրավիճակում անհրաժեշտ ենք համարում.

  • Կառավարության անունից պաշտոնապես դիմել մի շարք պետությունների՝ Չինաստանին, Ռուսաստանին, Վրաստանին, նաև՝ Արցախի Հանրապետությանը՝ դեպի Հայաստան օգնության կարգով համակարգի կառավարչական աշխատանքների կազմակերպման փորձառու մասնագիտական խմբեր գործուղելու խնդրանքով:
  • Պարետատան կողմից ամբողջական վերահսկողություն սահմանել արտադրական կոլեկտիվների նկատմամբ, կորոնավիրուսի ախտորոշման մեկ դեպքի պարագայում կանգնեցնել արտադրությունը, թեստավորել կոլեկտիվի մյուս անդամներին, համապատասխանաբար բուժման կամ ինքնամեկուսացման ուղարկելով վարակակիրներին: Միայն այսկերպ հնարավոր կլինի կանխել վարակի շղթայական տարածումը:
  • Սեղմ ժամկետում բոլոր բուժհիմնարկներին ապահովել արդյունավետ թեստերի խմբաքանակով՝ բացառելով անհարկի հերթերի գոյացումը:
  • Ամփոփել և կիրառել այն երկրների փորձը, որոնք առանց պատվաստման, համապատասխան դեղորայքով, բուսական ծագման պրեպարատներով, վիտամիններով արդյունավետորեն կարողացել են բարձրացնել բնակչության իմունային համակարգի դիմադրողականությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
  • Պարետատան որոշմամբ արգելել բնակչության տեղեկատվական ահաբեկումն ընդհանրապես, օրինակ՝ կորոնավիրուսի «հնգամյա» տևողության սպառնալիքով: Եթե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չգիտի, որ վախը և խուճապը սթրես են առաջացնում, զրկում են մարդուն լավատեսական տրամադրությունից և, որպես արդյունք, առաջացնում դիմադրողականության անկում, ստիպված ենք հորդորել պարետին զրկել նրան բնակչությանը «խորհուրդներ» տալու իրավունքից:
  • Երևանի պետական բժշկական համալսարանի ղեկավարությանը թախանձագին խնդրում ենք վերաբացել համաճարակաբաններ, վարակաբաններ պատրաստող ֆակուլտետը՝ համոզված լինելով, որ նախկինում գործող սանիտարա-համաճարակաբանական համակարգի վերականգնման անհրաժեշտությունը հրամայական է և այսօր, և վաղը:

Համոզված ենք, որ միայն առողջ հասարակական մթնոլորտի, հանրային համերաշխության պայմաններում է հնարավոր հաղթահարել ցանկացած  վտանգ, առավել ևս՝ այսպիսի անհայտ վարակ, ինչպիսին COVID-19-ը:

Չվարակվելու լավագույն պաշտպանիչ միջոցը կարող է լինել պատասխանատու, արհեստավարժ, փորձառու, բարդույթներից զուրկ իշխանությունը, ինչին դեռ կարոտ ենք:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930