Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Ոստիկանության մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն էր: Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ 700 ոստիկանների են կրթելու, հոկտեմբերից կսկսեն ուսումնական գործընթացները:
Դասընթացներից հետո ոստիկանները հարցազրույց կտան, որին կմասնակցի անգամ հոգեբան, իր պրոֆիլով հարցեր կտա, որից հետո նոր միայն լավագույնները կանցնեն աշխատանքի:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ անընդհատ աչքը չեն դնելու ուրիշ երկրների հաջողությունների վրա, մերը պետք է ավելի լավը լինի, մեր ոստիկանության սպառազինությունը պետք է ավելի լավը լինի, իսկ նոր համազգեստով ոստիկանները պետք է լինեն հայ մարդու կերպարի մեջ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս օրինագծի ընդունումից եւ ի կատար ածելուց հետո էականորեն կբարձրանա ոստիկանության նկատմամբ վստահությունը եւ ոստիկանությունը կլինի միջանկյալ օղակ, շատ գործեր չեն հասնի դատարան:
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց. «Ամեն մարդ չի կարող աշխատել ոստիկանությունում: Ինչպես տիկին Գրիգորյանն ասաց, մեզ պետք են խիզախ, արդար, դինամիկ, աշխատասեր, կրթված երիտասարդներ: Համակարգը մարդիկ են, եթե մենք լավագույն զենքն առնենք, լավագույն մեքենան, լավագույն արտահագուստը, տեխնիկական միջոցներով հագեցնեք, բայց հին ոստիկանները, որոնք արդեն իրենց վարկաբեկել են, նորից ներթափանցեն այդ համակարգ, մենք պռավալ ենք տալու սա: Եթե մենք չհաջողենք կրթական համակարգում՝ մենք տապալելու ենք: Պետք է կրթության վրա մաքսիմալ ուշադրություն դարձվի»:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւս դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ