Արդեն հասանելի է երգչուհի Եվա Եգանյանի նոր տեսահոլովակը: Aravot.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ երաժշտությունը գրել է դեռևս 2012 թ.-ին՝ Եղիշե Չարենցի «Էլի գարուն կգա» տաղի հիման վրա: «Որպես ստեղծագործող, այս երգը ժողովրդական ժանրում գրված իմ առաջին գործն էր: 2017թ.-ին երգը զետեղվել է իմ առաջին համանուն ձայնասկավառակում: Իսկ այժմ տեսահոլովակի միջոցով ուզում եմ երգս երկար ապրի: Աշխատել եմ պրոֆեսիոնալ թիմի հետ: Երգը գործիքավորել է Խաչիկ Սահակյանը, նվագակցել են հայտնի և տաղանդավոր երաժիշտներ, տեսահոլովակը նկարել է Հայկ Ալեքսանյանը»,-հայտնեց Եվա Եգանյանը: Նաեւ հավելեց, որ սա իր 8-րդ անհատական տեսահոլովակն է, բայց ունի նաև շատ տեսահոլովակներ՝ զուգերգերով և խմբակային կատարումներով:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է աշխատում կորոնավիրուսի շրջանում, նաեւ խնդրեցինք պատմել ֆեյսբուքյան ուղիղ միացումներով կատարումների մասին:
«Շատ դժվար է այս օրերին աշխատել, որովհետև փակ են համերգասրահները, ճանապարհները` դեպի արտասահման: Փորձել եմ իմ լսարանի հետ կապվել, երգել և փոքր-ինչ բարձրացնել իրենց տրամադրությունը ֆեյսբուքյան միացումների միջոցով: Մասնակցել եմ տարբեր կայքերի կողմից կազմակերպված առցանց համերգներին: Անգամ ծննդյանս օրը առցանց դիմավորել եմ իմ սիրելի լսարանի հետ՝ ֆեյսբուքում ուղիղ միացմամբ փորձելով իմ երգերով բարձրացնել իմ և ունկնդրիս տրամադրությունը»,-ասաց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են համերգներ, հյուրախաղեր, որ հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով: «Շատ համերգներ, ինչպես նաև մենահամերգներ են հետաձգվել կորոնավիրուսի պատճառով: Հետաձգվել են նաև մի շարք հյուրախաղեր դեպի Գերմանիա, Նիդերլանդներ, Հունաստան, Ռուսաստան և Իսպանիա»,-հայտնեց երգչուհին, որի նպատակն է՝ իրագործել բոլոր հետաձգված համերգները, նոր երգեր և տեսահոլովակներ պատրաստել սիրելի հանդիսատեսի համար:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ