Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ախտահանման աշխատանքներ են ընթանում: Այդ առիթով ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանն Aravot.am-ին ասաց. «Քանի որ առջեւում ամփոփիչ քննությունների շրջանն է եւ հանձնաժողովների անդամներն ու ուսանողները պետք է ներկա լինեն zoom հարթակում, նաեւ ուսանողների բավականին ակտիվ շարժ է զգացվում ինստիտուտում՝ կապված ավարտական աշխատանքների հանձնման, ընթերցարանից օգտվելու կամ իրենց ղեկավարների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու հետ, որոշեցինք ապահովության համար մեր միջոցներով ախտահանման աշխատանքներ կազմակերպել գլխավոր մասնաշենքի միջանցքներում ու այն հատվածներում, որտեղ ակտիվությունը համեմատաբար շատ է լինելու: Սրան գումարած, ընդունելության քննությունների հետ կապված դիմորդներ են գալիս բուհ: Նրանք իրենց հետաքրքրող որոշ հարցեր են ունենում եւ դրանց պատասխաններն ինստիտուտից ստանալու կարիք ունեն:
Կապված ընդունելության քննությունների կազմակերպման հետ, մենք նաեւ ախտահանման եւս մի փուլ ենք անցկացնելու, այս անգամ՝ մարզադահլիճներում: Հայտնի է, որ կառավարության որոշմամբ այս տարի լինելու է մասնագիտական մեկ քննություն: Մեր ինստիտուտի պարագայում դրանց վայրը մարզադահլիճներն են:
Մենք այս ամենն անում ենք կորոնավիրուսի տարածումը ինստիտուտում կանխարգելելու, պրոֆեսորադասախոսական կազմի, բոլոր աշխատակիցների, ուսանողների եւ դիմորդների առողջությունը չվնասելու համար»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ