Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գրիգորյանը պատասխանում է հրապարակմանը, թե ամերիկացի հարկատուների փողերով ՀՀ-ում առողջապահական նորություններով հակասական կայք է ֆինանսավորվում, որը տարածում է «չափազանց վտանգավոր» ապատեղեկատվություն COVID-19-ի մասին

Հունիս 01,2020 15:48

OpenDemocracy-ն պարզել է, որ ամերիկացի հարկատուների փողերով Հայաստանում առողջապահական նորություններով հակասական կայք է ֆինանսավորվում, որը տարածում է «չափազանց վտանգավոր» ապատեղեկատվություն COVID-19-ի մասին։

ԱՄՆ-ում և Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի փորձագետները դատապարտել են այս բովանդակությունը, որը ի թիվս այլ պնդումների ներկայումս մշակվող պատվաստանյութերն անվանում է «կենսաբանական զենք»: Ըստ Տաթեւ Հովհաննիսյանի հոդվածի խմբագրված և թարգմանված տարբերակի, որը հրապարակել է https://media.am/ կայքը. «Կայքը՝ Medmedia.am, բացվել է 2019-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո բազմացող ծայրահեղ պահպանողական խմբերի ֆոնին։ Հիմնադիրը հայկական ՀԿ է, որը ղեկավարում է հակա-ԼԳԲՏ տեսակետներով և ծայրահեղ աջ շրջանակներում կապեր ունեցող հայտնի մի բժիշկ։

Medmedia.am-ը հիմնադրվել է անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ՀԿ-ներին տրվող Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Այս դրամաշնորհների նպատակն է «նպաստել ժողովրդավարությանը», և դրանց չափսը կարող է հասնել տարեկան $50,000-ի։

Մայիսին Medmedia.am կայքի ամենակարդացված էջը հայերին կոչ էր անում «հրաժարվել բոլոր [COVID-19-ի] պատվաստումային ծրագրերից”։ Էջը 131,000 դիտում է ունեցել և 28,000 հավանում սոցիալական ցանցերում (3 միլիոնանոց երկրի համար սրանք մեծ թվեր են)։

Երկրորդ ամենաընթերցված նյութը սխալ պնդում էր անում այն մասին, թե դիահերձարանները 100,000 դրամ են առաջարկել մահացած պացիենտների ընտանիքներին, եթե նրանք փաստաթուղթ ստորագրեն, որ մահվան պատճառը COVID-19-ն է եղել։

Ամերիկացի բժիշկ, իմունիզացիայի փորձագետ և ռոտավիրուսի (մինչև 5 տարեկան երեխաների մոտ փորլուծության հիմնական պատճառներից մեկը) դեմ պատվաստանյութի համահեղինակ Փոլ Օֆիթը OpenDemocracy-ին ասաց․ «Ես կարծում եմ, որ այս ապատեղեկատվությունը չափազանց վտանգավոր է»։

Հայաստանի իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը զգուշացրեց, որ «նման ապատեղեկատվությունը կարող է վատթարացնել COVID-19 վարակները»։

Նրանք, որոնք տարածում են այս կեղծ պնդումները ճգնաժամի պայմաններում «փորձում են քաոս սերմանել», ասաց Սահակյանը, «և պատվաստանյութի մշակումից շատ ավելի շուտ արդեն կրճատել դրա պահանջարկը»։

«Նման ապատեղեկատվությունը կարող է վատթարացնել COVID-19 վարակները»

Մայիսի 28-ի դրությամբ Հայաստանն ունի կորոնավիրուսի շուրջ 8,200 դեպք։ Բայց այս թիվը գրեթե քառապատկվել է մայիսի սկզբի 2,200 դեպքերի համեմատ։ Վարակի դեպքերը աճում են, և մայիսի 25-ին երկիրը գրանցեց մեկ օրում ռեկորդային՝ 452 նոր դեպք։

Պաշտոնյաները վախենում են, որ դավադրության տեսությունները կարող են խոչընդոտել COVID-19-ի դեմ պայքարին և բնականոն իրավիճակի վերականգնմանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ «եթե հակապատվաստումային արշավը շարունակվի նույն տեմպերով, Հայաստանը այն կքրեականացնի»:

Գայանե Սահակյանը հավելեց, որ 2019-ին արդեն արձանագրվել է մանկական պատվաստումների մակարդակի անկում․ դեռ մինչև կորոնավիրուսի համավարակի սկսվելը երկրում տարածվում էին հակապատվաստումային տեսությունները:

«Սա պետք է սթափեցնող կոչ լինի»

Medmedia.am կայքի ներքևի հատվածում նշված է, որ այն «ֆինանսավորվել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի հանրային կապերի բաժնի դրամաշնորհի միջոցով», բայց որ դրա հոդվածները «պարտադիր չի, որ արտացոլեն» ԱՄՆ կառավարության տեսակետները:

Երևանում ԱՄՆ դեսպանատունը հաստատեց, որ Medmedia.am-ը «ստեղծվել է» անցյալ տարի տեղական ՀԿ-ին տրված դրամաշնորհի շրջանակներում: Բայց դեսպանատունը չհաստատեց դրամաշնորհի ստույգ չափսը և չմեկնաբանեց կայքում հրապարակվող ապատեղեկատվությունը:

Medmedia.am-ը հրապարակում է հոդվածներ, տեսահոլովակներ և հարցազրույցներ տարբեր թեմաներով, այդ թվում՝ սնունդ, ատամների առողջություն և այլն։ Սակայն կայքում չեն նշվում դրա խմբագիրների և թղթակիցների անունները, քիչ հոդվածներում են նշվում հեղինակների անունները, և որևէ այլ ֆինանսավորման աղբյուր չի բարձրաձայնվում։

Կայքի ամենահաճախ հանդիպող նյութերը հեղինակային կարծիք արտահայտող հոդվածներն են, որոնց մեծ մասը ֆեյսբուքյան գրառումների վերատպումներ են (ինչը հաճախ է հանդիպում հայկական ԶԼՄ-ներում):

Անցած մեկ ամսվա ընթացքում Medmedia.am-ը վերահրապարակել է նմանատիպ տասնյակ գրառումներ՝ տարածելով սխալ կամ չհաստատված տեղեկություն COVID-19-ի կամ պատվաստանյութերի մասին։ Այս հոդվածներն ուղեկցվում են լուսանկարներով, վերնագրերով և հրապարակվում են «Med Media»-ի անվան տակ:

Կայքի էջերի ներքևում տեղադրված են ֆեյսբուքյան բնօրինակ գրառումների հղումները, ինչից պարզ է դառնում, որ դրանցից շատերը նույն մարդիկ են գրել։ Պարզ է դառնում նաև, որ Medmedia.am-ի շնորհիվ նրանք շատ ավելի մեծ ուշադրություն են գրավել, քան կկարողանային միայն Ֆեյսբուքում:

Վերոհիշյալ ամենակարդացված նյութը սոցիալական ցանցում ուներ ընդամենը 129 հավանում, մինչև որ Medmedia.am-ը այն վերատպեց՝ ապահովելով 131,000 դիտում:

ԱՄՆ-ում գործող First Draft News ՀԿ-ի տնօրեն և ապատեղեկատվության փորձագետ Կլեր Ուորդլը ասաց․ «Ոչ մի արդարացում չկա մասնագիտացված «լրատվական կայքի» համար նմանատիպ տեսություններ տարածելու համար […] Մարդիկ առավել հակված են հավատալ սրան և կիսվել ուրիշների հետ, քանի որ նրանք կարծում են, որ տեղեկությունը ստուգվել է «պաշտոնական աղբյուրի» կողմից»:

Ուորդլը նշում է, որ ԱՄՆ կառավարությունը կարծես թե «աշխարհով մեկ աջակցում է տեղեկատվական նախաձեռնությունների՝ համապատասխան վերահսկողություն իրականացնելու կարողություն չունենալով»:

«Այս օրինակը պետք է սթափեցնող կոչ լինի․ վտանգավոր դավադրությունները և բամբասանքները տարածվում են տարբեր մարդկանց կողմից, և զգոն լինելու կարիք կա»։

ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհը ստացած և Medmedia.am-ը հիմնած ՀԿ-ն կոչվում է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա: Այն հիմնադրվել է երիտասարդ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի կողմից:

Անցյալ տարի նա սխալ պնդում էր անում, որ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը (որը, ի թիվս այլ բաների, պաշտպանում է կանանց արգանդի վզիկի քաղցկեղից), նախատեսված է գեյերի համար, և որ դրա կողմնակի ազդեցությունը քաղցկեղի տարածվածությունից ավելի վտանգավոր է:

Սոցիալական ցանցերում Գրիգորյանն ասել է, որ «վառել ա պետք [գեյերին], ու հրապարակային կերպով» և որ նա միշտ կլինի «այն մարդկանցից մեկը, ով կպայքարի միասեռամոլության դեմ»։

Գրիգորյանը կապված է նաև հայաստանյան ծայրահեղ աջ ակտիվիստների հետ: Վերջերս նա ստեղծել է մի նոր ՀԿ, որի համահիմնադիրներից է ծայրահեղ աջ ՎԵՏՈ շարժման անդամը (ՎԵՏՈ-ն ստեղծվել է անցյալ տարի՝ 2018-ի հեղափոխությունից հետո):

2019-ին Գրիգորյանը հիմնել է նաև Հայկական առողջապահական ազգային խորհուրդը, որը նույնպես արշավ է անցկացնում պապիլոմավիրուսի պատվաստանյութի դեմ և կոչ է անում քաղաքացիներին դիմադրել դրա «տարածմանը»:

Աջակցություն ԱՄՆ-ից և փողեր Եվրամիությունից

Այս խորհուրդը նույնպես արտասահմանյան ֆինանսավորման շահառու է: Այն ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի նախագծի գումարներով, որը որպես իր նպատակ նշում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միավորումը և հանրային քաղաքականության վրա դրանց ազդեցության մեծացումը։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը openDemocracy-ին ասաց, որ այս նախագծից գրեթե €10,000 մեկ այլ ՀԿ-ի կողմից հատկացվել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային՝ այն խմբին, որը ստեղծել է Medmedia.am-ը և գումարներ է ստացել է նաև ԱՄՆ-ից:

ԵՄ պատվիրակությունից նշեցին, որ այս ասոցիացիան 14 տեղական այլ խմբերի հետ միասին հետագայում հիմնել են Հայկական առողջապահական ազգային խորհուրդը, որը «ուղղակիորեն չի ֆինանսավորվել ԵՄ կողմից» և որի դիրքորոշումը պատվաստումների վերաբերյալ «մշակվել է ԵՄ կողմից տրված դրամաշնորհից շատ ավելի ուշ»։

«ԵՄ-ն իր ֆինանսավորման միջոցով պատասխանատվություն չի ստանձնում իր դրամաշնորհների շահառուների արտահայտած կարծիքների համար», – ասաց պատվիրակությունը՝ ավելացնելով, որ «խստորեն հետևում է» COVID-19-ի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին, և որ աշխատում է նաև ապատեղեկատվությունը զսպելու ուղղությամբ:

Երևանում ԱՄՆ դեսպանատնից ասացին, որ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային տրված դրամաշնորհը նախատեսված էր Հայաստանում առողջապահության թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական հասարակության մոնիթորինգի բարձրացման, ոլորտում «կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» համար:

Դեսպանատնից ասացին, որ Medmedia.am կայքը «ստեղծվել է որպես նախագծի բազմաթիվ բաղադրիչներից մեկը և տեղադրում է հիմնականում պաշտոնական նորություններ, ի լրումն տարբեր կարծիքներ արտահայտող նյութերի և հարցազրույցների»:

Դեսպանատունը նաև հավելեց, որ այդ կարծիքները չեն արտացոլում ԱՄՆ կառավարության տեսակետները, և որ դեսպանատունը «պարբերաբար իրականացնում է բոլոր դրամաշնորհների մոնիթորինգ` ապահովելու համար, որ նախագծերն ընթանան այնպես, ինչպես նախատեսված է և համաձայն ԱՄՆ քաղաքականության և առաջնահերթությունների»:

OpenDemocracy-ի հետ զրույցում Գևորգ Գրիգորյանը նույնպես հաստատեց, որ Medmedia.am կայքը «ստեղծվել է ԱՄՆ դեսպանության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում»:

Նա չպատասխանեց իր նախորդ հակա-ԼԳԲՏ հայտարարություններին և ծայրահեղ աջ կապերին վերաբերող հարցերին: Medmedia.am-ի մասին նա ասաց․ «Մեր կայքում տեղադրված նյութերի բովանդակությունը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ, բայց որպես լրատվամիջոց, մենք պարտավոր ենք լուսաբանել ինչպես քաղաքացիական հասարակության կարծիքը (անկախ բովանդակությունից և կարծիքների համընկնումից), այնպես էլ լիազոր մարմնի կարծիքը»:

Գրիգորյանն ավելացրեց՝ հակասելով Medmedia.am-ի որոշ ամենակարդացված հոդվածներին․ «Մեր կայքը նաև պատրաստ է համագործակցել և իրականացնել ծրագիր, որը միտված կլինի պատվաստումների տարածվածությունը մեր երկրում բարձրացնելուն»:

Գեւորգ Գրիգորյանն այսօր պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասված է. «Այսօր, ինչպես և նախատեսված էր, ավարտվեց իմ ղեկավարած «Առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում ոլորտային ՔՀԿ-ների հզորացման և հանրային վերահսկողության խթանման միջոցով» ծրագիրը (այսուհետ Ծրագիր), որը իրականացվում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանատանը ցուցաբերած աջակցության համար, քանի որ ծրագրի շրջանակներում մեր աշխատանքային թիմը կարողացավ գրանցել հետևյալ արդյունքները՝

• Իրականացնել սեմինարներ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար

• Կատարել մեր երկրի առողջապահության ոլորտը կարգավորող օրենքների և որոշումների վերլուծություն , ինչպես նաև կատարել միջազգային փորձի վերլուծություն, որը նաև տպագրվեց առանձին ձեռնարկի տեսքով

• ՀՀ Ազգային Ժողովը ընդունեց մեր աշխատանքային թիմի կողմից մշակած օրենսդրական փոփոխությունների 21 առաջարկներից կազմված փաթեթից 9 փոփոխությունները

• Ծրագրի շրջանակներում ստեղծվեց առողջապահական տեղեկատվական հարթակ, որը ինչպես և ծրագրում նախատեսված էր, ծառայեց ոլորտի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների ձայնը լսելի դարձնելու նպատակին

Ծրագիրը հաջողվեց: Հաջողված կոմպոնենտներից մեկն է medmedia.am տեղեկատվական հարթակի ստեղծումը: Այն իր գոյության 9 ամիսների ընթացքում այնքան կայացավ, որ արժանացավ այնպիսի միջազգային հեղինակավոր հանդեսների անդրադարձին, ինչպիսին են «The Guardian»-ը կամ «Open Democracy» տեղեկատվական հարթակը: Հայաստանում իրականացվում են բազմաթիվ և շատ ավելի խոշոր դրամաշնորհային ծրագրեր, սակայն չեմ մտաբերում, որ այդ ծրագրերից որևէ մեկի մասին տեղեկատվություն տարածվի նշածս հարթակներում: Տարօրինակ է այն փաստը, որ վերը նշված լուրջ հարթակներում տեղ է գտել իմ տված հարցազրույցից ընդամենը մի քանի նախադասություն, որոնք կոնտեքստից կտրված են:

Անդրադառնալով medmedia.am կայքին վերաբերվող հոդվածին, պրն Գրիգորյանը մասնավորապես նշում է. «Տարակուսելի է, որ «Open Democracy» հարթակը պարզաբանելով, որ նյութ են գրում «Հայաստանի պատասխանը COVID-19» թեմայով, բացարձակապես չի անդրադարձել Հայաստանում հիվանդացության բարձր ցուցանիշներին, ՀՀ կառավարության կողմից համավարակին անլուրջ վերաբերմունքին, կորոնավիրուսի դեմ պայքար սկսելու և ուժգնացնելու հանրության կոչերին, վարչապետի և առողջապահության նախարարի անլուրջ հայտարարություններին, սակայն հոդվածում մեծ դեր է տրվում Ծրագրի շրջանակներում ստեղծված կայքին, որում ամիսներ շարունակ հրապարակվում էին նյութեր, որոնց բովանդակությունը պետք է սթափեցման կոչ լիներ առողջապահության նախարարի և վարչապետի համար»:

Անդրադառնալով իրեն վերաբերող տեղեկատվությանը՝ Գեւորգ Գրիգորյանը նշում է. «Ինձ ներկայացված Կորոնավիրուսի և medmedia.am կայքի մասին պատրաստվող նյութում՝ անհասկանալի կերպով մեծ դեր է հատկացվել իմ անձին, իմ հայացքներին, իմ կապերին և շրջապատին՝

– Ես հարգում եմ ավանդական հայկական ընտանիքը և համարում եմ, որ հենց հայկական ավանդական ընտանիքն է հանդիսանում մեր երկրի ամրության միավոր: Հավանաբար իմ պահպանողական և Քրիստոնեական սկզբունքային արժեքներն են դրդել «Open Democracy»-ի և «The Guardian»-ի լրագրողներին, որպեսզի ինձ ներկայացնեն, որպես հոմոֆոբ: Նրանք նույնիսկ փորձել են, որպես ապացույց մեջբերել և քաղաքական երանգ տալ 6 տարի առաջ ֆեյսբուքում առկա գրառումը, որը կոնտեքստից կտրված է: Սակայն ապարդյուն, որովհետև ինձ համար սեռական կողմնորոշումը չի կարող համարվել առավելություն:

– Ինձ «աջ-ծայրահեղական» քաղաքական ուղղություն են փորձել վերագրել, սակայն հավանաբար տեղեկացված չեն, որ ես չեմ հանդիսանում որևէ քաղաքական կուսակցության անդամ: Չեմ ուզում անդրադառնալ այն հանգամանքին, որ փորձ է կատարվել ներքաշել իմ շրջապատը կամ իմ ընկերներին այս զավեշտալի պատմության մեջ, քանի որ անհիմն տեղեկությունները մեկնաբանության կարիք չունեն:

– Ինչ վերաբերվում է «Covid-19 փաստահավաք խմբում» իմ գործունեությանը, ապա դա բացառապես փորձագիտական գործունեություն է և չունի որևէ քաղաքական հիմք կամ հենք:

Ես քաջ գիտակցում եմ այս ամենի պատճառահետևանքային կապը՝ սա ուղղված է իմ անձի երկամյա քննադատական գործունեության և «Covid-19 փաստահավաք խմբի» գործունեության դեմ, քանի որ ներկայացվող և դեռ չներկայացված, բայց արդեն իսկ կուտակած փաստերը իմ գնահատմամբ հանդիսանալու են այս արշավը ուղղորդող առողջապահության նախարարի (և ոչ միայն) քրեական պատասխանատվության փաստական հիմքերը: Մեր երկրում այլակարծությունը միշտ եղել է և կմնա ու գլոբալիստների կողմից «լիբերալ ավտորիտարիզմի» հաստատում ես թույլ չեմ տա: Ինձ լռեցնել չի ստացվի:

Ցավալի է, բայց այսօր «լիբերալ ավտորիտարիզմի» բացասական կողմերը ազդում են ոչ միայն իմ անձի կամ Ծրագրի շրջանակներում ստեղծված կայքի, այլ նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության և ԱՄՆ դեսպանատան կառուցողական համագործակցության վրա, քանի որ նման միջազգային հոդվածներով իրականացվող ճնշումները զանազան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մտածելու առիթ են տալիս՝ արդյո՞ք պետք է մասնակցել ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերին և իրականացնել ծրագրեր, եթե հետագայում ծրագրի արդյունավետ իրականացման համար պախարակման փորձեր են արվելու և դրսևորվելու է խիստ անհանդուրժողականություն այլակարծության վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930