Լրահոս
Օրվա լրահոսը

Դավթյանը ՄԻԵԴ որոշումն «իրենց օգտին» է համարում, իսկ Քոչարյանի պաշտպանների վարքագիծը՝ պաշտպանական իրավունքի չարաշահում

Հունիս 01,2020 15:15

«ՔԿՀ-ներում գտնվող եւ առողջական խնդիրներ ունեցող կալանավորները կարո՞ղ են օգտվել նման հնարավորությունից, ընտրողաբար մոտեցման խնդիր կա՞ այստեղ»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ նկատի ունենալով վարչական դատարանի այն որոշումը, որով մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը մինչեւ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ավարտը կմնա բժշկական կենտրոնում:

Արթուր Դավթյանը պարզաբանեց, որ Քոչարյանի պաշտպանի՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության դեմ ներկայացված այդ հայցի պահանջն է եղել՝ մինչեւ արտակարգ դրության ավարտը Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունում թողնելը. «Ձեր վկայակոչած ակտը ոչ թե դատարանի կայացրած վերջնական ակտ է, այլ հայցի ապահովման միջոց, որը կիրառել է դատարանը: Որպես հայցի ապահովման միջոց՝ սահմանել է, որ մինչեւ արտակարգ դրության ավարտը Ռոբերտ Քոչարյանը չի տեղափոխվի ՔԿՀ: Այս վարույթի կողմերը պաշտպանն են եւ քրեակատարողական ծառայությունը: Օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում, բայց բովանդակային առումով իմ համոզմունքն այն է, որ դատախազը պետք է մասնակցի նման վարույթներին: Ձեր նշած հայցի վերաբերյալ դատախազությունում դեռեւս առարկություն չի կազմվել, հուսամ՝ այսօր կստանանք, կծանոթանանք հիմնավորումներին եւ քրեակատարողական ծառայության հետ կքննարկենք հետագա անելիքները»:

Արուսյակ Ջուլհակյանը ճշտեց՝ այսինքն, չի բացառվո՞ւմ, որ այդ որոշումը կբողոքարկվի: Արթուր Դավթյանը պատասխանեց. «Իհարկե, չեմ բացառում»:

Ապա Դավթյանն անդրադարձավ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքին, որը Քոչարյանի պաշտպանները որպես իրենց բարձրաձայնած խնդիրների ամրագրում են որակում:

Դավթյանը նկատեց, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը հստակ է. «Առաջադրված չորս հարցերից երկուսին չի պատասխանել ՄԻԵԴ-ը` դրանք համարելով վերացական, տեսական: Երկու հարցերի առնչությամբ էլ աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարեն առաջադրված մեղադրանքի հետադարձ ուժի կանոնը եւ իրավական որոշակիությունը: Հստակ մատնանշել է, որ կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում չի տեսնում: ՄԻԵԴ-ի որոշումն ակնհայտ վկայությունն է մեր նախկինում հայտնած դիրքորոշումների, եւ սահմանադրական դատարանը պետք է անդրադառնա սրան, արձանագրի՝ հետադարձ ուժը կիրառելի է, թե ոչ»:

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հետաքրքրվեց՝ տեւական ժամանակ է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով նիստերում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պարբերաբար նրան կալանքից ազատելու միջնորդություններ են ներկայացնում, ինչի պատճառով գործընթացը ձգձգվում է. «Գործի քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու համար դատախազությունն ի՞նչ է անում»: Արթուր Դավթյանը նախ ընդգծեց. «Որոշումներ կայացնողը դատարանն է: Արդեն մեկ տարի է, որ ընթանում է գործը, եւ գրեթե ամեն նիստում պաշտպանների կողմից խափանման միջոցի փոփոխության միջնորդություն է ներկայացվում: Այդ գործով դատախազներն ասում են, որ ներկա փուլում, երբ դեռ ապացույցները չեն հետազոտվել, կան ռիսկեր՝ ամբաստանյալի պատշաճ վարքագծի վերաբերյալ, հետեւաբար՝ կալանքը կիրառելի է: Քանի դեռ դատաքննության փուլի չենք անցել, այդ ռիսկերի վերանալու մասին խոսք չի կարող լինել: Պաշտպանական կողմի նման վարքագիծը պաշտպանական իրավունքի ակնհայտ չարաշահում է: Գտնում ենք, որ դատարանը բոլոր հիմքերն ունի՝ այս հիմնավորմամբ որոշ դատավարական գործողություններ սահմանափակելու եւ ապացույցների հետազոտմանն անցնելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ ՀՀ գլխավոր դատախազը մեղադրանքի կողմում՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930