Aravot.am-ը դժգոհություններ է ստացել սփյուռքյան տարբեր համայնքներից, որ Հայաստանում բանասիրական, հատկապես հեռակա կրթություն ստացած որոշ ուսուցիչներ պատշաճ չեն տիրապետում հայերենին: Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից, հետաքրքրվեցինք ինչպես են նրանք սովորում եւ քննություններ հանձնում:
«ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում այս պահին սովորում է 4 սփյուռքահայ ուսանող՝ ԱՄՆ-ից, Արգենտինայից, Լիբանանից եւ Իսրայելից: Նրանցից 3-ն իրենց համայնքներում հայտնի ուսուցիչներ են և ունեն մանկավարժի զգալի փորձ։
Այդ ուսանողների ուսումնառությունը հիմնականում իրականացվում է հեռավար ձևաչափով, սակայն ամփոփիչ քննությունների ընթացքում՝ տարին 1-2 անգամ, նրանք գալիս են Հայաստան և մասնակցում ուսումնական գործընթացին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը:
Ըստ նրա, սփյուռքահայ ուսանողները, մանկավարժականի, և ոչ միայն մանկավարժականի շրջանավարտները, մասնակցում են նաև Հայաստանում արդեն 2 տասնամյակից ավելի իրականացվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին: Իսկ դրանք, նրա խոսքերով, հիմնականում, հատկապես վերջին տարիներին, մեծ հաջողությամբ իրականացնում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը: Այդ ծրագրին ամեն տարի մասնակցում է հեռավոր և մոտակա սփյուռքից մոտ 80 ուսուցիչ:
Կարդացեք նաև
Ավելի ուշ կփորձենք մեկնաբանություն ստանալ նաեւ ԵՊՀ-ից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աշոտ Գալստյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից