Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հարցին՝ հաշվի առնելով, որ վարչապետն իր ընտանիքի հետ վարակվել է կորոնավիրուսով, իսկ այս ընթացքում ձեր խմբակցության անդամների հետ շփում է եղել, նիստեր եք անցկացրել, բոլորը թեստավորվելո՞ւ են, մեկուսանալո՞ւ են, թե՞ ոչ՝ պատասխանեց, որ այդ մասին տեղեկացել է լիագումար նիստից առաջ. «Նախորդ քառօրյային վարչապետը եղել է այստեղ ու աշխատակազմն ու առողջապահության նախարարությունը պետք է ասի: Դիմակով բոլորս նստած ենք եղել, պետք է որ խնդիրներ չառաջացնի: Եթե նախարարությունը գտնում է, որ անհրաժեշտ է, որ մենք հանձնենք թեստեր՝ կհանձնենք»:
Մակունցն ասաց, որ քննարկում են հեռավար նիստեր անցկացնելու հարցը, այս պահին կան խոչընդոտներ, բայց, իհարկե, աշխատանքը չեն դադարեցնի:
Հարցին՝ Հրաչյա Հակոբյանը կոնտակտավոր է եղել, ինչո՞ւ մեկուսացված չի՝ նա պատասխանեց՝ պիտի արձանագրի ինչ-որ մի բան, նոր դրանից հետո կոնտակտավորները մեկուսանան եւ այլ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն: Դիտարկմանը, որ վարչապետն էլ ասիմպտոմ էր, ախտանշաններ չուներ, բայց հիվանդ է՝ նա պատասխանեց. «Խուճապ չտարածենք»:
Հարցին՝ խիստ սահմանափակումների անհրաժեշտություն կա՞, թե՞ չկա՝ Մակունցը պատասխանեց, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, պարետը հայտարարություն կանի:
Կարդացեք նաև
Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանն անհանգիստ էր, որովհետեւ, օրինակ, Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ սուրճ էր խմել: Մինչդեռ, երբ Aravot.am-ը Մարուքյանին հարցրեց՝ չի՞ թեստավորվելու, նա պատասխանեց, որ Փաշինյանի հետ սուրճ խմելուց հետո արդեն 14 օր անցել է, այսինքն, զուր են անհանգստանում իր համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ