Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի նախկին պաշտոնյան 111 մլն դոլարի ակտիվների է տիրապետում. հետաքննություն

Հունիս 01,2020 14:35

Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի երեխաները 111 մլն դոլարի ակտիվներ և էլիտար անշարժ գույք ունեն Լոնդոնում, այդ թվում 21 մլն դոլարի առանձնատուն: Այս մասին հայտնի է դարձել OCCRP-ի, Finance Uncovered-ի և Transparency International-ի համատեղ հետաքննության արդյունքում:

2019թ. նոյեմբերին մի խումբ ցանցահեններ կոտրել էին Մեն կղզու Cayman National Bank-ի տվյալների բազան: Լրագրողները վերլուծել են այդ տվյալները և հաճախորդների ցանկում հայտնաբերել ադրբեջանցի նախկին պաշտոնյային:

Ըստ հետաքննության, անշարժ գույքը և ակտիվները գրանցված են Մահմուդովի որդու և դստեր՝ Անարի և Նարգիզի անուններով:

Ընկերության փաստաբանը OCCRP-ին հայտնել է, թե գումարը, որով գնվել է անշարժ գույնը և հիմնվել բիզնես, նրանց է փոխանցվել իրենց նախնիից՝ Ասլան Աշուրով անունով, որն ապրել է 19-րդ դարում, իսկ միջոցների մի մասն էլ ՝ ընտանեկան խնայողություններ են:

Լրագրողները փորձել են բացահայտել Աշուրովների ընտանիքի հետ տոհմաբանական կապը, բայց նրանց չի հաջողվել, ինչպես և չի հաջողվել պարզել, թե ինչ կարողություններ է ունեցել Մահմուդովը՝ նախքան 1990-ականներին պաշտոն ստանալը: Նախկին նախարարի պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ ինքը ծնունդով գյուղական ընտանիքից է, իսկ նրա 90-ականների բանկային հայտարարագրերում նշված է, որ այդ գումարները նա ինքն է վաստակել:

Բանկի ներքին փաստաթղթերում երևում է 2016թ. հաշվետվություն, որում կասկածի տակ է դրվել որոշ դրամական գործարքների օրինականությունը, ինչպես նաև հարց է արծարծվել Մահմուդովներին պատկանող Britannia Group Ltd ընկերության հետ առնչվող որոշ ընկերությունների մասին: Ավելի ուշ բանկն այդ տեղեկատվությունը փոխանցել է կղզու ֆինանսական հետաքննությունների բաժին: Արդյոք որևէ հետաքննություն անցկացվել է՝ հայտնի չէ:

Էլդար Մահմուդովը 1980-90-ականներին աշխատել է Ադրբեջանի ՆԳՆ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում: 2004թ. նշանակվել է Ազգային անվտանգության նախարար, իսկ 2015թ. ազատվել է այդ պաշտոնից:

Մահմուդովի հեռացման վարկածներից մեկն այն է, որ նա գլխավորել է նախարարության մի քանի աշխատակիցներից բաղկացած հանցավոր խմբավորում, որը զբաղվել է ձեռնարկություններին շանտաժի ենթարկելով և ռեկետներով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930