Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներառական ընտանիքի» հիմնադիր. «Ասում էին՝ մի կողմ տարեք ձեր այլանդակին, թույլ չէին տալիս իմ տղայի հետ խաղալ»

Հունիս 01,2020 14:15

Ինքնամեկուսացման ընթացքում շատերը գիտակցեցին, թե որքան դժվար է սահմանափակ տարածքում զբաղվել երեխայի կրթական և ստեղծագործական զարգացմամբ, եւ հատկապես կարանտինի շրջանում շեշտադրվեցին առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընտանիքների խնդիրները:

Բելառուսի ընտանեկան ներառական «i» թատրոնի գեղարվեստական ղեկավար Իրինա Կիսելյովան «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած տեսակամրջի ժամանակ նշեց, որ որպես թատրոն իրենց համար շատ բարդ է եղել հարմարվել ստեղծված իրավիճակին: Ասաց, որ որպես ներառական թատրոն 41 ներկայացում էին խաղացել, եւ ավելի քան 16000 հանդիսատես տոմսեր էին գնել: Այնպես որ, երեխաները վարժվել էին բեմի վրա լինելուն:

Տիկին Կիսելյովան հայտնեց, որ իրենց ներառական թատրոնում 130 երեխա կա, որոնցից 43-ը աուտիզմ եւ այլ խնդիրներ ունի: Իհարկե, կարեւորելով երեխաների առողջությունը՝ իրենք այժմ առցանց աշխատանքի են անցել, որը սակայն, նրա խոսքերով, ոչ բոլոր երեխաներին է մատչելի: «Ներկայացումներում ընդգրկված երեխաներից միայն տասն է կարողանում առցանց ռեժիմով աշխատել»,-փաստեց նա: Նաեւ նշեց, որ չնայած կարանտինային պայմաններին՝ նոր ներկայացում են պատրաստում, երաժշտություն են հորինել, սցենար ստեղծել, առցանց փորձեր են իրականացնում. «Առցանց ներառական թատրոն ունենալը Բելառուսի համար առաջին փորձն է… Ամեն դեպքում, չկա չարիք, առանց բարիքի, գոնե ինչ-որ բան սովորեցինք՝ իրավիճակից դրդված»,-ժպտաց նա, բայց նաեւ նկատեց, որ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ, շատ բարդ է առանց անմիջական շփման ապրելը:

Երեւանից հեռուստակամրջին միացած «Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը նշեց, թե կցանկանար, որ Հայաստանում եւս երեխաների համար ներառական թատրոն լիներ, քանի որ ինքը եւս աուտիզմ ունեցող երեխայի մայր է, որի որդին սիրում է ստեղծագործական աշխատանք:

Կլինիկական հոգեբան, առանձնահատկություններ ունեցող երեխաների զարգացման մասնագետ Անահիտ Հայկազունին ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում չկա առցանց ներառական թատրոն: Ասաց, որ որպես հոգեբան ուսումնասիրել է, թե ինչպես են այս օրերին անցկացվում առցանց պարապմունքները առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ ու պարզել, որ այդ կերպ հնարավոր չէ լիարժեք բավարարել երեխաների պահանջմունքները, քանի որ առցանց պարապմունքները չեն կարող փոխհատուցել երես առ երես անցկացվող պարապմունքները:

Անահիտ Հայկազունին նշեց, որ համավարակի շրջանում շատ կարեւոր է կապ պահել երեխայի ծնողների հետ: Ասաց նաեւ, որ շեշտը դնում են հատկապես ծնողի աշխատանքի վրա, որովհետեւ այս շրջանում աշխատանքի բոլոր իրավունքները փոխանցված են ծնողներին, քանի որ մասնագետը չի կարող ամեն վայրկյան այցելել երեխային եւ անմիջական կապի մեջ լինել: «Եվ եթե ծնողը զգացմունքային առումով փակ լինի, երեխան եւս տագնապներ կունենա, երեխան ամեն ինչ զգում է»,-կարծիք հայտնեց մասնագետը:

Աննա Գրիգորյանը խոսեց ծանր աուտիզմ ախտորոշում ունեցող իր որդու մասին, որի հետ դժվարին ճանապարհ է անցել: Հիշեց, թե ինչպես էին Մոսկվայում ապրելու տարիներին բակում զբոսնելիս մարդիկ խորշում իր տղայից. «Ասում էին՝ մի կողմ տարեք ձեր այլանդակին, ծնողները թույլ չէին տալիս իրենց երեխաներին իմ տղայի հետ խաղալ»: Հիշեց, թե ինչպես էին մասնագետները հրաժարվում աջակցություն ցուցաբերել, անգամ ծանոթներն էին հրաժարվում շփվել, քանի որ իրենց ընտանիքում լրիվ այլ իրավիճակ էր, իրենք ընդունված կաղապարներով չէին շարժվում:

«Մեկուսացման մեջ ապրելը շատ ծանր է, հատկապես եթե դա հոգեբանական մեկուսացում է: Այդ ամենի միջով անցանք, մինչեւ գտանք մարդկանց, որոնք զբաղվում էին նման երեխաների զարգացմամբ: Մեծ հաշվով, մենք կոփվեցինք այս ամենում, եւ որպես ծնողներ՝ այժմ կարանտինը հեշտ ենք հաղթահարում: Մեր խնդիրն է այլ ծնողների էլ սովորեցնել՝ զարգացնել սեփական երեխաների կարողությունները, որովհետեւ կյանքում ամեն ինչ հնարավոր է պատահի, եւ չի կարելի անընդհատ կախված լինել մասնագետներից:

Բարեբախտաբար, այգի ունենք, ծառեր ենք տնկում, պարում ենք, նկարում ենք…Տղաս տասնինը տարեկան է, նրա հետ անում ենք ամեն ինչ, անում ենք հաճույքով եւ պատրաստ ենք դրանով «կիսվել » տեսահոլովակի միջոցով ուրիշների հետ: Եթե բոլոր ընտանիքները այսպես կարողանային աշխատել, իրենց երեխաների խնդիրները քիչ կլինեին: Ծնողները պետք է մասնագետներից սովորեն, թե ինչպես նման իրավիճակում ուղիներ գտնեն՝ երեխայի ստեղծագործական կարողությունների զարգացման համար»,-իր փորձը ներկայացրեց «Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիրը, որն արդեն ութ տարի է, ինչ իր փորձով օգնում է այլ ընտանիքների:

Թբիլիսիից «Սերաֆիմ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Լիա Սերգեևան նշեց. «Իմ երեխան եւս խնդիրներ ունի, ինչպես մտավոր, այնպես էլ հենաշարժողական, մենք ստեղծագործական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատում ենք՝ ինչպես օնլայն, այնպես էլ օֆֆլայն: Քանի որ ինքնամեկուսացման իրավավիճակում է մեր ընտանիքը, որոշակի լարվածություն կա, այժմ միայն ինքներս մեզ կարող ենք օգնել: Մեր ընտանիքը բազմանդամ է, ավագ դուստերս եւս ներգրավված են իմ որդու զարգացման աշխատանքներում, մեկը խաղում է նրա հետ, մյուսը երգեր է սովորեցնում կամ օգնում շարժվել: Բարեբախտաբար, մեր տունը սեփական է, կարող ենք զբոսնել մեր բակում, վայելել ծաղիկների բույրը:

Ես չեմ լսել, որ վերականգնողական կենտրոնները Վրաստանում անցած լինեն առցանց աշխատանքի: Իմ երեխայի հետ աշխատում են ոչ վրացական վերականգնողական կենտրոնի մասնագետներ»:

Լիա Սերգեևան հավելեց, որ պատրաստվում են առցանց վերականգնողական կենտրոն բացել. «Անկախ նրանից, թե ինչ է սպասվում մեզ ապագայում՝ մասնագետները պետք է հասանելի լինեն ծնողին եւ ընտանիքին: Երեխան կարող է նույնիսկ այլ երկրում գտնվել, բայց շարունակի հանդիպել իր սիրելի բժշկի կամ մանկավարժի հետ առցանց»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930