Քրեական ենթամշակույթը բացասական ազդեցություն է ունենում արդեն իսկ կատարված հանցագործությունների բացահայտման վրա, եւ վերջերս ընդունված՝ քրեական ենթամշակույթ ստեղծելն ու դրան հարելը քրեականացնող օրինագիծն ունենալու է նախեւառաջ լուրջ գաղափարախոսական ազդեցություն: Այս մասին այսօր ԱԺ նիստում դատախազության 2019թ.-ի տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա վստահ է, որ այդ օրենքը նոր սերնդի դաստիարակության գործում էլ անգնահատելի արժեք է ունենալու:
«Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ երբ ամիսներ առաջ այս օրենքն ընդունվում էր, ընդդիմադիր խմբակցությունները կիրառության հետ կապված կասկածներ ունեին, հիմա ի՞նչ արդյունքի մասին կարելի է փաստել:
Արթուր Դավթյանը նախ շեշտեց, որ քրեական ենթամշակույթը փնջային դրսեւորում ունի, այսինքն՝ որեւէ խնդրի դեպքում անձը դիմում է քրեական աշխարհում հեղինակություն ունեցողին, նա էլ հարցի «լուծողն» է, որի ընթացքում կան հավաքներ կազմակերպողներ: Դավթյանը հիշեցրեց՝ օրերս հրապարակում եղավ նման փնջային սխեմայի բացահայտման մասին. «Տասը անձի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում, իսկ ավելի լուրջ դերակատարներից հինգը կալանավորվել է: Այդ դեպքից բացի, ունենք եւս հինգ քրեական գործ՝ այդ հանցակազմերի շրջանակում, եւ այդ գործերով եւս օպերատիվ աշխատանքների շնորհիվ կլինեն արդյունքներ: Իմացեք, որ այդ բացահայտման դեպքի համար երկու ամիս անքուն գիշեր են անցկացրել օպերատիվ աշխատողները»:
Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ քրեական ենթամշակույթ կոչվող արատավոր երեւույթն արմատախիլ անելու հարցում խիստ եւ հետեւողական են լինելու:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ