Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանի պաշտպանը զարմացած է իր պաշտպանյալի նկատմամբ ԱԱԾ-ի հետաքրքրությամբ

Հունիս 01,2020 13:50

«Դավիթ Սանասարյանի գույքերի նկատմամբ հետաքրքրությունը այն աստիճանի է եղել, որ նույնիսկ 2013 թվականին մեքենայի առքուվաճառքի վերաբերյալ տեղեկություն են կցել գործին»,-այսօր դատարանում ռեպլիկ նետեց ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:

Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի և նրա ընկեր Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը: Դատարանն ապացույցների հետազոտության փուլում է: Մոտ երկու ժամ տեւած նիստում դատավոր Դավիթ Բալայանն ուսումնասիրում էր գործում առկա փաստաթղթերը եւ քանի որ ուսումնասիրվող փաստաթղթերը գործի ելքի համար ապացուցողական նշանակություն չունեին, կողմերը հայտարարություններ չարեցին:

Միայն մի դրվագով հայտարարություն արեց Դավիթ Սանասարյանի պաշտպանը, որը վերաբերում էր 2013 թվականին Դավիթ Սանասարյանի մեքենայի առուծախի գործարքին: Պաշտպանի վրդովմունքը զարմացրեց դատավորին: Վերջնս հետաքրքրվեց`անօրինակա՞ն կերպով են փաստաթղթերը ներկայացվել: Պաշտպանը բացատրեց, որ դա պարզապես ցույց է տալիս, որ «ԱԱԾ-ն սովորականին չնմանվող մոլությամբ է փորձել Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություններ հավաքել»: Նման խորությամբ գործի պաշտպանն իր պրակտիկայում չէր հանդիպել:

Պաշտպանի այս դիտարկումները դուր չեկան մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանին: Նա հակադարձեց` պաշտպանը վարույթն իրականացրած մարմնի հասցեին ոչ կառուցողական հայտարարություններ է անում: «Բոլոր ամբաստանյալների վերաբերյալ նման տեղեկություններ հանված են: Հավաստիացնում եմ, որ գործի ամբողջականությունն ապահովելու նպատակով այդ գործողությունները բոլոր քրեական գործերով կատարվում են: Պարոն Սարդարյանի անձնական խնդիրն է, որ ինքը դրանց նախկինում չի հանդիպել, գուցե ԱԱԾ-ի հետ կապված գործեր չի ունեցել»: «Այսինքն՝ բոլոր գործերով մեքենաների առուծախի 10 տարվա գործարքները դնում եք գործի մե՞ջ»,- շարունակեց Դավիթ Սանասարյանի պաշտպանը: Դատավորն ընդհատեց բանավեճը:

Հիշեցնենք, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել հեմոդիալիզի հայտնի գործով: ՀՀ քննչական դեպարտամենտում ՊՎԾ նախկին պետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 308 հոդվածի առաջին մասով`պաշտոնական լիազորությունների չարաշահում: Դավիթ Սանասարյանն ի սկզբանե պնդում էր, որ «Նոր Հայաստանում» իր նկատմամբ որոշ տեղերից կազմակերպվեց շինծու մեղադրանքով գործ, որն աղերս չունի իրականության հետ:

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 23-ին, 10.30-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930