«Նախկին օմբուդսման Կարեն Անդրեասյանն օրերս հայտարարեց, որ ներկայումս քննվող մի շարք քրեական գործերն ու լրատվական-քաղաքական մանիպուլյացիաները կապակցված են, այսինքն՝ կառավարելի են մի անձի կամ մարմնի կողմից: Նա հիմնավոր կասկած է հնչեցրել, որ ՀՀ-ում հեղափոխությունից առաջ եւ հիմա, թեեւ փոքր ծավալով, բայց գործում է մի հանցավոր համագործակցություն՝ մաֆիա: Անդրեասյանի հայտարարությունը քրեական գործ հարուցելու առիթ չէ՞»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Արթուր Դավթյանը նկատեց՝ հայտարարության հեղինակը վերլուծություններ է արել արդեն իսկ հայտնի տեղեկությունների հիման վրա, ոչ թե նոր փաստեր է ներկայացրել. «Իսկ հանցավոր համագործակցություն հասկացողությունը հստակ սահմանում է քրեական օրենսգիրքը: Դրա հատկանիշներից մեկը կազմակերպվածության բարձր մակարդակն է, իսկ նպատակը՝ տեւական ժամանակ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը: Վստահ ասեմ, որ որոշակի քրեական գործերով մեր ձեռքբերած տվյալները եւ դրանցով նաեւ իմ կողմից հանձնարարված ստուգողական միջոցառումների արդյունքները մեզ բավարար հիմք են տալու` որոշ քրեական գործերով արդեն իսկ հետապնդման ենթակա անձանց մեղադրանքի ծավալում նաեւ հանցավոր համագործակցություն ստեղծելու իրավիճակը ներգրավելու համար»:
Շարունակելով խոսել գործող քրեական վարույթների մասին՝ գլխավոր դատախազը շեշտեց. «Բոլոր այն դեպքերում, երբ կա հանցավոր գործունեության իրականացման տեղայնություն, սխեմատիկ բնույթ, ծանր հանցագործությունների շղթա, անձանց արարքներն իրավական գնահատականի ենթարկվեն նաեւ հանցավոր համագործակցություն ստեղծելու տիրույթում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ