«Ասելիքս մեր նիստերի ճակատագրին է վերաբերում: Պաշտոնապես հաստատվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքով վարակված է կորոնավիրուսով: Դա նշանակում է, որ վարչապետն օրեր առաջ կամ նույնիսկ շաբաթներ առաջ եղել է վարակակիր, եւ նրա հետ շատերն են շփվել»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց անկուսակցական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ «Օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված՝ վերցրեցի, Մարուքյանը սուրճ էր խմում նրա հետ, եւ ձեզանից շատերն էլ, իմ հարգարժան «իմ քայլ»-ականներ, վստահ եմ՝ կոնտակտի մեջ եք եղել նրա հետ: Մեզանից շատերը կոնտակտավորներ են: Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,-հարցադրում արեց Ուրիխանյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Նախկինում ձեր հարցին մոտավորապես պատասխանել եմ, թեեւ հանգամանքներն այլ էին: Մի անգամ էլ կպատասխանեմ, բայց՝ առիթի դեպքում»:
Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ժամանակին բարձրաձայնում էր, որ ԱԺ նիստ անելով՝ նպաստելու են կորոնավիրուսի տարածմանը, Արարատ Միրզոյանն էլ հակադարձել էր՝ խորհրդարանն աշխատանքը չի կարող դադարեցնել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ