«Մենք գտնում ենք, որ օրինագիծը հակասահմանադրական է եւ խնդրահարույց: Չենք մասնակցելու քվեարկությանը, որպեսզի մեր ձայներով չապահովենք դրա անցնելը: ԲՀԿ-ին էլ կոչ եմ անում չմասնակցել, որովհետեւ իրենք էլ են դեմ արտահայտվել»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխությունների օրինագծի առաջին ընթերցման քվեարկությունից առաջ:
Հիշեցնենք՝ այս օրինագծով սահմանվում է արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի շարունակականության հարցը եւ այն, որ արտակարգ/ռազմական դրությամբ պայմանավորված՝ նշանակված հանրաքվեն չեղարկվում է:
Ապա արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով, որ ԲՀԿ-ն քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում է վերցնում:
Ընդմիջումից հետո օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը «կողմ» քվեարկեց 83, եւ «դեմ»՝ 16 պատգամավոր:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն առաջարկել է երկրորդ ընթերցումը կազմակերպել 24 ժամում: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Քիչ առաջ ԱԺ-ն կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքին: ԱԺ լիազորությունները սահմանված են սահմանադրությամբ, որում հանրաքվեն հետաձգելու մասին մեկ դրույթ կա: Հանրաքվե չեղարկելու դրույթ չկա: Նույն տրամաբանությամբ ԱԺ-ն հիմա կարող է քվեարկել եւ չեղարկել, ասենք, հունիս ամիսը կամ Նոր տարին: Այդ պատճառով ԲՀԿ-ն դեմ է քվեարկել՝ քաղաքական դիրքորոշում հայտնելով»:
Արարատ Միրզոյանը հունիս ամիսը չեղարկելու առնչությամբ կատակեց. «Սպասում ենք ձեր օրինագծին»:
Ապա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Բոլոր օրենքները միտված են քաղաքացուն ծառայելուն: Այս օրինագիծն այն մասին է, որ կորոնավիրուսի պայմաններում հանրաքվե անցկացնել եւ քաղաքացիների կյանքը վտանգել հնարավոր չէ, ուստի կարիք կա չեղարկելու հանրաքվեն: Եթե ընդդիմադիրների մտավախությունն այն է, որ այս օրինագծից հետո մենք քայլեր ենք ձեռնարկելու՝ գործող ՍԴ-ն համապատասխանեցնելու 2015թ.-ի սահմանադրությանը, ապա ասեմ՝ այո, մենք դա անելու ենք»:
Հիշեցնենք, որ կառավարությունը ՍԴ ճգնաժամի լուծման տարբերակ է մտածել: Ուշագրավ է, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր հերթին շեշտեց, որ հանրաքվեին առնչվող այս օրինագիծը ՍԴ-ի ճգնաժամի հետ կապ չունի:
Հետո օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը փաստեց, որ սրանով ԱԺ-ի համար որեւէ լիազորություն չի ավելացվում. «Եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, մայր օրենքները պետք է դառնան Աստվածաշունչ, այսինքն՝ չպետք է փոփոխվեն, մինչդեռ ԱԺ-ն իր ընդունած որոշումները փոփոխելու իրավունք ունի, եւ այս օրինագծով այդ հնարավորությունն է տրվում»:
Այնուհետեւ օրինագիծը հրատապության ռեժիմով քվեարկության դնելուն «կողմ» քվեարկեց 83, «դեմ»՝ 16, եւ «ձեռնպահ»՝ 1 պատգամավոր, այսինքն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա 24 ժամում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Չկայացածների չարաճճի խաղերը՝ պետության հաշվին: