Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակ չեք կորցրել և հանձնարարել եք ոչ միայն ստուգել, այլ շատ արագ հրապարակել, որ մարդիկ մոռանան Ղալումյաններին և զբաղվեն իմ անձնական կյանքով. Անի Սամսոնյանի պատասխանը վարչապետին

Հունիս 01,2020 11:26

«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 30-ի համարում հրապարակել էր խմբագրության ստացած անանուն նամակից քաղված տեղեկություններ՝ քաղաքացիական տարբեր գործերի մասին, որոնք գտնվում են դատարանում. «Այդ բոլոր գործերի գլխավոր «հերոսը» ԱԺ նախկին պատգամավոր, Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախկին անդամ Նորայր Մովսիսյանն է: Մեզ ուղարկված նամակում նշված է, որ Նորայր Մովսիսյանը խարդախությամբ խաբել է տարբեր քաղաքացիների եւ ներկա պաշտոնյանների: Նա շատ շատերից մեծ-մեծ գումարներ է վերցրել` ինչ-որ «գործերի» մեջ դնելու համար, այնուհետեւ «անհետացել»` այդ գումարները ըստ էության, գրպանելով: Ի դեպ, Նորայր Մովսիսյանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսինն է: Նրանք տարիներ առաջ ամուսնալուծվել են:

Եվ այսպես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկության, տարիներ առաջ պատգամավոր Անի Սամսոնյանը եւ իր ամուսին Նորայր Մովսիսյանը իրենց մտերիմների հետ հանդիպումներ են ունեցել, ներկայացրել են, թե բիզնես գործունեություն իրականացնելու ծրագիր ունեն, որի համար պետք է ընդամենը գումար ներդնել ու կրկնակի գումար վաստակել: Նորայր Մովսիսյանը հայտարարել է, որ իրենք թրեյդինգով են զբաղվելու: Այսինքն` ներդրումներն ինքն է կատարելու, ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու ու այդպես գումարները իր մոտ է հավաքել: Մովսիսյանի շրջապատի մարդիկ վստահելով նրան, քանի որ վերջինս լինելով Արզումանյանի օգնականը, նախ վստահություն է ներշնչել, ինչպես նաեւ Մովսիսյանը փայլել է իր խելացիությամբ»:

Նորայր Մովսիսյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

«Ժողովուրդը» նշում է, որ Մովսիսյանին չի հաջողվել հասնել հաջողությունների ու նա ստիպված է եղել հեռանալ Հայաստանից՝ ապաստանելով Ռուսաստանում. «Իսկ մարդկանցից հավաքած գումարները անհետ կորել են ու հույս էլ չկա, որ կվերադարձնեն: Մենք տեղեկացանք, որ նախկին օգնականից «տուժածները» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն է, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, ռադիոյի շատ աշխատակիցներ, որոնց հետ ժամանակին աշխատել եւ մտերիմ է եղել Մովսիսյանը, ինչպես նաեւ նախկին ու ներկա խորհրդարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք ժամանակին աշխատել են Մովսիսյանի հետ: Այսինքն` մի քանի տասնյակից ավելի անձինք Մովսիսյանի «զոհն» են դարձել: Մեզ ուղարկված նամակում, մի քանի անգամ շեշտվում է, որ գրեթե բոլոր «գործարքների» ժամանակ անձամբ ներկա է եղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը»:

Նշվում է, որ այժմ քաղաքացիական գործ է ընթանում Հրաչյա Դանիելյանի, Սերգեյ Խաչատրյանի, Տիգրան Ճորոխյանի, հայցերով, որոնք դատարանը բավարարել է դեռեւս 2017 թվականին ու Նորայր Մովսիսյանին պարտադրել է Ճորոխյանին վերադարձնել 7 միլիոն դրամ: Ինչպես նաեւ քաղաքացիական գործով դատական հայց են ներկայացրել նաեւ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն, ինչպես նաեւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, որոնք եւս դատարանը բավարարել է` պահանջելով Մովսիսյանից բռնագանձել «գլորիկ» գումարներ»:

Անի Սամսոնյանն այսօր արձագանքել է այդ հրապարակմանը՝ պատասխանն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, երբ ես Ձեզ հարցրի Ղալումյանների վերաբերյալ առկա հնարավոր կոռուպցիոն գործարքների և նախկինում կատարված չարաշահումների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստեր, Դուք զայրացաք և սպառնացիք հանձնարարել ստուգել իմ ազգականներին։

Այդ հարցուպատասխանից հետո իշխանական պատգամավորին պատկանող օրաթերթում հրապարակվեց հոդված իմ նախկին ամուսնու գործունեության վերաբերյալ՝ շաղախված ստով և փորձ անելով ինձ կապել ինչ-որ գործարքների հետ։ Ըստ էության Դուք ժամանակ չեք կորցրել և հանձնարարել եք ոչ միայն ստուգել, այլև շատ արագ հրապարակել այն, որպեսզի մարդիկ մոռանան Ղալումյաններին և զբաղվեն իմ անձնական կյանքով։ Պետք է ասեմ, որ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք։ Անձնական կյանքիս անհաջողության գործոնով ինձ հեղինակազրկելու Ձեր ջանքերը միայն Ձեր մշակույթի և որակի վաստակն են։ Դրանով ուզում եք ինձ լռեցնել և ճնշել որպես քաղաքական գործիչ։ Ասեմ՝ Դուք լավ չեք ճանաչում Ձեր ընդդիմախոսին։ Ինձ լռեցնելու բոլոր փորձերով վատնում եք Ձեր ժամանակը, որովհետև ես ամեն ինչին պատրաստ եմ եղել և շարունակում եմ մնալ պատրաստ։

Պարո՛ն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ամրություն և խաղաղություն Ձեր ընտանիքին։ Ապաքինվեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930