«Այս ժամին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի՝ իմ թեստը դրական է»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մանրամասնեց, որ որևէ ախտանշան չի ունեցել ու ասաց. «Առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ: Դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով և ամբողջ ընտանիքով, փաստորեն, դրական արդյունք ունենք»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր ընտանիքն էլ որևէ ախտանշան չունի. վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր աշխատանքի ներկայանալուց առաջ, ինչպես կարգն է՝ ջերմաչափվել է, և ջերմություն չի ունեցել:
Խոսելով իր վարակվելու հանգամանքների մասին՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսի վարկած առաջ քաշեց. «Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից: Ես կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել: Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որը տպավորվել է: Իմ մեջ համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված: Խորհրդակցության ժամանակ ջրի բաժակներ են դնում. արձանագրեցի այդ բաժակը առանց ձեռնոց տեղադրելու փաստը: Տեղում նկատողություն արեցի, առաջարկեցի, որ փոխեն. ենթադրում եմ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել: Այդ մատուցողը, որը մատուցում է այդ բաժակը, նրա մոտ հաստատվել է նույնպես դրական»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընտանիքով մեկուսացած են վարչապետի կեցավայրում, և աշխատելու է այնտեղից:
Իսկ վերջում ներողություն խնդրեց առանց դիմակ ուղիղ եթեր մտնելու համար՝ վստահեցնելով, որ մեկուսացած է և բաց տարածքում է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից