Լրահոս
Օրվա լրահոսը

«Վճիռը պարտավորեցնում է վերսկսել քրեական հետապնդում հայատյացության հիմքով որոշում կայացրած պաշտոնյաների նկատմամբ և արդյունքում Ռամիլ Սաֆարովին վերադարձնել բանտ, որ պատժի մնացած մասը կրի»

Հունիս 01,2020 14:00

Ըստ Արա Ղազարյանի՝ սկսվում է հաջորդ փուլը՝ կատարողականը, որն իրավական գործընթաց է, բայց քաղաքական առումով, դա բեռ է լինելու Ադրբեջանի համար, քանի որ տարբեր հարթակներում նրան հիշեցնելու են այս վճռի մասին:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի ներկայացմամբ՝ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճռին հաջորդելու է իրավական, քաղաքական գործընթաց եւ դիվանագիտական աշխատանք: «Առավոտի» հետ զրույցում Արա Ղազարյանն ասաց, որ բոլոր այդ երեք հարթակներում, բնականաբար, վճիռն օգտագործվելու է եւ պարզաբանեց. «Իրավական իմաստով դա նախադեպ է: Օրինակ՝ ենթադրենք, եթե ապագայում միջպետական  գանգատի հարց ծագի Ադրբեջանի հետ, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը ՄԻԵԴ այս որոշումը կվկայակոչի: Եվ որպես կանոն զուգահեռ հարթակներում միջազգային ատյանները հաշվի առնում են, թեեւ իրենց չեն պարտավորեցնում հետեւել այդ դատական ակտին: Սա իրավական առումով կարեւոր հաղթաթուղթ է»:

Արա Ղազարյանը նաեւ հիշեցրեց, այսպես կոչված, փափուկ  օրենքը, երբ շատ հաճախ վճռորոշ են լինում ոչ թե միջազգային կոնվենցիաները, այլ մոնիտորինգ իրականացնող բազմաթիվ կոմիտեների, հանձնաժողովների կանոնակարգեր, տարեկան զեկույցներ, որոնք որպես կարեւոր գործիք՝ դիվանագետները, քաղաքական գործիչներն օգտագործում են:

Արա Ղազարյանը կարեւորեց այն հարցը՝ արդյոք պարիտետ լինելո՞ւ է, թե՞ ոչ եւ նշեց. «Այսօրվա դրությամբ այս վճռով, նաեւ սրանից առաջ Մանվել Սարիբեկյանի վճռով, պարիտետը խախտվել է հօգուտ Հայաստանի, քանի որ ադրբեջանցիները ձգտում են ցույց տալ, որ, դե լավ, մենք ունենք ռասիզմ, դուք էլ ունեք ռասիզմ մեր դեմ, կամ թուրքերի: Կհաջողվի՞ Ադրբեջանին վերականգնել դա իրավական կամ քաղաքական գործընթացով, մենք կտեսնենք, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ բոլոր հայատյացության գործողությունները վերագրվում են ոչ ավել, ոչ պակաս՝ նախագահ Ալիեւին եւ հանրային մարմիններին: Մանվել Սարիբեկյանի գործով վերագրվեց Բաքվի ռազմական ոստիկանությանը, բայց այս դեպքում հենց գլխավոր դերակատարներից երկրորդը նախագահն էր: Եվ ով, եթե ոչ նախագահն է ավելի լավ նույնականացվում հենց պետության, դրա վարած քաղաքականության հետ»:

Արա Ղազարյանը Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը կարեւոր համարեց ու կարծիք հայտնեց, որ գուցե նախագահ Ալիեւը հասկանում է՝ ինքը  սխալ քայլ է կատարել. «Ժամանակավորապես նա ոգեւորեց  ժողովրդին, քաղաքական դիվիդենդներ ստացավ, բայց պատմությունը նոր է սկսվում եւ հիմա պատմությունը չի էլ ավարտվել: Սկսվում է հաջորդ փուլը՝ կատարողականը, որն իրավական գործընթաց է, բայց քաղաքական առումով, դա բեռ է լինելու, քանի որ տարբեր հարթակներում նրան հիշեցնելու են այս վճռի մասին»:

Փաստեցինք՝ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատ արձակելով Ռամիլ Սաֆարովին, եւ հարցրինք՝ վճիռն արդյոք ունի՞ այդպիսի դրույթ, որով հնարավոր է պարտավորեցնել, որ նա կրկին ազատազրկվի, Արա Ղազարյանը պատասխանեց. «Վճիռը նման դրույթ չունի, չի էլ կարող ունենալ: Վճռով միայն արձանագրվում է խախտումը: Բայց դա հիմք է, որ սկսվի գործընթաց, որն արդեն հետեւում է մեկ այլ մարմին՝  Նախարարների կոմիտեն, եւ այդ մարմինն ու պետությունը փոխադարձ պայմանավորվածություն են ձեռք բերում, թե ինչպես պետք է վճիռը կատարել: Բայց  վերահսկում է Նախարարների կոմիտեն: Եթե տեսնում է, որ որեւէ տեղաշարժ չկա այդ առումով, Նախարարների կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ: Բայց կոնկրետ  ինչպես կատարել վճիռը, արդեն տվյալ պետությունն է որոշում: Թեեւ չի բացառվում, որ  տարիներ հետո Նախարարների կոմիտեն որոշի, թե վճիռն ինչպես պետք է կատարի, բայց դա կախված կլինի քաղաքական գործընթացներից, նաեւ մեր դիվանագետների աշխատանքից»:

Հետաքրքրվեցինք՝ այս վճռից հետո ադրբեջանական կողմից ի՞նչ գործընթաց կհետեւի, հնարավո՞ր է հայտարարեն, որ սա լոբբինգի արդյունք է եւ այլն, իրավաբանը պատասխանեց. «Նախեւառաջ, վճռի կատարման համար ներկայացվում է  աշխատանքային պլան Նախարարների կոմիտեին, որը դրվում է քննարկման, այդտեղ առաջին հերթին մեր ներկայացուցչությունը, Նախարարների կոմիտեն պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Բայց վճռի կատարման գործընթացը, որ արդեն հստակ կանոնակարգված է, այդպես չէ. շատ բան կախված է քաղաքական պայմանավորվածությունից: Այնպես որ, դեռ երկար անելիք կա ապագայում այս վճռի կատարման ուղղությամբ»:

Խնդրեցինք նաեւ հստակեցնել՝ այս վճռով Ադրբեջանին ի՞նչ է պարտավորեցվում, Արա Ղազարյանը պատասխանեց. «Պարտավորեցվում է վերսկսել նախեւառաջ քրեական հետապնդում պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք խախտել են արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, քրեական հետապնդում սկսել այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք այդ որոշումը կայացրել են հայատյացության հիմքով, եւ դրա արդյունքում արդեն Ռամիլ Սաֆարովին  վերադարձնել բանտ, որ պատժի մնացած մասը կրի»:

Արա Ղազարյանը հաստատեց՝ այս պահի դրությամբ Հունգարիան դուրս է մնում, բայց հայկական կողմը բողոքարկելու է վճիռը:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այս վճիռը նախադեպային համարել եւ օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում, Արա Ղազարյանը պատասխանեց. «Դա քաղաքական գործընթաց է, քաղաքական հարթակ է, այնտեղ նախադեպ հասկացությունը գոյություն չունի, ավելին, քաղաքական գործիչները շատ հաճախ կոչված են արհամարհելու իրավական գործընթացները կամ թերագնահատելու: Հաճախ ասում են, որ իրավական գործընթացները խանգարում են իրենց հասնել պայմանավորվածության: Բայց մյուս կողմից էլ, երբ պետք է լինում, հենց իրենք էլ վկայակոչում են: Մեր ԱԳՆ-ն արդեն երկու անգամ հայտարարություն տարածեց այս վճռի կապակցությամբ: Քաղաքական գործընթացների առումով սա հիմք չէ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930