Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրավի տակ են մնացել վարելահողերը, տնամերձերն ու ոսկյա զարդերը

Հունիս 01,2020 13:30

Դատական ակտերի հարկադիր կատարման էլեկտրոնային աճուրդում, ի թիվս տարբեր գույքերի, Հայաստանի համայնքներում գտնվող վարելահողեր, տնամերձ ու գյուղատնտեսության նշանակության  հողատարածքներ էլ են աճուրդի հանված։ Կարելի է ասել՝ «ջրի գնով»:

Հարկադիր աճուրդի եղանակով հիմնականում վաճառվում է վարկերի տակ մնացած քաղաքացիների ու բիզնեսների գրավադրած գույքը, որի վաճաքից ստացած գումարներով մարվում է պարտատիրոջ պարտքը: Ճիշտ է հարկադիր էլեկտրոնային աճուրդի հարթակում տվյալ գույքի կամ ապրանքի մեկնարկային գներն են նշված, սակայն դատելով աճուրդին ներկայացված առաջարկների քանակի սակավությունից, դրանք ցածր գներով էլ վաճառվում են կամ՝ այդպես էլ մնում:

Շիրակի մարզի Հացիկ գյուղում սեփականության իրավունքով, վաճառվում է գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ 6900 քառակուսի մետր տարածքով: Հողամասը եղել  է պտղատու այգի, սակայն մշակվում է, որպես վարելահող: Ջրովի է, ունի  ոռոգման համակարգ: Մեկ հեկտարից պակաս այս հողամասի մեկնարկային գինը, ըստ հայտի, 360 հազար 309  դրամ է:

Արտաշատ քաղաքի թաղամասերից մեկում վաճառվում է սեփականության իրավունքով,  տնամերձ հողամաս՝ 435 քմ տարածքով: Առկա է նույնիսկ մեկ հարկանի փոքրիկ բնակելի տուն:  Այս տնամերձի մեկնարկային գինը  494 հազար դրամ է՝ մոտ 1000 դոլար:  Արագածավան գյուղում, հարկադիր աճուրդով վաճառվում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, գյուղատնտեսական նշանակության վարելահող, որն ունի ոռոգման համակարգ: Ընդհանուր մակերեսը՝ 6680 քմ է:  Այն նույնպես հանդիսանում է գրավի առարկա՝ գինը՝  319 հազար դրամ է:

Երեւանից ոչ այնքան հեռու գտնվող Պռոշյան գյուղում  վաճառվում է սեփականության իրավունքով, գյուղատնտեսական նշանակության խաղողի այգի, որի ընդհանուր մակերեսը՝ 2700 քմ է:  Այն վաճառվում է ընդամենը 1 միլիոն 28 հազար դրամով:  Մեկ այլ հայտից էլ տեղեկանում ենք, որ Արագածավան համայնքի Արտենի գյուղում վաճառվում է  գյուղատնտեսական նշանակության վարելահող,  որն ունի ոռոգման հնարավորություն:  3971 քմ տարածք զբաղեցնող վարելահողի մեկնարկային գինը 565 հազար դրամ է: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հարթակից նաեւ տեղեկանում ենք, որ հողատարածքներից հետո ամենամեծ բաժինը գրավադրված բնակարաններինն է՝ այդ թվում եւ առանձնատները:

Հարկադիր աճուրդի են հանված նաեւ այգետնակներ, ավտոտնակներ, պահեստ, վագոն տնակներ եւ այլն:

Շարժական գույքի բաժնում հիմնականում մարդատար ավտոմեքենաներ են վաճառվում, իրոնց մեկնարկային գները 116 հազար դրամից սկսած մինչեւ 4-5 միլիոն դրամ են:

Ոսկյա զարդերի ու ոսկյա ջարդոնի բաժինը եւս ծանրաբեռնված է:

Էլեկտրոնային աճուրդի հանված ապրանքների ցանկից տեղեկանում ենք, որ գրավադրված են եղել ոսկյա մատանիներ, ականջօղեր, շղթաներ, ոսկյա խաչեր, կախազարդեր, ապարանջաններ ու այլ զարդեր:

Այս հարթակում վաճառվում են նաեւ էլեկտրական վառարաններ, ջրի տարա, գործող մեքենաներ, բջջային հեռախոսներ, ալկոհոլային խմիչք, հաստոցներ, արդուկ եւ այլ կենցաղային իրեր:  Անգամ բաժնետոմսեր են աճուրդի հանված: Օրինակ՝ վաճառքի է հանված «Նոր Շինանյութեր» ընկերության կողմից թողարկված թվով 498 հատ հասարակ անվանական բաժնետոմսեր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930