Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության վարչապետը դիմել էր Սահմանադրական դատարան մարտի 6-ին

Հունիս 01,2020 13:00

Ադրբեջանը հայտարարություն էր արել այս պայմանագրի հետ կապված

Մայիսի 5-ին «Առավոտում» տեղեկացրել էինք, որ Սահմանադրական դատարանում մուտք է եղել «Կույրերի, տեսողական հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողական այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների հասանելիությունը դյուրացնելու մասին» պայմանագիրը եւ որ մայիսի  26-ին լսվելու է դրա սահմանադրականության հարցը:

2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում ստորագրված «Կույրերի, տեսողական հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողական այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների հասանելիությունը դյուրացնելու մասին» պայմանագրի դեմ իրենց դիրքորոշումն էին արտահայտել եւ դիմում-բողոք էին ուղարկել ՀՀ սահմանադրական դատարան երկու` «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման եւ «Համայնքների ռազմավարական ծրագրերի» կենտրոնի ղեկավարները: Նրանք կոչ էին արում ՍԴ-ին` հակասահմանադրական հայտարարել այս պայմանագիրը: Ըստ դեմականների. «Վերոհիշյալ համաձայնագրի 4-րդ կետը նախատեսում է հատուկ «լիազորված կազմակերպությունների» «իրավունքը» առանց հեղինակի (իրավատիրոջ) համաձայնության պատճենահանել եւ տարածել հեղինակային նյութի օրինակները հաշմանդամների համար ցանկացած մատչելի ձեւաչափով ուրիշ երկրներում: Նախագծում, երբ այն դեռ e-draft-ում էր, խորամանկորեն չէր գրվել, թե պայմանագրում նշված ձեւաչափերն ինչ ձեւաչափեր են: Սակայն այստեղից հետեւում է, որ դա կարող է լինել նաեւ ամենավտանգավոր էլեկտրոնային ձեւաչափ: Հետաքրքիր է, որ պայմանագիրը չի նախատեսում հատուկ պաշտպանության միջոցներ: Մենք գտնում ենք, որ հեղինակային նյութերի ապօրինի տարածումն այս պայմանագրի վավերացման եւ կիրառման դեպքում անխուսափելի է: Դա հետեւում է հենց համակարգիչների եւ ինտերնետի բնույթից: Բացի դրանից, ապօրինի պատճենահանման վրա բռնված հաշմանդամը, առողջ հանցագործի համեմատ, ունի ավելի մեծ շանսեր պատասխանատվությունից խուսափելու, հեղինակային իրավունքը խախտելու համար, քանի որ հաշմանդամներին խղճում են»:

ՍԴ-ն յոթ դատավորների մասնակցությամբ գրավոր ընթացակարգով լսել է այս պայմանագիրը: Զեկուցողն էր դատավոր Ա. Պետրոսյանը: Կառավարության ներկայացուցիչն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Մարգարյանը:

Ըստ զեկուցողի, Հայաստանի Հանրապետությունը ստանձնել էր հետեւյալ պարտավորությունները. հեղինակային իրավունքը կարգավորող ՀՀ օրենսդրութամբ նախատեսել վերարտադրման իրավունքի, տարածման իրավունքի եւ հանրությանը մատչելի դարձնելու իրավունքի սահմանափակում, կամ բացառությունը, ինչը նախատեսված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի պայմանագրով, դյուրացնելու ստեղծագործությունների մատչելի ձեւաչափով մատչելիությունը շահառուների համար:

«Այնքանով, որքանով Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս շահառուին, նրա անունից գործող անձին կամ լիազոր անձին պատրաստել մատչելի ձեւաչափով օրինակներ, երաշխավորել, Հայաստանի Հանրապետության անունից թույլատրել առանց իրավատիրոջ համաձայնության, ներմուծել օրինակներ շահառուների համար», նաեւ խրախուսել տեղեկատվության կամավոր փոխանակումը, լիազոր մարմինների միջեւ` մեկը մյուսին նույնականացնելու նպատակով:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ահազանգը հենց այս մասին էր. նախագծի նպատակն է ստանալ տեղեկություններ ցանկացած գրքից, որը համացանցում կամ ազատ վաճառքում բացակայում է, դրանով նրանք,  ավելի դյուրացված եղանակով, որպես առերեւույթ գործակալներ, հաշմանդամներին կօգտագործեն ցանկացած գիրք հեշտ եղանակով ստանալու համար:

Սա այն դեպքում, երբ այդպիսի իրավունքը չի տրվում նորմալ տեսողություն ունեցող մարդկանց,  ինչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է:

Ի դեպ, տեղեկացանք, որ Ադրբեջանն այս պայմանագրին միանալու ժամանակ հայտարարություն է արել: Ըստ գործում առկա նյութերի, ՀՀ ԱԳՆ-ն առաջարկում է պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնել, կամ հաստատել Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ Հայաստանի Հանրապետության հետեւյալ հայտարարությամբ. «Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ եւ անհիմն մեղադրանքներ` ուղղված Հայաստանի Հանրապետությանը, եւ խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության ժողովրդի` մարդու իրավունքների եւ ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով»:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ջանքեր գործադրել պաշտպանելու շահառուների անձնական տվյալների անձեռնմխելիությունը, ինչպես մյուսներինը` հավասար հիմունքներով:

Սահմանադրական դատարանը որոշեց, որ Մարաքեշի պայմանագիրը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը: Այն ուժի մեջ մտավ հրապարակման պահից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930