Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Կլիմտի հայտնի գործը վերադարձվեց բնորդուհու զարմուհուն

Հունիս 01,2020 12:30

Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարի յուրահատուկ պատմությունը

Գուստավ Կլիմտի՝ աշխարհը ցնցած «Կինը ոսկու մեջ» կամ «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը I» գործը հետաքրքիր ճակատագիր է ունեցել: kultutologia.ru-ն որոշ մանրամասներ է ներկայացրել:

Մարիա Վիկտորիա Բլոխ-Բաուերը (ամուսնությունից հետո՝  Ալտման) ծնվել է Գուստավ  Բլոխ-Բաուերի եւ Թերեզա  Բաուերի ընտանիքում՝ 1916թ. փետրվարի 18-ին, Վիեննայում:

Նրանց հարուստ հրեական ընտանիքը՝ ներառյալ քեռի Ֆերդինանդը եւ հորաքույր Ադելը մտերիմ էին արվեստագետների սերուցքի եւ մասնավորապես Գուստավ Կլիմտի հետ, որոնց հաճախ էին հյուրընկալում:

Թեեւ Մարիա Բլոխ-Բաուերն այդ ժամանակ փոքր աղջիկ է եղել, սակայն լավ է հիշում հորաքրոջ եւ քեռու շքեղ տունը, որը դարձել էր արվեստագետների յուրատեսակ հավաքատեղի: Ադելի տունը գտնվում էր Վիեննայի օպերայի հարեւանությամբ, եւ ժամանակի ճանաչված օպերային երգիչները եւս ցանկալի հյուր էին այդ ընտանիքում: 1907թ. Գուստավ Կլիմտը նկարել է Ադելին, եւ աշխարհը նրան գիտի հենց Կլիմտի հանճարեղ վրձնով: Նա դարձել էր Վիեննայի «Ոսկե դարի» մարմնավորումը: 1925թ. Ադելը մահացել է մենինգիտից:

Մարիան հիշում է, որ ճաշկերույթների ժամանակ քեռու տանը կախված էին Կլիմտի չորս նկարներ, այդ թվում՝ նկարչի  վերջին շրջանի գործերից մեկը, որը պատկերում էր Ադելին: Երբ 1938թ. նացիստները գրավեցին Ավստրիան, Ալտմանները կորցրին ամեն ինչ: Մարիայի հայրը՝ Գուստավը,  այդպես էլ չդիմացավ վիրավորանքին, երբ նրանից խլեցին  Ստրադիվարիուսի  թավջութակը:

Մարիան ամուսնացել էր օպերային երգիչ Ֆրեդերիկ Ալտմանի հետ, եւ ամուսնության առիթով քեռին նրան էր նվիրել Ադելի ադամանդե ականջօղերն ու շքեղ զարդերը: Մարիայից եւս խլվեցին զարդերը եւ ուղարկվեցին նացիստական պարագլուխ Գերինգին: Նացիստները խլել էին նաեւ Ֆերդինանդի ողջ հավաքածուն՝ ներառյալ «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը I» գործը:

Ֆրեդերիկ Ալտմանին նացիստները պահում էին համակենտրոնացման ճամբարում, որպեսզի ճնշման տակ Լոնդոն փախած նրա եղբայր Բերնհարդը իր տեքստիլ ֆաբրիկայից հրաժարվի: Բերնհարդն իսկապես հրաժարվեց Ֆաբրիկայից՝ խնդրելով ազատ արձակել եղբորը:

Մարիային ամուսնու հետ մեծ դժվարությամբ հաջողվեց հեռանալ Նիդեռլանդներ, այնուհետեւ հասնել  Ամերիկա եւ հաստատվել Կալիֆոռնիայում: Մինչ Ֆրեդերիկն աշխատում էր ամերիկյան աերոտիեզերական ընկերությունում, Բերնհարդը նոր տեքստիլ ֆաբրիկա բացեց Լիվերպուլում: Այնուհետեւ Մարիան թանկարժեք հագուստների իր բուտիկը բացեց ԱՄՆ-ում: Թեեւ շատ տարիներ էին անցել, բայց նա չէր դադարում մտածել իրենց ընտանիքին պատկանող «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը I»  եւ մյուս գլուխգործոցները ավստրիական ազգային պատկերասրահից իրենց ընտանիք վերադարձնելու մասին: 1999թ. նա եւ իր փաստաբանը դատի տվեցին ավստրիական կառավարությանը: 2006-ին երկարատեւ դատական քաշքշուկներից հետո նկարները վերադարձվեցին ժառանգորդին՝ Մարիա Բլոխ-Բաուերին:

Հետագայում մեծահարուստ Ռոնալդ Լաուդերը, որ դեռ երեխա ժամանակվանից սիրահարված էր Կլիմտի վրձնած Ադելին,  135 միլիոն դոլար վճարեց «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը I» ձեռք բերելու համար, եւ այն իր պատվավոր տեղը գտավ Մանհեթընի իր պատկերասրահում: Ներկայումս նկարը մաս է կազմում Neue Galerie-ի հավաքածուի, որ ստեղծվել է Սայմոն Կերտիսի «Կինը ոսկու մեջ» ֆիլմի հետ համատեղ:

Դառնալով Կլիմտի, այսպես կոչված՝ «Ոսկե շրջանին», նշենք, որ այդ շրջանի շատ նկարներ Կլիմտը ոսկեջրում էր, որտեղից էլ գալիս է անվանումը: Այդ նկարներից են «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I»-ը, «Համբույրը»։ Հավելենք, որ Կլիմտն ընդհանրապես նախընտրում էր կանանց նկարել, եւ եթե  անգամ նրա նկարներում հայտնվում էին տղամարդիկ, ապա նրանց դեմքը փակված էր լինում կամ թաքնված, ինչպես, օրինակ, նույնքան հայտնի «Համբույր» նկարում. տղամարդը թեքված է կնոջ ուղղությամբ, սակայն դեմքը չի երեւում, երկուսն էլ ոսկեջրած են:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930