Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտավոր ենք փրկել իրավիճակը…

Հունիս 01,2020 12:00

Հայաստանի ողջ բնակչությանն այսօր հետաքրքրող ավելի կարեւոր բան, քան կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակն է, դժվար թե լինի: Թե այս չորս եւ ավելի ամիսների ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով ինչ պատկեր է ձեւավորվել երկրում ու պետության կողմից ինչ սահմանափակումներ են մշակվել եւ ներդրվել, կարծում եմ՝ համարյա բոլորն են տեղյակ:

Եթե փորձենք մեկ բառով բնութագրել ստեղծված իրավիճակը, ապա կարելի է այն  անվանել կործանարար իրավիճակ: Եթե ընդունենք անգամ, որ այս ընթացքում պետության կողմից այդ ուղղությամբ արվել է առավելագույնը, ապա այսօրվա փաստացի իրավիճակը խոսում է լոկ այն մասին, որ նվազագույնը՝ դրանք այնքան էլ արդյունավետ չեն եղել, քանզի գնալով, օր օրի այդ հիվանդների թիվը թվաբանական պրոգրեսիայով աճում է եւ այս պահին այդ աճը դանդաղեցնելու, առավել եւս այն կանգնեցնելու ոչ մի հեռանկար չի երեւում: Կարծում եմ՝ այսքան ամիսների դինամիկան բավական է հասկանալու համար, որ գնալով եւ հիվանդների, եւ վարակակիրների թիվը միայն աճում են եւ իրավիճակը ողբերգական է:

Այլ խոսքով, փաստացի մինչ այժմ վարակի  տարածման դեմն առնել չի հաջողվում: Պարզ է, որ թեւերը ծալած չենք նստելու, թեկուզ հաշվի առնելով այն, որ անում ենք մաքսիմալը, բայց դե առայժմ հաջողության չենք հասնում: Պետք է գործել չափազանց ճկուն եւ անընդհատ փորձել նոր մոտեցումներ որդեգրել: Առաջարկում եմ հավաքել հանրապետությունում գտնվող առողջապահության եւ հարակից անհրաժեշտ բոլոր լավագույն ու փորձառու մասնագետներին, մանրամասնորեն իրականացնել կորոնավիրուսի տարածման այս չորս ամսվա ընթացքի վերլուծությունը, վեր հանել սահմանափակումների այն ցանկը, որոնք հստակ ու ճիշտ չեն պահպանվում, ինչպես նաեւ դրանց բերող պատճառները, մշակել լիովին այլ մարտավարություն եւ այլ մեթոդոլոգիա ու դրանք օպերատիվորեն եւ խստիվ կյանքի կոչել: Որպես օրինակ, այստեղ իսկը տեղին է խոսել (միգուցե շատ ազգերի է դա հարիր) մեր ազգային մենթալիտետի ոչ այնքան ցանկալի մի կոմպոնենտի մասին, որի վերաբերյալ իմ կարծիքը ձեւավորվել է տարիների ընթացքում:

Մեր ազգն իր չափազանց հրաշալի հատկանիշներին զուգահեռ, այնուամենայնիվ, որոշակի հարցերում այնքան էլ օրինապաշտ չէ, այնպես որ, մի շարք այլեւայլ պատճառների հետ մեկտեղ, կարծում եմ վարակի այդքան ինտենսիվ տարածման գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը, սահմանված սահմանափակումները ոչ այնքան լուրջ ընդունելն ու դրանց ոչ այնքան լուրջ վերաբերվելն է (կիրառելը): Տեղյակ չլինելով՝ օրինակ, Վրաստանում մշակված ու ներդրված սահմանափակումներին ու միջոցառումներին, համարյա համոզված եմ, որ այս հարցում նրանց հաջողության հիմնական գաղտնիքն այն է, որ բնակչության կողմից չափազանց խստիվ պահպանվում է պետության կողմից ներդրված սահմանափակումները, որը գալիս է այդ հարցում եւ պետության կողմից ցուցաբերվող խիստ մոտեցումից եւ քաղաքացիների օրինապաշտությունից: Հակառակ պարագայում, ստացվում է, որ վրացիները մեզանից չափազանց խելացի են եւ այս հարցում շատ արագ կարողացան գյուտ հայտնաբերել: Իսկ եթե սրան էլ ավելացնենք, որ աշխարհագրական դիրքից ելնելով, նրանց շփումներն այլ երկրների հետ անհամեմատ ավելի մեծ են մեզանից, ապա էլ ավելի է զարմանալի դառնում այն իրողությունը, որ այնտեղ (ըստ իրենց տեղեկատվության) հիվանդների թիվը չի գերազանցում 1000-ը, իսկ օրական վարակվածների միջին թիվը չի անցնում 10-ը:

Կրկնում եմ, եթե հաշվի առնենք, որ նրանք որեւէ գյուտ չեն հայտնաբերել, ապա նմանատիպ հաջողության միակ գաղտնիքը մնում է այն, որ պետության կողմից բավականին խիստ վերահսկողություն է իրականացվում իր իսկ կողմից ներդրված սահմանափակումների նկատմամբ եւ երկրորդ, բնակչությունը բավականին օրինապաշտորեն է վերաբերվում դրանց ու խստիվ պահպանում դրանք: Բարձրաձայնեմ ամենահասարակ մի բանի մասին. դիմակներ կրելու հարցում եւ  դրսի, եւ ընտանեկան շփումներում (որոշակի բացառություն է տրանսպորտում դրանց կրելը), մեր բնակչության կողմից հիմնականում իմիջիայլոց, զուտ ձեւական  վերաբերմունք է դրսեւորվում, որն էլ, իմ կարծիքով, վարակի տարածման հիմնական պատճառներից մեկն է: Իհարկե, չեմ կարծում, թե սահմանափակումների վերաբերյալ  կայացրած որոշումների չկատարման մասով խստացումները (օրինակ, տուգանքների չափի ավելացումը) էական արդյունքներ կտան: Այս հարցում ավելի կարեւորում եմ հետեւյալ մոտեցումը. պետք է մշակել հստակ մեթոդոլոգիա եւ զանգվածային լրատվության բացառապես բոլոր միջոցներով, ամենօրյա պարբերականությամբ բնակչությանն իրազեկել այս չորս ամիսների ընթացքում կորոնավիրուսի պատճառով առաջացած կործանարար հետեւանքների վիճակագրության վերաբերյալ եւ չափազանց մատչելի լեզվով ներկայացնել սահմանափակումների խստիվ պահպանման գերկարեւորությունը, ինչպես նաեւ դրանց չպահպանման վտանգավոր հետեւանքները: Համոզված եմ, որ որպես առաջին քայլ, այս մոտեցումը զուտ հոգեբանորեն, շատ դրական ազդեցություն կունենա ցանկացածի վրա, քանզի համարյա համոզված եմ, որ մեր քաղաքացիներից շատ-շատերն այնքան էլ լավ չեն պատկերացնում այդ վիրուսի հետեւանքները, որի պատճառով էլ շատ հաճախ լուրջ չեն վերաբերվում սահմանված սահմանափակումներին:

Ասվածին զուգահեռ, շատ կարեւորում եմ նաեւ հոգեւորականների կողմից բոլոր ԶԼՄ-ներով ամենօրյա պարբերականությամբ կենդանի՝ հատկապես բժշկական աղոթքների մատուցումը, քանզի համոզված եմ, որ այն եւս չափազանց դրական ազդեցություն կունենա մարդկանց ներաշխարհի վրա, որն էականորեն կմաքրի եւ կամրապնդի նրանց հոգիները, որն էլ իր հերթին նաեւ իմունիտետի բարձրացման լավագույն ուղիներից մեկն է… Իրավիճակն իրոք ողբերգական է եւ բոլորիս համատեղ ուժերով միայն հնարավոր կլինի հաղթահարել այս չարագույժ իրավիճակը…

Աստված պահապան բոլորիս…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ        

«Առավոտ» օրաթերթ
30.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930