Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը յուրատեսակ նախաձեռնությամբ է հանդես գալու հունիսի 1-ին: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով թատրոնը պատրաստել է զվարճալի տիկնիկային բացօթյա համերգ-ներկայացում: Այն կցուցադրվի Սայաթ-Նովա փողոցին կից՝ տիկնիկային թատրոնի պատշգամբի՝ այսպես կոչված ամֆիթատրոնի բեմից:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: Պարոն Բաբայանը նշեց, որ հունիսի 1-ին նշվում է նաեւ Տիկնիկային թատրոնի հիմնադրման 85-ամյակը: «Մինչ այսօր օնլայն ձեւաչափով էինք շարունակում աշխատանքը, ներկայացումներ, հաղորդումներ էինք պատրաստում, ու անընդհատ փնտրում ենք նոր ձեւեր ու մեթոդներ: Բայց բոլոր դեպքերում թատրոնի ամենակարեւոր խնդիրը անմիջական շփումն է հանդիսականի հետ: Դրա համար էլ որոշեցինք հունիսի 1-ին պահպանելով բոլոր կանոնները՝ բացօթյա ձեւաչափով մեր թատրոնի պատշգամբից ներկայացում խաղալ: Դա քսան րոպեանոց տիկնիկային համերգ-ներկայացում կլինի:
Առավոտյան ուսանողները կգան ու մայթը կբաժանեն քառակուսիների, որտեղ կկանգնեն երեխաները, իսկ ժամը 12-ին, 13-ին եւ 14-ին կկարողանանք ցուցադրել: Մենք մշտապես ստանում ենք նամակներ, հեռախոսազանգեր, գրություններ մեր հանդիսականից, որ շատ են կարոտել, հաճախ են հարցնում՝ երբ ենք վերադառնալու: Սա երեւի առաջին փորձն է վերականգնել բացօթյա ներկայացումները: Գուցե վաղը, մյուս օրը կարողանանք նաեւ այգիներում եւ այլ վայրերում ներկայացումներ ցուցադրել, գուցե շրջաններ մեկնենք: Կյանքը պետք է շարունակվի»,-ասաց պարոն Բաբայանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Տիկնիկային թատրոնի ֆեյսբուքյան էջից
Ռուբեն Բաբայանի լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի