Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքային փոխադրամիջոց Գյումրիում․ կորոնավիրուսն ու «ԲայքԼայֆ»-ի բերած նորույթը (Ֆոտոշարք)

Մայիս 31,2020 23:22

Արտակարգ դրության պայմաններում, երբ արգելված էր հասարակական տրանսպորտի գործունեությունը, Գյումրիում ավելացել էր հեծանվորդների թիվը։ Փողոցներում նույնիսկ կարելի էր հանդիպել  հեծանվով երթևեկող կանանց, հատկապես այն ժամանակ, երբ պարետը թուլացրել էր սահմանափակումները և աշխատանքի վերադառնալու հնարավորություն տվել։

Այդ ժամանակ հեծանվով աշխատանքի են գնացել նաև «Գյումրու երիտասարդական նախաձեռնություններ կենտրոն»-ի աշխատակիցները, որոնք առողջ ապրելակերպ քարոզելուց բացի՝  նաև սոցիալական հեռավորություն պահելու, քիչ շփումներ ունենալու փայլուն օրինակ են հանդիսացել։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնություններ կենտրոն» հ/կ-ի ղեկավար Արթուր Նաջարյանն Aravot.am-ի զրույցում պատմեց, որ  այդ օրերին իրենց կազմակերպության կողմից հիմնադրված «BikeLife» սոցիալական ձեռնարկատիրության ֆեյսբուքյան էջին մեծ թվով նամակներ են ստացել․ շատերն են հետաքրքրվել հեծանիվի վարձակալությամբ։ Պարզվել է, որ մայրաքաղաքի շատ բնակիչներ որոշել են ինքնամեկուսանալ  ու  պարետի՝ տանը փակված մնալու հրահանգին ենթարկվել  Գյումրու տարբեր հյուրանոցներում և օրավարձով բնակարաններում։ Արտակարգ դրության առաջին փուլում կազմակերպության ներկայացուցիչները ստիպված են եղել մերժել, քանի որ այդ օրերին ԵՆԿ ՀԿ-ն ևս չի աշխատել։

Նշենք, որ երիտասարդական այս կառույցը, դեռ  երկու տարի առաջ,  կոտրելով ավանդապաշտ Գյումրիում ընդունված այն կարծրատիպը, թե հեծանիվը հարմար փոխադրամիջոց չէ, հատկապես իգական սեռի ներկայացուցիչների համար, ստեղծել է՝ սկզբում աղջիկների, ապա նաև տղաների համար հեծանվավարության ակումբ։

Հնարավո՞ր է կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակն առիթ հանդիսանա  այս փոխադրամիջոցի մասսայական կիրառմանը, հեծանիվ  վարելու մշակույթ  ձևավորի։ Այս հարցն ուղղեցինք ԵՆԿ ՀԿ կառույցի ղեկավար Արթուր Նաջարյանին։

«Հեծանվավարության ակումբի նախաձեռնությունը եղել է մեր ամերիկացի գործընկերոջը, որը 2018 թվականին կամավորական աշխատանք էր իրականացնում  ԵՆԿ ՀԿ-ում և մեր կազմակերպության կողմից Գյումրիում հիմնադրված «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում։  Լինը, աշխատելով կենտրոնի շահառու պատանիների հետ, իր մոտ հարց էր առաջացել՝ ինչու Գյումրի քաղաքում շատ քիչ է տեսնում կանանց և աղջիկների հեծանիվ վարելիս։ Ինքը սպորտային կին էր, լինելով 74 տարեկան՝ հեծանվավարության շատ լուրջ փորձ ուներ և  առողջ ապրելակերպ էր քարոզում մեր երիտասարդների շրջանում։ Լինը ցանկանում էր կոտրել Գյումրիում առկա կարծրատիպը, որ աղջկան վայել չէ հեծանիվ վարելը։ Մեր թիմն, ամբողջապես կիսելով այն գաղափարը, որ հեծանվավարությունն առողջ ապրելակերպի խթանիչ գործոններից է՝ ցանկություն հայտնեցինք Լինի հետ համատեղ մեր կենտրոնի աղջիկ շահառուների համար հեծանվավարության դասեր կազմակերպել, որի համար Հայաստանում  ամերիկյան խաղաղության կորպուսի աջակցությամբ ձեռք բերեցինք 14 հեծանիվներ։ Եվ սա հիմք դարձավ  «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից հեծանվավարության ակումբի ստեղծման, որի նպատակն էր մի կողմից առողջ ապրելակերպ քարոզել, մյուս կողմից էլ  հատուկ մշակված հեծանվավարության ուսումնական ծրագրի միջոցով թիմային աշխատանքի և առաջնորդության կարևոր հմտություններ փոխանցել մեր պատանիներին։

Գյումրիում հեծանվավարության ակումբը 2018 թվականին ԵՆԿ ՀԿ-ն հիմնել է ամերիկացի 74-ամյա կամավոր Լին Ռոբսոնի աջակցությամբ, որը փորձել է կոտրել Գյումրիում առկա հեծանվավարության կարծրատիպերը ու առողջ ապրելակերպ քարոզել։

Մեկ ու կես տարի ակումբը գործեց այնպես, ինչպես որ Լինի աջակցությամբ հիմնադրել էինք։ Հեծանվավարության դասընթացներ անցկացրեցինք նաև ավագ սերնդի կանանց համար, որոնք  համացանցում տեսնելով նկարները, իրենք ևս ցանկություն էին հայտնել սովորելու։ Քաղաքային և մարզային իշխանության ներկայացուցիչներ  ևս ունեինք,  մշակութային տարբեր կառույցներից նույնպես։ Փորձեցինք դասընթացներ կազմակերպել ոչ միայն դեռահաս աղջիկների, այլ հասուն տարիքի կանանց համար և հասկացանք, որ հեծանվավարության մշակույթը Գյումրիում կարծես լուրջ զարգացման հեռանկարներ ու հնարավորություններ ունի, չնայած նրան, որ այդ ժամանակ ունեինք փողոցաշինության լուրջ խնդիր․ փողոցների մեծ մասը քանդված էր։

Գյումրիում սկսեցինք հեծանիվներով տարբեր միջոցառումներ, ֆլեշմոբեր և ակցիաներ կազմակերպել՝ դրանով հեծանվավարությունն ավելի տեսանելի դարձնելով»,-պատմեց Արթուր Նաջարյանը։

Ըստ մեր զրուցակցի՝  այս ամենը նոր գաղափար է ծնել․ մտածել են սոցիալական ձեռնարկատիրական գործունեություն սկսելու ու  դրանով  «Գյումրու երիտասարդների տան» ծախսերը մասնակի հոգալու մասին։ 2019 թվականի գարնանը հիմնադրել են «BikeLife» կոչված սոցիալական ձեռնարկատիրությունը։ Համալրելով հեծանիվների քանակը ու  ապահովելով նաև նյութատեխնիկական մասերը՝ ամրակներ, թևնոցներ, սաղավարտներ, սկսել են հեծանիվների վարձակալություն և վճարովի տուրեր կազմակերպել։

Արթուր Նաջարյանի փաստմամբ՝  2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու տեսարժան վայրերը ցուցադրող տեսանյութից հետո էլ  մեծ թվով զբոսաշրջիկներ, ուսանողական ու աշակերտական խմբեր,  այդ թվում ՀՀ տարբեր մարզերից, զանգել  ու հետաքրքրվել են հեծանիվների վարձակալությամբ։

«Մեզ համար նպատակը միայն հեծանիվների վարձակալություն տալը չէ․ մենք հեծանվավարության ակումբներ ունենք և երիտասարդների համար կազմակերպում ենք անվճար արշավներ, որը մի կողմից նպաստում է առողջ ապրելակերպին, մյուս կողմից հնարավորություն է  տալիս Շիրակի մարզի տարբեր գողտրիկ  պատմամշակութային  կոթողների ուսումնասիրության։

Հիմնականում  տանում ենք այն բնակավայրեր, որոնք այդքան էլ հայտնի չեն,  որտեղ շատերը չեն եղել և որտեղ կան շատ կարևոր հուշահամալիրներ։ Մշակութային, գյուղական կյանքին ծանոթանալը  մեծ գրավչություն առաջացրեց ներքին տուրիզմով հետաքրքրված անձանց համար, որի արդյունքում մայիս ամսից ամեն կիրակի կազմակերպում ենք արշավներ, որոնց միանում են մեծ թվով մարդիկ։  Մենք այս արշավներով նպատակ ունենք Շիրակի մարզն ավելի տեսանելի դարձնել Հայաստանում, ինչու չէ նաև նպաստել  ներքին տուրիզմի զարգացմանը»։

Արթուր Նաջարյանը նշում է, երբ Գյումրիում տեսնում են հեծանվորդների՝ մասնավորապես աղջիկների, կարծում են, որ նրանք տեղացիներ չեն։

«Նախորդ կիրակի, երբ  մենք հեծանվաերթ-արշավ ունեինք կազմակերպած դեպի Մայիսյան Հովունի, շուրջ 25 հոգի էին մասնակիցները, մեծ շարասյուն։ Մարդիկ  մեքենաները կանգնեցնում, սկսում էին հեռախոսներով նկարահանել այդ ամբողջ պրոցեսը, որովհետև իրենց համար նախ շատ  սիրուն է այդ շարասյունը, երբ տեսնում են  բոլորն ունեն իրենց սաղավարտները՝ տարբեր գույների, համապատասխան բաճկոնները։  Իրենց մոտ հետաքրքրություն է առաջանում՝ ինչ մարաթոն է սա,  ինչ միջոցառում է, ավելին, բոլորը համարում են, որ մենք արտերկրացիներ ենք, որովհետև չեն պատկերացնում, որ հայ աղջիկները կամ տարիքով հայ տղամարդը կարող է իրեն թույլ տալ հեծանիվ վարել։ Երբ որ տեսնում են հայեր ենք, սկսում են ավելի ոգևորվել։

Գյուղերից մեկում հանդիպման ժամանակ մի տղամարդ ասաց՝ դուք այն սերունդն ենք, որը իրականացնում է մեր բոլորի թաքնված երազանքները, որովհետև մենք շատ հաճախ ուզում էինք հեծանիվ քշել, սակայն մեր սերունդը հեծանիվ ձեռքբերելու հնարավորություն չուներ։ Դրանից հետո եկավ այլ սերունդ, որոնց կարծրատիպերը թույլ չէին տալիս, ամաչում էին մարդիկ հեծանիվի վրա նստել, իսկ դուք անում եք այն, ինչ ուզում եք․ ոչ միայն առողջ ապրելակերպ եք քարոզում, այլևս մտածելակերպ եք փոխում, մասնավորապես Շիրակի մարզում, որն ավելի ավանդապաշտ է»։

Մենք Արթուր Նաջարյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով կգա՞ ժամանակ, երբ եվրոպական շատ երկրների նման մեր քաղաքապետերն էլ  ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կթողնեն շքեղ մեքնաներն ու կսկսեն աշխատանքի գնալ հեծանվով։

«Վստահ եմ, որ դրա ժամանակը ևս կգա՝ մի քիչ դանդաղ քայլերով։ Մենք այսօր ունենք բավականին լուրջ տեղաշարժ, ինչին նպաստում են նաև մեր նոր իշխանության տարբեր ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, ով  օրինակ է ծառայում։ Ես ինքս տարբեր եվրոպական երկրներում լինելով՝ տեսել եմ այդ օրինակները, բայց շատ հաճախ տեսնում ես ավելի ցուցադրական, շոուի վերածված գործողություն, քան քո մշակույթի մի կարևոր բաղկացուցիչ մասը։ Մեր նպատակը հեծանվավարության մշակույթը  մեր մշակույթի մի մասը դարձնելն է, որ դա ոչ թե բոլորը համարեն արտառոց, այլ օրինաչափ։ Իսկ դրա ժամանակը գալու է։ Այս երկու տարվա ընթացքում էական տեղաշարժ ենք տեսնում»- ասաց մեր զրուցակիցը։

ԵՆԿ հեծանվավարության ակումբի պատասխանատու Լարիսա Ժամակոչյանն էլ, որը երթևեկում է հեծանիվով՝ խստորեն պահպանելով պարետի հրահանգները՝ դիմակ, ձեռնոց կրելով, մեզ հետ զրույցում ասաց, որ Գյումրիում միշտ էլ զարմացել են աղջիկ հեծանվորդ տեսնելուց, դա նկատելի է ոչ միայն հայացքներից, այլ զարմանք արտահայտող բացականչություններից։

«Հիմա ավելի շատ երթուղայինների վարորդներ են և՛ զգուշանում, և՛ զարմանում։ Թեև հիմա, երբ հեծանվորդների թիվը շատացել է, աչքերը քիչ-քիչ սովորում են։ Հիշում եք մի շրջան կար, երբ աղջիկ վարորդ էին տեսնում Գյումրիում, բոլորը ցայտնոտի մեջ էին՝ վայ աղջիկ վարորդ։ Հիմա համակերպվել են, ինձ թվում է՝ նույնը հեծանվասպորտի դեպքում կլինի։ Իհարկե, շատ կարևոր է երթևեկության կանոնները պահել՝ սաղավարտներ կրել, ձեռնոցներ, անվտանգության պարագաներ, հեծանիվիդ վրա լույսեր ամրացնել մթին երթևեկելու համար, այդ դեպքում վերաբերմունքը միանգամից լրջանում է», -ասում է Լարիսա Ժամակոչյանը։

Մեր զրուցակիցը չգիտի՝ մեր երկրում երբ հեծանվաուղիներ կլինեն փողոցներում, ու երբ կգա մեքենաներից հրաժարվելու, հեծանիվների անցնելու ժամանակը, բայց և ասում է՝ մեքենաներով որքան էլ արագ լինի, կյանքի տեմպին համահունչ, հեծանիվը յուրահատուկ փոխադրամիջոց է, որը և՛ առողջ է պահում, և՛ հաճույք է պատճառում, ադրենալին ես ստանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ ԵՆԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո says:

    էս ինչ ռեկլամ կենես ըսոնց: մե բան կա…………….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031