Ամերիկացի քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Լայնուս Փոլինգը 1964 թ․-ին՝ 65 տարեկան հասակում սկսեց վիտամին C ավելացնել նարնջի հյութի մեջ, որն ըմպում էր ամեն առավոտ․ քիմիկոսն անկեղծորեն հավատում էր, որ հյութն այդպիսով ավելի օգտակար է դառնում։ Կենսաքիմիկ Նիկ Լեյնի բնորոշմամբ «XX դարի գիտության հսկա» Լայնուս Փոլինգով էլ սկսվեց «վիտամին C-ի դարաշրջանը»։ 1970 թ․-ին հրապարակված իր «Ինչպես ապրել ավելի երկար և ավելի լավ ինքնազգացողություն ունենալ» բեսթսելլերում Փոլինգը հայտարարեց, որ այս վիտամինի հավելյալ չափաբաժինն օգնում է պայքարել հարբուխի դեմ։ Նա օրական ընդունում էր 18 000 մգ (18 գ) վիտամին C, որը 50 անգամ գերազանցում է օրական երաշխավորված նորման։ Այդ գրքի երկրորդ հրատարակության մեջ վիտամին C-ի օգնությամբ հաղթահարվող հիվանդությունների ցանկում ավելացավ նաև գրիպը։
Մինչ օրս Լայնուս Փոլինգի՝ վիտամին C-ի և առհասարակ հակաօքսիդանտների ազդեցության վերաբերյալ պնդումները գիտական ուսումնասիրությունների ու քննարկումների անսպառ աղբյուր են․ դրանք բազմիցս հերքվել ու հաստատվել են, սակայն այն, որ վիտամին C-ի դերը բժշկության մեջ թերագնահատված է, հավաստիացնում են ժամանակակից բժիշկները ևս՝ մանավանդ որ ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում կրկին արդիական է դառնում վիտամին С-ի կիրառությունը՝ շնորհիվ վերջինիս՝ հիվանդության բուժման ընթացքի վրա գործած դրական ազդեցության։
Այս թեմային անդրադարձել է ամերիկյան բժիշկ-սննդաբան Ջոզեֆ Մարկոլան, որը վիտամին C-ի և D-ի ներառումը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում կարևոր առաջընթաց է համարում՝ չմոռանալով շեշտել, որ ճգնաժամային իրավիճակներում բժշկությունը վերանայում է ճշմարտությունների հանդեպ իր մոտեցումն ու իր ուշադրությունը կենտրոնացնում է դեղատուփում առկա փորձված միջոցների վրա։
Կարդացեք նաև
2020 թ․-ի մարտի 24-ին New York Post-ը հայտնում է․ «Կորոնավիրուսով վարակված ծանր վիճակում գտնվող պացիենտներին Նյու Յորք նահանգի խոշորագույն հիվանդանոցային համալիրում հսկայական չափաբաժիններով վիտամին С են տալիս․․․ Թոքաբան և ինտենսիվ թերապիայի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեբերը, որը Լոնգ Այլենդում կապված է Northwell Health 2 հաստատությունների հետ, ասել է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում կորոնավիրուս ունեցող իր պացիենտները 1500 մգ ներերակային վիտամին С են ստանում։ Նա նաև ավելացրել է, որ հակաօքսիդանտի՝ նույն քանակությամբ ներարկումները կրկնվում են օրական 3-4 անգամ։ Սխեմայի հիմքում կորոնավիրուսային հիվանդության՝ Չինաստանում և Շանհայում իրականացվող փորձարարական բուժումն է։
«Պացիենտները, որոնք վիտամին C են ստացել, իրենց ավելի լավ են զգացել, քան այն պացիենտները, որոնք վիտամին С չեն ստացել»,- ասել է նա և ավելացրել․ «Այն շատ է օգնում, բայց դրա մասին չեն խոսում, քանի որ այն «գայթակղիչ» ուժեղ ազդեցության պրեպարատ չէ»…
Վեբերը նշել է, որ կորոնավիրուսով պացիենտների օրգանիզմում վիտամին С-ի մակարդակը կտրուկ նվազում է, երբ պացիենտների մոտ սկսվում է սեպսիս՝ բորբոքային պատասխան, որն առաջանում է այն դեպքում, երբ օրգանիզմը սկսում է չափազանց ակտիվորեն արձագանքել վարակին․ այս դեպքում հույժ տրամաբանական է վիտամին С-ի մակարդակը պահել փորձելը»,- ասել է բժիշկ Վեբերը։
Northwell Health-ի ներկայացուցիչը, ինչպես հայտնում են, հաստատել է, որ կորոնավիրուսի դեմ վիտամին С-ով բուժումը «լայնորեն կիրառվում է» համակարգի 23 հիվանդանոցներում՝ հակամալարիային դեղամիջոց հիդրոքսիքլորոքվինի (ինչպես հայտնում է BBC-ն, ԱՀԿ-ն կանգնեցրել է հիդրոքսիքլորոքվինի և քլորոքվինի կլինիկական փորձարկումները Կովիդ-19-ի բուժման ժամանակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մ․ Ա․ ) և ազիտրոմիցին հակաբիոտիկի զուգակցությամբ։
Բժիշկ Ռոնալդ Հաննինգհեյկը վիտամին С-ի՝ ողջ աշխարհում հայտնի փորձագետ է, որն անձամբ է վերահսկել վիտամին С-ի ներերակային տասնյակ հազարավոր ներարկումներ, ասում է, որ վիտամին С-ն «չափազանց քիչ է օգտագործվում ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ»՝ հաշվի առնելով այն փաստը, որ «այն իրոք հրաշալի միջոց է վարակների դեմ»։
Իր հարցազրույցներից մեկում Հաննինգհեյկը ենթադրել է, որ պատճառներից մեկը, թե ինչու է ավանդական բժշկությունն այդքան դանդաղորեն ընդունում այս վիտամինի կարևորությունը, գուցե այն է, որ այս վիտամինը որպես հասարակ վիտամին են դիտարկում, իսկ իրականում այն հզոր օքսիդանտ է, որի բարձր դոզաները կարող են վերացնել պաթոգենները։
Կա նաև ֆինանսական գործոնը․ կարճ ասած՝ այն չափազանց մատչելի է․․․
2020 թ․-ի մարտի 17-ին Օրթոմոլեկուլյար բժշկության լրատվական ծառայության գլխավոր խմբագիր Էնդրյու Սաուլը հարցազրույցներից մեկում ասել է, որ վիտամին C-ն բարձր չափաբաժինների դեպքում գործում է որպես հակավիրուսային դեղամիջոց՝ փաստացիորեն սպանելով վիրուսները։
Վիտամին С-ով բուժման պրոտոկոլը ԿՈՎԻԴ-19-ի դեպքում թեև նոր է, բայց այն գործածվել է սեպսիսի բուժման ժամանակ մոտավորապես 2017 թ․-ից։ Այս վիտամինի հիմքով սեպսիսի բուժման պրոտոկոլը մշակվել է Արևելյան Վիրջինիայի Sentara Norfolk հիվանդանոցում կրիտիկական վիճակներով զբաղվող դոկտոր Պաուլ Մարիկի կողմից։
Մարիկի՝ «առաջ և հետո» հետահայաց ուսումնասիրությունը՝ 2016 թ․-ին հրապարակված, ցույց է տվել, որ պացիենտներին ամեն 12 ժամը մեկ 200 մգ թիամինի, ամեն 6 ժամը մեկ 1500 մգ ասկորբինաթթվի և 50 մգ հիդրոկորտիզոնի ներարկումը 2 օրվա ընթացքում նվազեցրել է մահացության ցուցանիշը՝ 40 %-ից մինչև 8,5%։
Կարևոր է նշել, որ բուժումը չունի կողմնակից ազդեցություններ, մատչելի է, հասանելի ու պարզ, ուստի ռիսկերը գրեթե բացակայում են։ 2009 թ․-ին ակնհայտ դարձավ, որ վիտամին С-ն ծանր ընթացքով խոզի գրիպի դեպքում պոտենցիալ «փրկիչ» է, ուստի պարզ է, թե ինչու չինացի ու ամերիկացի բժիշկները այս վիտամինի հետ հույսեր են կապում կորոնավիրուսի դեմ պայքարում։
Դեռ 2003 թ․-ին ատիպիկ թոքաբորբի համավարակի ժամանակ ֆինն հետազոտողը կոչ արեց ուսումնասիրել վիտամին С-ի ազդեցությունը այն բանից հետո, երբ գիտնականները ցույց տվեցին, որ այն ոչ միայն պաշտպանում է հավի ճտերին թռչնի կորոնավիրուսից, այլև մարդկանց մոտ է կրճատում հարբուխի տևողությունն ու թեթևացնում ընթացքը՝ նվազեցնելով թոքաբորբի առաջացման վտանգը։ Հակամիկրոբային քիմիաթերապիայի ամսագրում հրապարակված նամակում Հարրի Հեմիլյան գրել է․
«Վերջերս նոր կորոնավիրուսը հաստատվել է որպես ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի (SARS) պատճառ։ Բուժման հատուկ միջոցների բացակայության պայմաններում արժե դիտարկել այն հնարավորությունը, որ վիտամին C-ն կարող է ոչ սպեցիֆիկ ազդեցություն գործել շնչառական ուղիների որոշ վիրուսային վարակների նկատմամբ։ Բազմաթիվ են այն պնդումները, որ վիտամին С-ն կարող է ազդել իմունային համակարգի վրա, օրինակ՝ ֆագոցիտների գործառույթի, T- լիմֆոցիտների վերափոխման և ինտերֆերոնի արտադրության վրա»։
Ջոզեֆ Մարկոլան, սակայն, հիշեցնում է, որ վիտամին С-ի բարձր չափաբաժիններով բուժումը ունի հակացուցում՝ Գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի պակասուրդ (Գ6ՖԴՊ) գենետիկ հիվանդությունը, որից ողջ աշխարհում շուրջ 400 միլիոն մարդ տառապում․ այն տարածված է Աֆրիկայի որոշ հատվածներում, Ասիայում, Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում։
Որքան էլ հակացուցում հանդիսացող նշված հիվանդությունը հազվադեպ հանդիպող բնածին խանգարում է, այնուամենայնիվ այս դեպքում ևս պետք է խուսափել ինքնաբուժումից և օրգանիզմում վիտամին С-ի բավարար մակարդակը փորձել պահել առաջին հերթին սննդի միջոցով՝ վիտամին С-ի` բարձր չափաբաժինների կիրառման անհրաժեշտության որոշումը թողնելով բժիշկներին։
Վիտամին C-ի հարուստ աղբյուր են՝
- մասուրը, չիչխանը, հաղարջը, մոշը,
- քաղցր պղպեղը, կաղամբի տեսակները, թթվեցրած կաղամբը,
- համեմն ու մաղադանոսը,
- լոլիկը,
- խնձորը, արքայախնձորը և իհարկե, ցիտրուսայինները։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ