Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մնացականյան․ «Աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից․ մոռանալով ինձ՝ մենակ մորս մասին էի մտածում»

Մայիս 31,2020 21:02

Աննա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու իր պատմությամբ․

Սիրելի ընկերներ, հետևորդներ, բարեկամներ հարազատներ, ինձ ծանոթ և անծանոթ մարդիկ, այս օրերին ինձ բազմաբնույթ հարցեր եք ուղղել՝ իմանալով եղելությունը: Հիմա, երբ ամեն բան արդեն ավարտվեց լավ ելքով՝ ասելիքը՝ այս թեմայով շատ-շատ է, այն ներկայացնելու համար անգամ գիրք կարող եմ գրել, այս պահին փորձելու եմ ուղղակի խոսել և արտատպել մտքերս ինչ-որ գա՝ առանց խմբագրումների։

Բոլոր նրանք, ովքեր դեռ ինչ-ինչ սկզբունքներով կասկածներ ունեն՝ արդյո՞ք վիրուս կա, թե ոչ, բուռն քննարկում են՝ դիմակ արժե կրել, թե՞ ոչ և մի շարք նմանօրինակ վիճելի հարցերի վերաբերյալ, ասեմ․ մարտի 16-ից, երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, ես ինքս ինձ դժվարությամբ, բայց խստացված կենսակերպի ընտելացրեցի: Ասեմ անկեղծ՝ շատերը սկսեցին անգամ հեգնանքով, հումորով վերաբերվել, նույնիսկ ծաղրելով, թե ինչի հետևից եմ ես ընկել:

Ուղիղ երկու ամիս շարունակ մեր տանը կյանքն այլ կերպ էր ընթանում: Տանը ապրում ենք չորսով՝ հայրս, մայրս, ես և եղբայրս: Քանի որ հայրս ունի շնչառական խնդիր, երևի թե դա էր առաջնային ու հիմնական պատճառը, որ մենք սկսեցինք միմյանց տան մեջ հեռավորության վրա պահել:
Ուղիղ երկու ամիս մենք սկսեցինք ապրել օտարների պես՝ առանց ողջագուրվելու, առանց համբուրվելու, առանց երեկոյան մեր ջերմ զրույցների, չնայած այդ երկու ամսվա մեջ բազմաթիվ ուրախալի առիթների:
Ուղիղ երկու ամիս ես լսում էի անդադար՝ տարատեսակ անհեթեթություններ չարաբաստիկ այս վիրուսի՝ Covid–19-ի մասին:
Եվ հայերի համար հիմնական  «աքսիոմները» վիրուսի շուրջ հետևյալն են.

1. Չկա վիրուս, սաղ սուտ ա, ինչի հետև ես ընկել, դու էլ ես էս ցիրկի մասնակից, քեզ ինչքան են տվել, որ քարոզես և այլն, և այլն…
2. Էսքան թվեր են ասում, մի օր չլսեցի մի տեղից մի ծանոթ վարակվեր…
3. Էս ամենը արեցին, որ ժողովրդին չիպավորեն, որ ոնց ուզեն՝ տենց վարվեն և այլն, և այլն…
4. Աաաա՜, սա սովորական գրիպ ա, էլի, ինչ են դրել սարքել հայոց հարց, գրանտներ են ստանում, երկրի բյուջեն են լցնում և այլն…
5. Ինչի ես ամեն օր գրում թվերը, ուզում ես մեզ վախեցնել, մի՛ արա, միևնույն է, չենք հավատում։

Երբ մայիսի 20-ին եկավ իմ փորձանմուշի պատասխանը՝ դրական, ես որոշեցի հայտնել իմ ֆեյսբուքյան էջում բոլորին, զուտ նրա համար, ովքեր երկու ամիս ինձ համոզում էին, որ վիրուս չկա, որ իրենց շրջապատում չեն լսել որևէ դեպքի մասին․․․ Բոլորը սկսեցին իրար խառնվել, գրում ու գրում էին, թե այդ ինչպես եղավ, անդադար հարցեր ուղղելով, բայց ասեմ, որ եղել են նաև էնպիսի զանգեր և նամակներ, որում ինձ մեղադրում էին, թե ես որքան գումարի դեպքում եմ ստատուս գրել…

Մարդիկ գերադասում էին հավատալ, որ ես պարզապես փիառ եմ անում, քան ինձ առողջություն մաղթեին: Կային մարդիկ, ովքեր ինձ հորդորում էին չգրել, ջնջել գրառումը, իբրև թե ամոթ է, բայց ուզում եմ հասկանալ, թե ինչն էր ամոթ, բացատրեք, միգուցե ես չեմ ընկալում… ինչևէ։
Քաջալերող և հուսադրող արձագանքներն էլ ավելի շատ էին, որի շնորհիվ ես ավելի արագ կազդուրվեցի։

Սիրելիներս՝
Կորոնավիրուսը մահ չէ, բայց կարող է դառնալ մահվան պատճառ․․․
Կորոնավիրուսը ճակատագիր չէ, բայց կարող է այն հիմնովին փոխել…
Կորոնավիրուսը հանաք չէ , բայց կարող եք այն հաղթահարել հումորով, ուժեղ հոգեվիճակ ստեղծելով․․․
Կորոնավիրուսը դև չէ, բայց այն կարող է աննկատ ներթափանցել ամենաանսպասելի ժամանակ և ամենաանսպասելի տեղում և խժռելով ձեր առողջ բջիջները ՝ վերացականորեն դևի վերածվել։

Ուզում եմ սկսեմ նրանից, թե ինչպես ես մի վատ առավոտ արթնացա ու հասկացա, որ ինձ մոտ հաստատվել է այս վիրուսը:
Ամեն բան սկսվեց մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը:
Երբ ես քնած ժամանակ հասկացա, որ սաստիկ ցուրտ է, մրսում եմ: Արթնացա լուսադեմին ՝ ժամը 5 ին, տանը բոլորը դեռ քնած էին, աչքերս բացեցի ու հասկացա, որ ես այրվում եմ, ոչ թե մրսում, մարմինս ասես «սուպեր կլեյի» պես կպել էր անկողնուս, չէի կարողանում շարժվել, ոսկորներս կոտրված էին: Մի կերպ վեր եմ կացել՝ ուղղությունս դեղերի դարակ ջերմաչափի հետևից: Երբ չափեցի ջերմությունս, 7 րոպե պահելուց հետո 39.5 ցույց տվեց ՝ աչքերիս չհավատացի: 30 տարվա մեջ ես երբեք նման ջերմություն չեմ ունեցել: Պառկեցի այնքան, մինչև տանը բոլորը սկսեցին արթնանալ՝ կիրակի էր, չուզեցի անհանգստացնել, իմ այդ պահի վստահությամբ՝ անհարկի:

Մտքովս անգամ չէր անցնում, որ ես արդեն վիրուսի ճիրաններում եմ, քանի որ նշեցի, որ շատ խիստ պահպանել եմ բոլոր կանոնները:
Ամեն ինչ անում էի, որ ոտքի կանգնեմ, մտածում էի՝ մրսածություն է, բայց անհույս ջանքեր… ջերմությունս չէր իջնում, կամ իջնում էր ժամանակավոր: Հետո կոկորդի այրոց սկսվեց ու հազ առաջացավ, հազը սաստկացավ, խեղդվում էի, ամեն օր մի նոր ախտանշան էր ավելանում: Այդպես 3 օր դիմացա, բանից պարզվում ա՝ իմ հզոր իմունիտետի հաշվին: Բայց երբ հասկացա, որ այլևս չեմ զգում ո՛չ համ և ո՛չ հոտ, ես սկսեցի կասկածել, միգուցե ԿՈՎԻԴ է : Զանգահարեցի իմ կողմից շատ սիրված Սիրանուշ Զաքարյանին, ում հետ այս օրերին համագործակցում ենք, փորձում օգնել վարակակիրներին:

Նրան ներկայացրեցի բոլոր ախտանշաններս, նա շատ արագ կերպով կազմակերպեց ինձանից փորձանմուշ վերցնելու գործընթացը: 5 րոպե հետո ինձ զանգահարեց NCDC Արարատի մարզի փոխտնօրեն Մարիամ Սարգսյանը: Ում համար ես չեմ զլանա ու կասեմ հիմա խենթանում եմ, մարդ, ով իսկապես բացի իր գործի գիտակ լինելուց առաջնահերթ հոգատարության իկոնա է:

Ինձ անմիջապես մեր սիրելի շտապ օգնության աշխատակիցները մեկուսացրեցին՝ չթաքցնեմ մեկուսացման վայրը՝ «Ռեժինե» երևանյան հյուրանոց, որտեղ ինձ դիմավորեցին աշխարհում ինձ համար նմանը չունեցող հրաշք անձնակազմ, ամենայն անկեղծությամբ ուզում եմ նշել, որ չկա իրանց նմանը ու առհասարակ Հայաստանի բուժաշխատողների պես հոգատար երկրորդը չկա աշխարհում: Սա այն դեպքն ա, որ սեփական մաշկիս վրա զգացի այդ ամենը: Ոչ մեկ ինձ այդ մասին չի ասել, ես եմ դա հասկացել:

Սպասեցի իմ համարում, մինչև ինձ էլ տարան Նորքի ինֆեկցիոն թոքերի ռենգեն ստուգման: Այդ ընթացքում ինձ հետ մշտապես կապի մեջ էին Սիրանուշն ու Մարիամը:
Ես անցա ռենտգեն սարքի միջով և ինձ ասացին, որ թոքերումս անհանգիստ վիճակ կա, բրոնխներս կոշտացած են: Այդ ամենից ես մի կաթիլ չանհանգստացա, բայց ամենավատը ինձ համար սկսվեց հետո, երբ ստացա լուրը, որ տանը բոլորը հանձնել են փորձանմուշ և այդ պահին, բարեբախտաբար, գոնե միայն մորս մոտ էր հաստատվել վիրուսի գոյությունը: Սկզբում ես չվախեցա՝ մտածելով՝ մամայի մոտ թեթև սիմպտոմատիկա կլինի կանցնի, բայց հետո երբ մորս տեղափոխեցին Արտաշատի ԲԿ՝ հատուկ կորոնավիրուսով վարակվածների բաժանմունք՝ հետազոտություններ անցկացնելու, ավարտելուց հետո սպասում էի Մարիամի զանգին, բայց այդ զանգը իմ կյանքի ամենասպասված, միևնույն ժամանակ ամենավատ զանգը դառավ, երբ Մարիամն ասաց՝ մամայի մոտ երկկողմանի ամբողջական թոքաբորբ ա, պետք ա պառկեցնել պարտադիր: Ես այդ ամենը լսելուց հետո ոչինչ չեմ հիշում, թե հետո Մարիամն էլ ինչ ասեց ինձ:

Իմ հոգեվիճակը, իմ հույզերը, ապրումները, զգացողությունները չեմ կարող ոչ մի բառով նկարագրել, աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից․ մոռանալով ինձ՝ մենակ մորս մասին էի մտածում, աղոթում օր ու գիշեր,
ու, փա՜ռք Տիրոջը, շնորհակալ եմ իմ աղոթողների ձայնը լսելու համար:
Շնորհակալ եմ այդ հրաշքի համար Արտաշատի ԲԿ-ի ամբողջ բուժանձնակազմին, առանձնահատուկ շնորհակալ եմ ամեն վայրկյան մամայիս հսկող, մամայիս երեխու պես պահող, բուժող բուժքույր Հրանուշ Համբարձումյանին:
Մորս ինձ ողջ-առողջ վերադարձնելու համար փառք ու պատիվ ձեզ բոլոր-բոլորիդ, սիրելի հայ բժիշկներ:

Վստահ եմ՝ շատ շատերի համար հրաշքներ գործող անփոխարինելի գանձ եք դուք՝ հատկապես այս անելանելի թվացող օրերում:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ վերահսկող բուժանձնակազմին ի դեմս իմ (Նունե) Հայկուհի Այվազյանին, ի դեպ, ճակատագրի նշան էր՝ նա իմ մոր անունն ունի ու այս օրերին մոր պես հոգատար վերաբերմունք ցուցաբերեց ինձ:
Շնորհակալ եմ նաև, այսուհետ, շատ սիրելի բժշկուհիներիս՝ Աննա Հարությունյանին, Հասմիկ Օհանյանին, բուժքույրեր՝ Լուսինե Մխչյանին, Քրիստինե Ավալյանին, մայրապետներին՝ ի դեմս Հեղինեի` Հեղինե Միլիտոսյան:

Շնորհակալ եմ Աշոտ Սարգսյանին, ով օր ու գիշերը վաղուց խառնելով, վերահսկում է ամեն ինչ, կարգավորում բոլորի աշխատանքն ու օգնում բոլորին, ում պատահում էր, դիմանում էր բոլոր պացիենտների կամակորություններին ու համբերատար տանում այդ ամենը: Շնորհակալ եմ «Կարաս» սննդի ցանցին, մեզ ամեն օր նույն ժամին եռանգամյա սննդարար ու համեղ ուտելիք ապահովելու համար:
Շնորհակալ եմ շտապ օգնության համբերատար ու դինամիկ աշխատող վարորդներին և բժիշկներին ի դեմս՝ Սամվել Բադալյանի:

Ամենամեծ Շնորհակալությունս Աստծուն, երախտապարտ եմ, որ անգամ այս դժվար փորձության հետ ինձ ուղարկեց ու իմ կյանքը լցրեց նման լավ մարդկային տեսակներով: Շնորհակալ եմ այս օրերին ինձ համար անհանգստացող, ինձ գոտեպնդող, ինձ ուժ ու դուխ տվող իմ ընկերներին, բարեկամներին, ծանոթներին, անծանոթներին, բոլոր բոլորին: Ուզում եմ հորդորել ու խնդրել բոլորիդ՝ ԿՐԵՔ ԴԻՄԱԿՆԵՐ, ՓՐԿԵՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԳԻՆ ՈՒ ՍԻՐԵԼԻ ԿՅԱՆՔԵՐԸ։

Մենք հաղթելու ենք, վստահ եմ, այս պատերազմում, ու լավ օրերը դեռ հետ կվերադառնան։

Առողջ եղեք, Աստված բոլորիդ պահապան։

https://www.facebook.com/anna.mnacakanyan.9/posts/3090578464344156?__tn__=K-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031