«Ոմանք դավաճանում են իրենց կուսակցությանը՝ հանուն իրենց սկզբունքների, իսկ ոմանք դավաճանում են սկզբունքները՝ հանուն կուսակցության»։
Բենջամին Դիզրաելի, Բրիտանիայի վարչապետ, 19-րդ դար
Հայաստանն ունի պառլամենտական կառավարման մոդել: Դա նշանակում է, որ քաղաքական միավորները կուսակցություններն են՝ չկան մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ ու չկա համապետական ընտրությունների միջոցով ընտրված նախագահ: Կառավարությունը կազմում է ընտրություններում հաղթած կուսակցությունը և հետևապես՝ պատասխանատու է դրա համար: Հայաստանում իրականացվող քաղաքականության համար պատասխանատու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ «Իմ քայլը» դաշինքը ֆիկցիա է՝ կազմված լոկ այն բանի համար, որ անվանումում լինի «քայլ» բառը։
Սակայն, ՔՊ կուսակցությունը, որն ըստ Սահմանադրության՝ պատասխանատու է քաղաքական որոշումների համար, կարծես թե գոյություն չունի։ Որպես քաղաքական սուբյեկտներ գոյություն չունեն նաև ՔՊ-ականները:
Կարդացեք նաև
«Բոլոր կուսակցություններում, համախմբումներում, աղանդներում ամենատգետները միաժամանակ ամենանվիրյալներն են»։
Ալեքսանդր Պոուպ, անգլիացի պոետ, 18-րդ դար
Հեղափոխությունները կուսակցությունները չեն իրականացնում: Հեղափոխություններն իրականանում են ժողովրդավարական շարժումների միջոցով, որում ներգրավվում են բազմաշերտ զանգվածները և տարաբնույթ, երբեմն իրարամերժ գաղափարականացված խմբավորումներ: Դա համընդհանուր խանդավառության ու եղբայրության կարճատև պահերին է լինում: Հետագայում սկսվում է իշխանության համար պայքար, որի արդյունքում տեղի են ունենում պառակտումներ: Դա ցավալի օրինաչափություն է:
Կուսակցականությունները սպանում են հեղափոխությունները, իսկ հեղափոխական կուսակցությունների գործելակերպը լինում է դաժան ու անողոք՝ «Մենք իշխանությունը հանձնելու համար չենք բարիկադներ բարձրացել»: Հեղափոխությունները բախտախնդիրների համար ոսկե ժամանակներ են, նրանցից շատերի համար միակ հնարավորությունն իրենց ինչ-որ կերպ իրացնելու համար և այդ պատճառով նրանք պատրաստ են ցանկացած անօրինականության դեպքում գնալ կոմպրոմիսների։
«Ցանկացած կուսակցության մեջ որքան անհատը խելոք է, այնքանով ավելի նվազ է պատկանում իր կուսակցությանը»
Ստենդալ, ֆրանսիացի գրող, 19-րդ դար
2018-ի զանգվածային շարժման միջոցով տեղի ունեցած իշխանափոխությունը չափից շուտ կուսակցականացվեց, այսինքն՝ ցույց տվեց իր իրական դեմքը․ պայքար՝ հանուն իշխանության ու իշխանության կողմից տրված առավելությունների: Իշխանափոխությունից հետո անմիջապես ձևավորված կառավարությունը կուսակցությունների կոալիցիայից էր բաղկացած: Դա համաժողովրդական նպատակների ու իղձերի համար ձևավորված կառավարություն չէր ու չէր էլ կարող այդպիսին լինել:
Ժողովրդական շարժումները կարևոր ու նշանակալի նպատակի համար են գոյանում, իսկ կուսակցությունները` իշխանություն նվաճելու համար: Սա է անողոք իրականությունը, որն երկար ժամանակ թաքցվում էր «ժողովրդի անունից ու հանուն ժողովրդի» կարգախոսի տակ՝ առանց որևէ հստակ նպատակ հայտարարելու:
«Ով ունակ է մտածելու, որպես կուսակցության անդամ պիտանի չէ․ նա իր մտքով հեշտությամբ քանդում է կուսակցության պարիսպները»
Նիցշե, գերմանացի փիլիսոփա, 19-րդ դար
Այսօրվա կառավարության ձախողումների համար պատասխանատու է ՔՊ կուսակցությունը և այդ կուսակցության յուրաքանչյուր անդամ՝ անկախ իր մտավոր ունակությունից, զբաղեցրած դիրքից, անկախ նրանից, որ այդ կուսակցության անդամները վերածվել են ձայնազուրկ ամբոխի, որը վավերացնում է մեկ մարդու որոշումները: Սակայն կառավարության հաջողությունների ու ձախողումների համար քաղաքական պատասխանատուն ոչ թե այդ անձն է, այլ ողջ կուսակցությունը, նաև նրա յուրաքանչյուր անդամ, առավել ևս յուրաքանչյուր մանդատավոր: Դա է Սահմանադրության պահանջը:
Պատահական չէ, որ ըստ Սահմանադրության նորմի, երբ ԱԺ-ն երկու անգամ չի կարողանում ձևավորել կառավարություն, ապա խորհրդարանն արձակվում է: Դա միջազգային փորձի վրա հիմնված կանոն է: Գործող խորհրդարանը, այսինքն ՔՊ-ական մեծամասնությունն ունի շանս ձևավորելու նոր կառավարություն` նոր վարչապետով, սակայն դրա համար ՔՊ-ն պետք է դառնա իսկական կուսակցություն, որտեղ կարող են հնչել տարբեր տեսակետներ, տեղի ունենալ դեբատներ, այսինքն այն պետք է դառնա քաղաքական մարմին:
Այսօր այդ կուսակցությունն ունի հնարավորություն փորձելու վերածվել իրական կուսակցության, հետո նման հնարավորություն չեն ունենա։
Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուրը՝ politeconomy.org