Լրահոս
Օրվա լրահոսը

11 տարեց էլ է վարակվել կորոնավիրուսով, բայց մասնավոր խնամքի կենտրոնում

Մայիս 31,2020 19:15

«Ավագ սերունդ» ՍՊԸ-ին պատկանող տարեցների խնամքի կենտրոնից օրերս 11 տարեց տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ: Նրանց մոտ եւս հայտնաբերվել է կորոնավիրուս: Լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը: Նրա խոսքով, չնայած կարանտինի խիստ պայմաններին, որը խնամքի կենտրոնում հայտարարվել էր դեռեւս արտակարգ դրությունից էլ առաջ՝ մարտի 1-ին, վիրուսը կարողացել է այստեղ էլ թափանցել: Տարեցները վարակվել են կենտրոնի բուժքրոջից, որը համատեղության կարգով նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնում է աշխատել եւ հերթապահություն իրականացրել:

«Մեր մոտից գնալիս բուժքույրն իրեն լավ է զգացել, ջերմաչափվել է, որեւէ ախտանիշ չի ունեցել: Բայց երբ այնտեղի հերթապահությունից է դուրս եկել, իրեն վատ է զգացել ու մեզ այդ մասին տեղեկացրեց: Քանի որ ենթադրվում էր, որ մեր բուժքույրը կարող է կորոնավիրուսով վարակված լինի, բայց հիվանդությունը գտնվի գաղտնի շրջանում, որը որեւէ կերպ չէր արտահայտվել մինչ այդ պահը, հրավիրեցինք մասնագետներին, որպեսզի մեր կենտրոնի տարեցներին թեստավորեն: Պարզվեց, որ 11 տարեցի թեստը դրական է, նրանց մոտ առկա է կորոնավիրուս»,-ասաց Ալլա Հարությունյանը:

Խնամքի կենտրոնի այլ անձանց եւս թեստավորել էին եւ սպասում էին պատասխանի: Կազմակերպության փոխնախագահն ասաց, որ նրանց թեստերի պատասխանները նույնպես եկել են, բացասական են:
Ալլա Հարությունյանի խոսքով, հոսպիտալացված 11 տարեցն էլ իրենց լավ են զգում, ծանր կամ ծայրահեղ դեպքեր չկան, այդուհանդերձ, շարունակում են մնալ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, քանի որ գտնվում են ռիսկային խմբում. «Նրանց առողջական վիճակը լավ է եղել, որովհետեւ մենք լավ խնամք էինք տանում: Ամեն օր պրոֆիլակտիկայի համար վիտամիններ էինք տալիս, նրանք այդ օրերին մշտապես Ց վիտամին էին օգտագործում: Բժիշկներն ասում էին, որ լավ եք նայել, դրա համար ծանր դեպքեր չունենք»:

Կորոնավիրուսով վարակված տարեցների մի մասն, ըստ մեր զրուցակցի, տեղափոխվել է Նորք-Մարաշի վնասվածքաբանության հիվանդանոց, որը վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար: Մյուս կեսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն:

«Ավագ սերունդ» ՍՊԸ-ին պատկանող խնամքի կենտրոնը մասնավոր է, գործում է վճարովի հիմունքներով, այն հիմնադրել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը, որից ստացված հասույթն, ըստ Ալլա Հարությունյանի, ուղղվում է անվճարունակ եւ սոցիալապես անապահով խավերի կարիքներին: Մեր զրուցակցի խոսքով, կազմակերպությունը մոտ 4000 շահառու ունի, որոնց մեծ մասը տարեցներ են: Կարանտինի պայմաններում նրանց եւս անհրաժեշտ սնունդ ու այլ իրեր են հասցրել, որպեսզի խոցելի խմբերը տանից դուրս չգան:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ենթակայությամբ գործող Նորքի տուն-ինտերնատում։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031