Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուստները գուցե եւ վճարեն, իսկ թանկարժեք գույք ունեցող, բայց աղքատ թոշակառուներն ի՞նչ անեն, բնակարաննե՞րը վաճառեն

Մայիս 31,2020 17:27

Մայիսի 27-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած գույքահարկի բարձրացման նախագիծը Ազգային ժողովի օրակարգ դեռ չի մտել: Նախագիծը, որը վարչապետ Փաշինյանը  համարեց «հեղափոխական», քանի որ անշարժ գույքը հարկվելու է հարստությանը համարժեք եւ այդ բարձրացումը, մասնավորապես՝ վերաբերելու է «դղյակներին ու ապարանքներին», որոշ բացեր ունի, որոնց պատասխանները ո՛չ կառավարությունը ո՛չ էլ առայժմ իշխանական թեւի պատգամավորները չեն տալիս: Ասում են՝ կմտնի ԱԺ օրակարգ, կլինեն քննարկումներ եւ այդ հարցերի պատասխանները կտան:

Այդուհանդերձ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գտնում է, որ գույքահարկի մասին քաղաքացիներին «աղավաղված պատկեր է ներկայացվում»: Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը օրինակներ է ներկայացնում, թե շուկայական արժեքով գույքի գույքահարկը կադաստրային արժեքով հաշվելու դեպքում, որքան փոքր գումար է կազմել:

Ըստ նրա, օրինակ՝ Երեւանի կենտրոնում՝ Հերացի փողոցում գտնվող 80 հազար դոլար շուկայական արժեքով 120 քմ բնակարանի համար տարեկան վճարվում է 9 հազար դրամ գույքահարկ, այսինքն՝ 8 անգամ ավելի քիչ, քան 5-6 հազար դոլար արժեցող 15 տարվա Մերսեդեսի գույքահարկը։ Երեւանի Շենգավիթ համայնքում 74 քմ մակերեսով բնակարանի գույքահարկը տարեկան 730 դրամ է (ամսական՝ 61 դրամ):

Պատգամավորը մի քանի օրինակ էլ մարզերից է բերում. «Գավառ, Բոշնաղյան փողոց։ 144 քմ։ Շուկայական արժեքը՝ 10.5-11 մլն դրամ, կադաստրային արժեքը՝ 3.3 մլն դրամ։ Տարեկան գույքահարկ՝ 440 դրամ։ Կապան, Դավիթ Բեկ թաղամաս, 130 քմ, շուկայական արժեքը՝ 14-15 մլն դրամ, կադաստրային արժեքը՝ 2.5 մլն դրամ, տարեկան գույքահարկ՝ 0 (զրո) դրամ։ Գյումրի, Հաղթանակի պողոտա, 150 քմ, շուկայական արժեքը՝ 28-30 մլն դրամ, կադաստրային արժեքը՝ 6.3 մլն դրամ, տարեկան գույքահարկ՝ 3400 դրամ»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, սակայն, կառավարության այս նախաձեռնությունը, սոցիալապես խոցելի խմբի համար անարդար մոտեցում է համարում: Նա նույնպես գտնում է, որ գույքահարկի դրույքաչափերը Հայաստանում բավականին ցածր են եւ բարեփոխման կարիք կա, բայց ոչ կառավարության առաջարկած մեխանիզմով։ Նրա խոսքով, ընդունելի չէ սոցիալապես անապահով խմբի համար գույքահարկ  նախատեսելը, իսկ այս նախագծով առաջինը վերացվում է մինչեւ 3 միլիոն դրամի գույքի դեպքում գույքահարկից ազատման դրույթը: Ըստ նրա, այսուհետ սոցիալապես խոցելի խավը ստիպված կլինի իր բոլոր գույքերի  համար՝ կլինի՝ ոչ մեծ մակերեսով բնակարան, փոքր տնակ, խորդանոց, գոմ եւ այլն՝  գույքահարկ վճարել, որից, մինչ այժմ, ազատված էր:

Ըստ տնտեսագետի, տարվա կտրվածքով դա կկազմի մոտ 15 հազար դրամ: «Սա անարդար մոտեցում է սոցիալապես խոցելի խավի համար, եւ ընդունելի տարբերակ չէ, դա անել  դղյակների համար գույքահարկի դրույքաչափի բարձրացման անվան տակ»,-գտնում է Սուրեն Պարսյանը:

Մեր այն դիտարկմանը, թե կան քաղաքացիներ, որոնք ներկայումս կենսաթոշակով կամ նպաստով են ապրում եւ ամենեւին հարուստ չեն՝ չնայած, որ բնակվում են կենտրոնում՝ թանկարժեք բնակարաններում, քանի որ խորհրդային տարիներին այդ բնակարանները ստացել են կամ՝ ժառանգել, նրանք ինչպե՞ս են այդ ծախսի տակից դուրս գալու, պարոն Պարսյանն ասաց, որ դա էլ խնդիր է, քանի որ նրանց համար էլ գույքահարկը 4 անգամ թանկանալու է:

Հիշեցնենք, որ  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը գույքահարկի բարձրացման անհրաժեշտությունը բացատրեց գույքահարկ-ՀՆԱ ցուցանիշով՝ նշելով, որ Հայաստանն այս առումով հետ է մնում 38 երկրների շարքում, քանի որ հարկման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, որն էականորեն տարբերվում է շուկայական արժեքից: Ըստ Ջանջուղազյանի, փոփոխության արդյունքում գույքային հարկերի պոտենցիալը 4,3 անգամ կաճի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը մի քանի օրինակ է բերել գույքահարկի սպասվող փոփոխությունից: Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում նշում է՝ Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ գտնվող հսկայական առանձնատունը, որն ունի ավելի քան 1400 քմ մակերես եւ որի շուկայական գինը 2-2.5 միլիոն դոլար է, այժմ վճարում է տարեկան 1 միլիոն դրամ  գույքահարկ, փոփոխությունից հետո տան սեփականատերը կվճարի տարեկան 8 միլիոն դրամ գույքահարկ: Ըստ նրա, «Քանաքեռ Զեյթունում 36 քմ մեկ  սենյականոց բնակարանը, որի շուկայական արժեքը 30 հազար դոլար է, այժմ վճարում է 0 դրամ գույքահարկ, առաջիկա բարեփոխումներով տարեկան կվճարի՝ 2021 թ.-ին 836 դրամ (ամսական 70 դրամ), 2022 թ.-ին՝ 1,672 դրամ (ամսական 139 դրամ),  2023 թ.-ին՝ 2,507 դրամ (ամսական 209 դրամ)»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Գույքահարկի թանկաացումը ֆինանսական միջոցների կարևոր աղբյուր է համայնքների համար։ Սակայն փոփոխությունների համատարած կիրառումն ունենալու է սոցիալական հետևանքներ բնակչության համար։ Խուսափելու համար կարելի է փոփոխությունների ենթարկված գույքահարկը կիրառել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի նոր գործարքներ կնքելու դեպքում։ Փոփոխությունները չպետք է ազդեն պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու և նմանօրինակ այլ ծրագրերի շահառուներին։ Սակայն, եթե, բնակարանի վաղեմի սեփականատերը կամ սոցիալական բնակարանի շահառուն այն օգտագործում է եկամուտ ստանալու նպատակով (հանձնում է վարձակալության), օրենքը պետք է տարածվի նրա նկատմամբ ևս։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031