Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծնեբեկով եւ ֆիլո խմորով գլանակ-կարկանդակներ

Մայիս 31,2020 15:00

Քանի դեռ ծնեբեկի սեզոնն է, հնարավորինս հաճախ է պետք ուտել այդ հրաշալի բանջարեղենը: Այս անգամ առաջարկում եմ հետաքրքիր մի ուտեստ՝ ֆիլո խմորով փաթաթված ծնեբեկ, որը կարող եք ե՛ւ որպես նախաճաշ պատրաստել, եւ երեկոյան՝ մի բաժակ գինու հետ շատ լավ կհամադրվի:

Անհրաժեշտ մթերքները

Ֆիլո խմոր- 1 տուփ (500 գրամանոց, որի մեջ 15-16 հատ խմորի թերթիկ կա)

Ծնեբեկ- 30-32 հատ

Բուսական յուղ- մոտ 100 գրամ (ցանկալի է վերցնել ձիթապտղի յուղ)

Խոզի ապխտած կրծքամիս կամ բեկոն- 5-6 կտոր

Որեւէ փափուկ, հալվող պանիր՝ սուլուգունի, մոցարելա-5-6 կտոր

Դեղին, չոր պանիր- գաուդա կամ չեդդեր տեսակի- 5-6 կտոր

Պարմեզան- 50 գրամ

Աղացած կարմիր կծու պղպեղ- 0,5 թեյի գդալ

Արեւածաղկի մաքրած սերմեր կամ քունջութ-1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Ինչպես հայտնի է, ֆիլո խմորը վաճառվում է սառեցված վիճակում, եւ գնելուց հետո էլ պետք է պահպանել սառցարանում: Ցանկացած թխվածք ֆիլո խմորով պատրաստելու համար խմորը պետք է սառցախցիկից հանել առնվազն 5-6 ժամ առաջ եւ դնել սառնարան: Սառնարանում այն ավելի երկար է ապասառեցվում, բայց ավելի լավ վիճակում է լինում, քան եթե միանգամից սենյակային ջերմաստիճանում ապասառեցնեք:

Եվ ուրեմն, ապասառեցրեք ֆիլո խմորը:

Ծնեբեկի ստորին մասի կոպիտ հատվածը հեռացրեք, մաքրեք նաեւ թեփուկները, լավ լվացեք: Պարմեզանը քերեք մանր քերիչով, իսկ մյուս երկու տեսակի պանիրները շատ բարակ շերտով կտրատեք:

Վերցրեք մեկ թերթիկ խմոր, վրան ցողեք ձիթայուղ, վրձինով տարածեք, ծալեք մեջտեղից, նորից վրան ձիթայուղ քսեք:

Այժմ պետք է «լցոնել» ֆիլոյի թերթիկը: Կարող եք ցանկացած համադրություն կազմել: Օրինակ՝ միայն բեկոնով (խոզապուխտով) եւ ծնեբեկով: Դրա համար ֆիլոյի մի եզրին դրեք բեկոնը, վրան՝ իրարից բավականին հեռու, դրեք երկու հատ ծնեբեկ: Մեկ այլ համադրություն կարող է լինել բեկոնը, պանիրը եւ ծնեբեկը: Կամ՝ միայն պանիր ու ծնեբեկ: Կամ՝ երկու տեսակի պանիր եւ ծնեբեկ: Եթե բուսակեր եք եւ պանիր էլ չեք սիրում, կարող եք ծնեբեկի հետ մայոնեզ կամ կետչուպ դնել, կամ՝ «մարինարա» թանձրուկ, կամ՝ երկու-երեք մասի բաժանած չերրի լոլիկ:

Ապա գլանաձեւ փաթաթեք խմորը:

Այդպես բոլոր թերթիկները ձեր նախընտրությամբ լցոնեք եւ փաթաթեք:

Ջեռոցը միացրեք 220 աստիճան, թողեք տաքանա, մինչեւ վերջնական տեսքի բերեք գլանակ-կարկանդակները: Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ դրեք, գլանակները շարեք վրան, վրայից էլ ձիթայուղ քսեք, ապա մանր քերած պարմեզան, աղացած կարմիր պղպեղ եւ արեւածաղկի սերմեր կամ քունջութ ցանեք յուրաքանչյուր գլանակի վրա: Կարող եք յուրաքանչյուր տեսակի լցոնով գլանակի վրա որեւէ կոնկրետ բան ցանել, որպեսզի հետո հստակ իմանաք, թե որ գլանակն ինչ լցոնով է:

Դրեք ջեռոցը մոտ 15-20 րոպեով, մինչեւ լավ կարմրի: Մատուցեք տաք-տաք: Սառը վիճակում նույնպես շատ համեղ է:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031