Լրահոս
Օրվա լրահոսը

Միանշանակ է, որ առանց դիմակ վարակվելու ռիսկը հսկայական է․ բժիշկ Սերգեյ Խաչատրյան

Մայիս 31,2020 13:40

Առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դիմակ կրելու անհրաժեշտության մասին խոսք նույնիսկ չի կարող լինել, ծպտուն անգամ հանել չի կարելի, միանշանակ է, որ առանց դիմակ վարակվելու ռիսկը հսկայական է։ Դիմակ կրելը պարտադիր է և վերջ։ Համաձայն եմ, որ չկրելու համար տուգանքը հասնի աստղաբաշխական թվերի, օրինակ 100.000$ : ԵՎ քանի որ մեր հասարակության մի ստվար զանգված մշտապես գտնվում է ամենագիտունիկների ստատուսում, հիմնավորեմ։ Բանը նրանում է, որ թյուր կարծիք կա, որը կապված է «օդակաթիլային» տերմինի հետ։ Հասկանալի է, չէ՞, որ օդ ու կաթիլ բառերից են։ Սակայն , կաթիլներից բացի մարդու խոսելու, նույնիսկ ուղղակի շնչելու ժամանակ օդում իր կողմից տարածվում են աերոզոլի տիպի նանոմասնիկներ, որոնք աննշան քաշ ունեն և գետնին իջնում են բավական երկար ժամանակում․ ԱՄՆ-ում իրականացված վերջին հետազոտություններով՝ մինչև 14 րոպե փակ տարածքում (առանց քամիների) և ոչ թե 2 մետր հեռավորությամբ, այլ մինչև 4 մետր, իսկ եթե մարդը գոռում է կամ բարձր է խոսում, սկսվում է իսկական դժոխք։

Հիմա բաց տարածքում նույնիսկ թեթև քամին այդ նանոմասնիկները տարածում են վերև, ներքև, խառը և շատ ավելի հեռու, քան կարելի է պատկերացնել, պարզագույն և ամենամոտիկ օրինակ՝ դիմացի մայթը։ Իհարկե, անխոս է նաև, որ դիմակը օգտակար է բացառապես ճիշտ կրելու, հանելու և ուտիլիզացիայի դեպքում, սա անվիճելի է։

Հիմա ձեռնոցի մասին։ Եթե ենթադրենք, որ մարդիկ ձեռքերը ճիշտ լվանալ գիտեն, և ամենուր կա ձեռքեր լվանալու հնարավորություն կամ հատուկ միջոցներ, ապա ձեռնոցը կրելը կարող է պարտադիր չլինել։ Բայց 100 % վստահ եմ, հայկական տարբերակով ՝ միլիոն տոկոս, որ եզակի մարդիկ են ճիշտ լվանում և մշակում ձեռքերը՝ հատուկ սահմանված հերթականությամբ, տեխնիկայով, ինտենսիվությամբ և տևողությամբ։ Ձեռնոց կրելու պարագայում դա արդեն պակաս կարևոր է, քանի որ այն ՃԻՇՏ հանելու դեպքում ձեռքերի մաշկը կմնա հարաբերական մաքուր և միևնույն է՝ մշակման կարիք կլինի, իհարկե, բայց արդեն այնտեղ, ուր ձեռք լվանալու կամ մշակելու հնարավորություն կա։

Ընդամենը ռիսկերի չափի խնդիր է։ Ձեռնոց կրելը, ինչպես և դիմակը նվազեցնում են վարակման ռիսկը։ Վերջում մեկ օրինակ՝ վիրաբուժության մեջ դիմակների և ձեռնոցների կիրառումը անհամեմատելի նվազեցրել է վերքերի ինֆեկցումը, հետվիրահատական բազմաթիվ բարդությունները։ Ի՞նչ է, վիրաբույժը ձեռք ճիշտ լվանալ ու «ճիշտ» շնչել չգիտի՞։ Ճիշտ հակառակը, մինչև ձեռնոց հագնելը րոպեներ շարունակ ինտենսիվ լվանում և մշակում է ձեռքերը և նոր միայն ստերիլ ձեռնոց հագնում։ Իսկ վիրահատության ժամանակ նյարդա-հոգեբանական հսկայական լարվածությունը բերում է նաև ինտենսիվ շնչառության հենց բաց վերքի անմիջական մոտիկությամբ։

Դիմակը պաշտպանում է, չէ՞։ Հաստատ, Ձեզ էլ է պաշտպանելու։ Ամուր և պաշպանված առողջություն բոլորիս։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3208135949263189&id=100002004465223

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031