Ստեփանավանի Դենդրոպարկն արդեն բաց է, սակայն ոստիկանական հսկողությամբ:
Հիշեցնենք՝ մեկ օր առաջ տեղեկացրել էինք, մայիսի 29-ին ոստիկանությունը փակել էր Դենդրոպարկ տանող ճանապարհը և թույլ չէր տալիս քաղաքացիներին մուտք գործել այգի:
Պատճառը նախորդ օրերի անկարգապահ իրավիճակն էր, երբ տասնյակ, հարյուրավոր քաղաքացիներ չէին պահպանում սոցիալական հեռավորությունը, առանց դիմակի էին:
Կարդացեք նաև
Aravot.am-ը պարզեց, որ այսօր քաղաքացիները հնարավորություն ունեին մուտք գործել Դենդրոպարկ, բայց դիմակի առկայությամբ և փոքր խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Այսօր այցելուների թիվը կտրուկ նվազել էր՝ համեմատած նախորդ օրերի:
Մեր տեսախցիկը ֆիքսեց, որ Դենդրոպարկի տարածքում տասնյակ ոստիկաններ էին հսկողություն իրականացնում: Ոստիկանական մի պահակակետ տեղակայված էր Գյուլագարակ համայնքից դեպի Դենդրոպարկ տանող ճանապարհին, իսկ մյուս պահակակետը դեպի Դենդրոպարկի մուտք բարձրացող ճանապարհի սկզբնամասում էր:
Ոստիկանները քաղաքացիներին թույլ չէին տալիս մեքենաներով բարձրանալ դեպի այգու մուտք: Իսկ դրամարկղի մոտ թույլ չէին տալիս քաղաքացիների կուտակումներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ