Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկավոր է լուրջ մոտենալ․ 12 օր ո՛չ համ էի զգում, ո՛չ հոտ»․ լրագրողի կորոնավիրուսային պատմությունը

Մայիս 30,2020 22:18

Aravot.am-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ, լրագրող Նազելի Էլբակյանը, որը նույնպես հիվանդացել էր կորոնավիրուսով, ասաց՝ թեստի պատասխանը ստանալիս բացարձակ սթրես չի ապրել։ Նա միշտ մտածել է ու տրամադրվել՝ բացառություն չի կարող լինել, ինչպես յուրաքանչյուրն, այնպես էլ ինքը որևէ պահի կարող է հիվանդանալ։ Երբ զանգահարել են իրեն ու հայտնել, որ շփում է ունեցել վարակակրի հետ, նա գիտակցաբար է մոտեցել, որ հնարավոր է՝ ինքն էլ վարակված լինի։

Լրագրողն ասում է, որ թեև վիրուսի տարածման ամբողջ ընթացքում խստագույնս հետևել է հիգիենայի կանոններին՝ մշտապես դիմակով ու ձեռնոցով է ման եկել, ալկոգելից է օգտվել, այդուհանդերձ, լինում է մի պահ, երբ հիվանդությունը քեզ ևս չի շրջանցում։

Նազելի Էլբակյանն արդեն լիարժեք ապաքինված է, նա մեզ ներկայացրեց իր փորձը, թե ինչպես է հաղթահարել այն։

«Ամենասկզբում որևէ ախտանիշ չի եղել, մայիսի 1-ի երեկոյան թեթև՝ աննշան հազ սկսվեց, որին ուշադրություն չեմ էլ դարձրել։ Մայիսի 2-ի առավոտյան զանգել, տեղյակ են պահել, որ կոնտակտավոր եմ, շփում եմ ունեցել մի անձի հետ, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նշված անձի հետ շփվել էի ապրիլի 27-ին։ Այսինքն՝ ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ի երեկոյան թեթև հազն ախտանիշ չի եղել։ Երբ մայիսի 2-ին տեղյակ պահեցին ու ասացին, որ մեկուսացման են տանելու, ջերմաչափում արեցի, տեսա, որ 37․4 ջերմություն ունեմ, ու ես նախընտրեցի միանգամից դիմել հիվանդանոց։

Քանի որ այդ պահին Գյումրիում էի, դիմել եմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, համապատասխան ստուգումներ անցնելուց հետո հաջորդ օրը նմուշառում իրականացվեց, որից մոտ երեք օր հետո թեստի պատասխանը դրական եկավ։ Իսկ մինչ պատասխանը ստանալը մյուս ախտանիշներն ի հայտ եկան՝ համի ու հոտի զգացողության բացակայություն։ Ընդհանրապես համ ու հոտ չէի զգում, գրիպի նման չէր, գլխացավ ու աննկարագրելի թուլություն, ջերմությունս էլ 38-ից ավելի էր բարձրացել։ Համի ու հոտի զգացողության բացակայությունը մոտ 12 օր տևեց, 13-րդ օրը նոր զգացել եմ, որ կամաց-կամաց վերականգնվում է։

Հինգ օր եմ մնացել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, քանի որ ինձ մոտ թոքաբորբ չկար, հիվանդության բարդացում չկար, տեղափոխել են Ծաղկաձոր։ 7-8 օր մնացել եմ այնտեղ՝ նորից բժիշկների հսկողության տակ։ Ջերմաչափում էր արվում օրական 2-3 անգամ ու դրանից հետո արդեն արվեց նմուշառում, թեստի կրկնակի բացասական պատասխանով բերել են ինձ տուն։

Ինձ մոտ այլևս վիրուս չկա, ամբողջությամբ առողջացել եմ, բայց ևս 14 օր ինքնամեկուսացված եմ մնացել տանը, քանի որ թույլ էի, ու կար մտավախություն, որ հանկարծ գրիպ կամ այլ հիվանդություններ չվերցնի օրգանիզմս։ Ես արդեն դուրս եմ եկել ինքնամեկուսացումից»,-ասաց Նազելի Էլբակյանը։

Նա նաև ասաց, որ Գյումրու ինֆեկցիոն գնալիս՝ իր հետ վերցել է օծանելիք, որպեսզի փորձարկի ՝ հոտառություն ունի՞, թե ոչ;

«Պայուսակիս մեջ օծանելիք կար, անընդհատ հոտառությունս ստուգում էի, քանի որ լսել էի՝ հիվանդության ախտանիշներից մեկը հոտառության բացակայությունն է։ Առաջին օրը և մինչև հաջորդ օրվա երեկոն հոտառությունս դեռ տեղում էր, բայց հետո օծանելիքի բույրն ընդհանրապես չզգացի։

Իսկ համի բացակայությունը ստուգելու համար կտրում էի մրգերը, հանգցնում էի հիվանդասենյակի լույսն ու ուտում էի՝ հասկանալու համար՝ արդյոք համ զգո՞ւմ եմ, փաստորեն համ չէի զգում, հիշողությամբ էր»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե հիվանդության ընթացքում դեղորայք ընդունե՞լ է, թե վիտամիներով, մրգերով է բուժվել։

«Քանի որ ինձ մոտ հիվանդության բարդացում չի եղել, ես բարձր ջերմության դեպքում ընդամենը սովորական ջերմիջեցնողներ եմ ստացել ու վիտամիններ, սննդի ու մրգերի միջոցով էր վիտամինային հագեցվածությունը։ Այլ դեղամիջոցներ չեմ ստացել», -ասաց Նազելի Էլբակյանը։

Նա նաև ասաց, որ յուրահատուկ վերաբերմունք են ցուցաբերել․ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը շատ հոգատար է եղել բոլորի նկատմամբ։

«Փորձում էին հոգատարությամբ, մարդկային մոտեցմամբ հիվանդների տրամադրությունը փոխել։ Շատ էին նշում, որ անհրաժեշտ է ձերբազատվել վախերից, քանի որ իմունիտետը վախով պայմանավորված ընկնում է, ի զորու չի լինում պայքարել վիրուսի դեմ։ Միայն դրական լիցքեր եմ ստացել բուժանձնակազմից, օր ու գիշեր աշխատում էին»։

Մեր դիտարկմանը՝ շատերը կան, որ չեն հավատում հիվանդության գոյությանը, մեր զրուցակիցն ասաց․ «Ես պարզապես կուզենամ ասել, որ մարդիկ զգույշ լինեն, հիվանդությունը գոյություն ունի, ես անցել եմ այդ ամենի միջով, բարեբախտաբար, առողջացել եմ։ Ես երբեք որևէ հիվանդություն չեմ ունեցել և որպես առողջ, երիտասարդ օրգանիզմ համեմատաբար թեթև եմ տարել այս վիրուսը, բայց, այնուամենայնիվ, մեկ ամիս պահանջվեց հիվանդության դեմ պայքարի ու վերականգնման համար, հարկավոր է լուրջ մոտենալ»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Նազելի Էլբակյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031