Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաճարակները Հայաստանի եւ Վրաստանի համար ընդհանուր սպառնալիք են». Նիկոլ Փաշինյանը՝ բուժօգնություն ստանալու համար Վրաստանին դիմելու մասին

Մայիս 30,2020 20:49

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ավարտին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրատվամիջոցների տված երկու հարցի:

Առաջին հարցը վերաբերում էր թեստավորումների քանակը նվազելուն եւ նրան, թե երբ պատրաստ կլինեն հայկական արտադրության առաջին թեստերը:

«Թեստավորումներն իրականացվում են ըստ ցուցումների: Առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում է պետք թեստավորել քաղաքացիներին: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան առաջանում է ըստ ցուցումների: Ինչ վերաբերում է հայկական արտադրության թեստերին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը ավարտել է լաբորատոր փորձարկումները եւ դիմել առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումներ կազմակերպելու համար: ԱՆ-ը մի քանի օրվա ընթացքում այս պրոցեսն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը: Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն՝ օրական 1000-2000 թեստ»,-պատասխանեց վարչապետը:

Հարցին, թե օրերս Վրաստանի հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը հայտարարեց, որ եթե Հայաստանը դիմի իրեն, Վրաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի, թեստավորման եւ, ընդհուպ, հիվանդներին Վրաստանում ընդունելու եւ բուժօգնություն տրամադրելու հարցում:

Հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանը այդ հարցով դիմի հարեւան պետությանը, ո՞ր դեպքում դրա անհրաժեշտությունը կառաջանա եւ կոնկրետ ի՞նչ աջակցության տեսակի համար Հայաստանի կառավարությունը կարող է դիմել Վրաստանին, վարչապետը պատասխանեց. «Մենք կորոնավիրուսի համաճարակի կամ դեպքերի արձանագրման առաջին օրվանից  սերտորեն գործակցել ենք Վրաստանի կառավարության հետ: Ընդ որում, վարչապետից մինչեւ մասնագետներ: Եվ այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում: Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է եւ նման պատրաստակամությունը շատ ջերմացնում է մեզ: Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր: Բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի: Ինչպես մենք բոլորս կարող ենք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք այնպես անել, որպեսզի աջակցության կարիք չունենանք: Մենք պետք է պատրաստակամություն ունենանք փոխադարձաբար, առավելապես, Հայաստանը եւ Վրաստանը՝ իրար օգնելու: Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել: Այս ընթացքում մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետեւ համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են, դա ընդհանուր սպառնալիք է: Մենք մեր հարեւանների՝ եւ Վրաստանի, եւ Իրանի, եւ միջազգային մյուս գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031