Պոլիկլինիկաները՝ առողջապահության պահպանման առաջնային օղակները, վերջին շրջանում շատ լայնորեն ընդգրկված են հակակորոնավիրուսային պայքարում: Այդ օղակում կատարվող աշխատանքների մասին խոսեց Երեւանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:
Նրա խոսքով, դեռ մարտ ամսվանից իրենք զբաղվում էին կորոնավիրուսով հիվանդների հայտնաբերման եւ հսկման գործընթացով: Այժմ դերը փոխվել է: «Մեր հիմնական գործառույթը եղել է ջերմող եւ վերին շնչառական ախտանիշներով դիմած հիվանդների մոտ COVID-ին բնորոշ ախտանիշների հայտնաբերումը, նրանց վիճակի գնահատումը եւ նմուշառումների ուղեգրումը: Եվ քանի որ եղավ դեպքերի բավական աճ, ապրիլի 20-ից քաղաքապետարանի եւ նախարարության համատեղ ուժերով ստեղծվեցին շրջիկ բրիգադներ, որոնք նմուշառումները կատարում էին տնային պայմաններում:
Դրական թեթեւ դեպքերը հսկվում են տեղամասային թերապևտիկ բժիշկների կողմից մշտական հեռախոսակապով, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ այցելություններով տուն:
Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին շրջանում բնակչության շրջանում նկատվում է ծանր դեպքերի շատացում, ընդ որում, արդեն ամբողջ ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա:
Կարդացեք նաև
Խնդրում եւ կոչ եմ անում, որպեսզի հետեւեք պարետի որոշմամբ սահմանված բոլոր միջոցառումներին: Մտածեք ոչ միայն ձեր, այլ նաեւ հարազատների, երեխաների, մայրերի, տատիկ-պապիկների առողջության մասին, մի վտանգեք նրանց: Կրեք դիմակ, հաճախակի ախտահանեք ձեռքերը, պահեք սոցիալական հեռավորություն եւ խուսափեք անմիջական, սերտ շփումներից, եթե դրանք խիստ անհրաժեշտ չեն»,-հորդորեց Ռուզաննա Դուրգարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ