Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական տանկերների արշավը Վենեսուելա. քարոզչական հաղթանակ Թեհրանի համար

Մայիս 30,2020 18:04

Վերջին օրերին համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել իրանական նավթային տանկերների մուտքը Վենեսուելա:

Իրանական և միջազգային լրատվամիջոցների հաղորդման համաձայն և հակառակ իրանական տանկերների դեմ ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների, բենզին և նավթաքիմիական նյութեր պարունակող իրանական երկու Fortune և Forest տանկերները մայիսի 24-ին և 25-ին մուտք են գործել Վենեսուելայի «Էլ-Փալիտո» նավահանգիստ:

Ռուսական Russia Today լրատվական ցանցը հաղորդել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին ամերիկյան նավատորմի «Ադամ Ջոզեֆ» ռազմանավը, մինչև Վենեսուելայի հատուկ տնտեսական գոտի մուտք գործելը, հետապնդում էր իրանական տանկերին: Իհարկե ռուսական ԶԼՄ-ները համահունչ իրանական քարոզչամեքենային փորձում են մեծացնել Վենեսուելայի և Իրանի բարեկամական և անվտանգության համագործակցության կարևորությունը քարոզչական տիրույթում՝ ինչն անշուշտ ուղղված  է Իրանի և Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի քայլերի դեմ։ Մի բան անկասկած է, որ մինչ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ սահմանված նավթարդյունաբերական նոր պատժամիջոցները Ռուսաստանը Վենեսուելայի բենզինի հիմնական մատակարարողն էր, ինչը վերջերս նվազել է կորոնավիրուսի համավարակի և նավթի միջազգային գնի անկման և Ռուսաստանի ներսում տնտեսական դժվարությունների պատճառով։

Իրանական նավթային երեք՝  Clavell, Faxon և Petunia   տանկերները նույնպես գտնվում են Վենեսուելայի ճանապարհին: Իհարկե սա տեղի է ունենում այն պայմաններում երբ ավելի վաղ, Վաշինգտոնը սպառնացել էր ուժ կիրառել դեպի Վենեսուելա շարժվող  իրանական հինգ տանկերների դեմ: Հատկանշական է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված խիստ պատժամիջոցների ֆոնին և այն պայմաններում երբ իրանական առևտրային նավերը և նավթային տանկերներն ընդհանրապես անջատված տեղորոշման ռադարներով են մուտք գործում միջազգային ջրեր, այս դեպքում, Իրանը մոտ մեկ ամիս առաջ բացարձակապես հայտարարեց, որ հարավային Իրանի Բուշեհր նավահանգստում բենզինով լիցքավորում է  հինգ տանկերներ, որոնք պետք է ուղևորվեն Վենեսուելա։ Իրանի այս քայլն ոչինչ չի նշանակում բացի այն, որ քարոզչական դաշտում  նոր մարտահրավեր է նետել ԱՄՆ-ի դեմ, այն էլ այն պայմաններում, երբ Իրանն առհասարակ նավթի միջազգային շուկայում բենզին արտադրող երկիր չի համարվում և միայն ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից սահմանված նավթային պատժամիջոցների ճնշման տակ  2018 թ․-ից ի վեր փորձել է Հարավային Փարս նավթագազային օբյեկտում բենզին արտադրել ներքին շուկայի սպառման համար։ Սակայն, երկրում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած բենզինի սպառման պահանջարկի զգալի անկումով, հատկապես Նովռուզի տոների արձակուրդներին, Իրանը կարողացավ իր նավթային պահեստներում որոշ քանակությամբ բենզին կուտակել, որի համար անհրաժեշտ էր գտնել արտասահմանային հաճախորդներ։

Որոշ ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ Իրանը 1 միլիոն բարել բենզին և նավթաքիմիական լրացուցիչ նյութեր է ուղարկել Վենեսուելայի ձախակողմյան կառավարության համար, որի փոխարժեքը Մադուրոն խոստացել է վճարել ձուլված ոսկով, ինչը մասնագետների գնահատմամբ կազմում է 50 միլիոն ԱՄՆ դոլար։ Պատժամիջոցների ծանր պայմաններում 50 միլիոն դոլար գումարն անկասկած Իրանի հիվանդ ու մահամերձ տնտեսության համար զգալի փող չէ, որպեսզի Թեհրանը կարողանա միաժամանակ դիմակայել ֆինանսական ճգնաժամն ու կորոնավիրուսի պանդեմիայի տարածվող վտանգին, գումարած դրան շարունակել իր պրոքսի պատերազմները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և աջակցել Իսլամական համակարգին հարող շիական խմբերին՝ Լիբանանում, Սիրաիայում, Իրաքում և Եմենում։

Հետևաբար 5 նավթատար տանկերների քարավանի գործուղումն դեպի Վենեսուելա այն էլ, հակառակ Իրանի ավանդական գաղտնի և օրինազանց մեթոդներին, օրը ցերեկով միացված տեղորոշման  ռադարներով և միջազգային ծովագնացության առևտրի և միջազգային օրենքների համաձայն նավարկումը դեպի Սուեզի և Ջիբր ալ-Թարի նեղուցները,  ոչինչ չի նշանակում բացի այն, որ Իրանը ցանկանում էր ԱՄՆ-ին ներգրավել միջազգային ծովագնացության իրավունքին հակասող և առևտրային միջազգային օրենքներին դեմ ուղղված գործողության մեջ։ Այլապես Իրանը կարող էր մեկ միլիոն բարել բենզինը մեկ կամ երկու տանկերով, այն էլ անջատված  տեղորոշման ռադարներով և Հնդկական օվկիանոսի Բարեհուսո հրվանդանի ճանապարհով  առանց ուշադրություն գրավելու անցկացնել դեպի Վենեսուելա։  Ուրեմն Իրանը միտումնավոր է դիմել այս քայլին նախ քարոզչական պայքարի դաշտում ԱՄՆ-ին պարտության մատնելու նպատակով, իսկ մյուս կողմից Իրանն իրոք ցանկանում է կորոնավիրուսի գլոբալ պանդեմիայի պայմաններում և ԱՄՆ-ի մոտալուտ նախագահական ընտրությունների ֆոնին, Միացյալ նահանգներին ներգրավել  սահմանափակ  ռազմական բախման մեջ, իհարկե Պարսից ծոցի ռեգիոնից դուրս տարածքներում և որքան լավ կլիներ, որ այդ ծովային ռազմական բախումը տեղի ունենար Ատլանտյան օվկիանոսում ԱՄՆ-ի ծովուժի և Իրանի բարեկամ Վենեսուելայի կամ նույնիսկ Ռուսաստանի ռազմանավերի միջև, այլապես Իրանը կարող էր տանկերների հետ պաշտպանական ռազմանավեր ուղեկցել  Ատլանտյան օվկիանոս։

Վենեսուելայի պաշտպանության նախարարը Վլադիմիր Պադրինո Լոպեզը հայտարարել է, որ Վենեսուելան ողջունում է իրանական նավթային տանկերների մուտքն այդ երկիր և պաշտպանելու է դրանց անվտանգությունը։ Վենեսուելայի ԶՈՒ գլխավոր շտաբը  նույնպես հայտարարել է, որ իրանական նավթատարներին ուղեկցում են  վենեսուելական F-16 և Sukhoi  կործանիչները: Սա վկայում է, որ Իրանը և Վենեսուելան ԱՄՆ-ի դեմ ուղղված հիբրիդ պատերազմի դաշտում Ռուսաստանի հետ միասին նոր քաղաքական խաղ են սկսել ԱՄՆ-ի սպառնալիքների դեմ, որի նկատմամբ Վաշինգտոնը անկարող եղավ համարժեք պատասխան տալ իր մրցակից ուժերին, գոնե առայժմ։

Փաստորեն ԱՄՆ-ն, զգալով Իրան, Ռուսաստան  և Վենեսուելա եռանկյունու խաղի իմաստը, այս պահի դրությամբ չփորձեց կոշտ միջոցի դիմելով կանխել իրանական նավթատարների մուտքը Վենեսուելա, քանի որ Միացյալ Նահանգների տնտեսական ստրատեգները քաջ գիտեն, որ Իրանը այնքան կարողություն չունի բենզինով բեռնավորված տանկերների հաջորդ քարավանը ուղարկել Վենեսուելա և սա կարճատև քարոզչական հաջողություն է Իրանի համար, որին դիմակայելու համար անհրաժեշտ չէ ԱՄՆ-ի ռազմածովային միջամտությունը Կարիբյան ծովում, ինչն իրոք կարող էր հանգել լ Վենեսուելայի և նրա դաշնակիցների ծովային ռազմական լուրջ բախմանը Ատլանտյան օվկիանոսում։

Ամենայն վստահությամբ կարող ենք արձանագրել, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն Իրանի նկատմամբ հիմնված է երկարաժամկետ տնտեսական շրջափակումների և Իրանի միջազգային մեկուսացման ռազմավարության վրա։ Առանց այն էլ Իրանը սահմանափակ թվով բարեկամներ ունի աշխարհում որոնցից մեծ մասը լուրջ պրոբլեմներ ունեն ԱՄՆ-ի կառավարության հետ և ներգրավված են ԱՄՆ-ի գանձապետարանի պատժամիջոցների ցուցակում։

Իրանի հարցով Միացյալ Նահանգների  հատուկ ներկայացուցիչ  Բրայան Հուքը, Foreign Policy-ին տված հարցազրույցում ասել է, որ առավելագույն ճնշման քաղաքականության նպատակն Իրանին բանակցային սեղանին վերադարձնելն է, հավելելով, որ այդ նպատակին չի հաջողվի հասնել, եթե չկիրառվի տնտեսական ճնշում և ռազմական սպառնալիքը: Բայց ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իրոք չի ցանկանում Իրանի ներկայիս իշխող արմատական հոգևոր իշխանության  և ԻՀՊԿ-ի ռազմական հրամանատարության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ Իրանի հետ  Սպիտակ տան նախորդ վարչակազմի միջուկային հարցի շուրջ  բանակցությունները հանգեցրեց Իրանին տնտեսական արտոնություններ տալուն և Մերձավոր Արևելքում իրանական ուժերի ակտիվացմանը։

Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բարեկամական ժեստերին և երբեմն էլ չհաշվարկված հակաիրանական հռետորաբանությանը, թվում է թե Վաշինգտոնը որոշել է մինչև ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունները համբերատար և իհարկե տնտեսական քայքայիչ քաղաքականություն վարել Իրանի նկատմամբ, այնպես որ Թեհրանի ռազմավարական դիրքերը թուլացնելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, Իրանի տնտեսական խոցելիության կամ ներքին ներիշխանական քաղաքական մրցակից խմբերի պայքարի առիթն օգտագործելով հարկ եղած դեպքում՝ անուղղակի ռազմական կամ քաղաքական միջամտությամբ խորտակել Իրանի պլանները Պարսից ծոցի տարածաշրջանում։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031