«Հարգելի ծնողներ, աշակերտներ եւ ուսուցիչներ: Ես ձեզ կոչ եմ անում զանգվածաբար մերժել ապատեղեկատվությունը, այն անհեթեթ, անգրագետ, տգետ խոսակցությունները չիպավորումների մասին, 5G կայանների մասին, վակցինաների մասին, որ սա ինչ-որ դավադրություն է մեր պետության դեմ՝ մեզ ոչնչացնելու:
Մերժել, ծաղրել նման տեղեկատվություն տարածողներին: Սոցիալական ցանցերում բլոկ անել բոլորին: Ինձ համար շատ տարօրինակ է, որ նման տեղեկություն տարածում են որոշ ուսուցիչներ: Այո, ուսուցիչների օգտահաշիվներ են ինձ ուղարկում եւ ասում՝ նայեք, թե ուսուցիչը 5G կայանի կամ չիպավորման մասին տեղեկություն է տարածում: Էս անգրագիտությունը պետք է մերժենք: Եթե անգրագիտությունը չմերժեցինք, լրջագույն խնդիր ենք ունենալու ոչ միայն վիրուսի տարածման հետ: Դա եթե շատ տարածվի, կարող է երկրորդական խնդիր լինի, առհասարակ, ազգային անվտանգության խնդիր ունենանք, որովհետեւ այս ապատեղեկատվությունը, անգրագետ ապատեղեկատվությունը էսպես ընկալելով եւ տարածելով՝ մենք կարող ենք շատ տարբեր իրավիճակներում հայտնվենք, օրինակ, Աստված մի արասցե, պատերազմական իրավիճակներում մենք զոհ դառնանք տարբեր այլ ապատեղեկատվություններին, տանուլ տանք շատ բաներ:
Իհարկե, մեդիագրագիտությանը պետք է շատ ուշադրություն դարձնենք: Բայց այս տարրական անհեթեթություններին հավատալը եւ տարածելը անընդունելի է: Հատկապես, որ որոշ ուսուցիչներ են դա տարածում: Ես չգիտեմ հիմա, թե ինչ լուծումներ կարելի է տալ, բայց շարունակվելու դեպքում անհետեւանք չի կարող լինել»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ