Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի Գյումրու թղթակից Քրիստինե Մկրտչյանը, որը հիվանդացել էր կորոնավիրուսով, Aravot.am-ին պատմեց, թե ինչ ախտանշաններով է արտահայտվել իր մոտ վիրուսը և ինչպես է այն հաղթահարել։
Լրագրողը մեզ հետ զրույցում ասաց, որ չի էլ կռահում, թե ումից է վարակվել, ենթադրում է, որ հիվանդացել է նկարահանման ընթացքում՝ միգուցե և շփվելով վիրուսակրի հետ։ Նա նաև ասաց, որ միշտ պաշտպանվել է՝ դիմակներ կրելով ու ձեռքերը սպիրտով ախտահանելով, առողջապահության նախարարության՝ ձեռքերը ճիշտ լվանալու ցուցումներին հետևելով։ Սկզբում օգտագործել է սպիրտ՝ 96 տոկոսանոց, հետո համոզվել, որ 70 տոկոսանոցն ավելի արդյունավետ է՝ ավելի ուշ է գոլորշիանում։ Տունը ևս ախտահանող միջոցներով է մաքրել։
Նշենք, որ նրա հետ աշխատող օպերատոր Մարտին Գևորգյանը չի վարակվել, նրան ապահովության համար մեկուսացրել էին, 2-3 անգամ թեստավորել, բայց միշտ բացասական են եկել պատասխանները։
Քրիստինե Մկրտչյանը պատմեց․ «Մայիսի 6-ի երեկոյան իմ մոտ հոգնածության զգացում կար, սովորաբար նման զգացում լինում է, բայց ծանրաբեռնված օրվա ավարտին։ Այդ օրը թեթև էր․ աշխատանքի չէի, իմ ազատ օրն էր։ Անհասկանալի էր, թե ինչու եմ այդպես հոգնած, այդ ամենը զուգորդվում էր ուժեղ սրտխփոցով․ ինձ մոտ սրտխփոց էլի է եղել, երբ բարձր ջերմություն եմ ունեցել կամ ճնշման հետ կապված խնդիր եմ ունեցել։ Մի երկու անգամ չափել եմ արյան ճնշումը, տեսել եմ՝ որևէ խնդիր չկա, որոշեցի ջերմաչափում անել ու տեսա, որ ջերմություն ունեմ 37․2 կամ 37․3, հաստատ չեմ հիշում։ Սկզբում կապեցի սովորական մրսածության հետ, մտածեցի, որ կարող է թեթև մրսածություն է։
Կարդացեք նաև
Տան անդամներին էլ խնդրեցի ջերմաչափում իրականացնել, պարզվեց՝ տղաս ունի ջերմություն, ինքն ընդհանրապես չէր զգացել, պարզապես այդ օրը ցերեկը քնել էր։ Մենք էլ դա կապել էինք հոգնածության հետ՝ հոգնած է, քնել է»։
Լրագրողն ապահովության համար որոշել է թեստ հանձնել ու զանգահարելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի Շիրակի մասնաճյուղ՝ ներկայացրել է գանգատները ու խնդրել իրեն թեստավորել ։
«Նախ գանգատներս ներկայացրեցի, ասացի, որ ինձ մոտ չկա կոկորդի ցավ, միայն հոգնածության զգացում ու սրտխփոց կա, իրենք ասացին, որ ջերմությունը բավական է, որպեսզի ցուցում ունենան թեստ վերցնելու։ Հաջորդ օրը կանչեցին իրենց մոտ՝ թեստ հանձնելու, տղայիս հետ գնացի, թեստ հանձնեցինք։ Մեզ խորհուրդ տվեցին մեկուսանալ տանը մինչև թեստի պատասխանը գա։
Երկու օր հետո թեստի պատասխանը եկավ, այդ ընթացքում մեկուսացանք ընտանիքի անդամներից։ Այդ օրերին նաև պայմանավորվածություններ ունեի՝ կապված աշխատանքիս հետ, ես գնալու էի Արթիկ՝ նկարահանման։ Մայիսի 9-ին ընդառաջ նկարահանումներ էի իրականացնելու վետերանների հետ, հետաձգեցի բոլորը, որովհետև կասկածում էի, որ կարող է իմ մոտ վիրուս լինի։ Երկու օր հետո թեստի պատասխանը եկավ, որ դրական է իմ մոտ ախտորոշվել, ասացին՝ անմիջապես պետք է տեղափոխվես Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։
Երբ հեռախոսազանգ ստացա ու բժշկուհին ինձ հայտնեց, որ թեստի պատասխանը դրական է, շատ երկար տևեց, մինչև հասկացա, մի պահ լարվեցի, չգիտեմ՝ ինչ կատարվեց իմ հետ, բայց շատ շուտ կարողացա ինձ հավաքել, որովհետև ես առաջին հերթին հավատացի իմ ինքնազգացողությանը։ Ես մտածեցի՝ այդ պահին շատ լավ եմ զգում և եթե անգամ դրական է, ուրեմն ես շատ թեթև պիտի տանեմ, կհաղթահարեմ այդ ամենը։
Մեր մեքենայով ես ու տղաս անմիջապես տեղափոխվել ենք ինֆեկցիոն, թոքերի ռենտգեն արեցին, պարզվեց, որ մեզ մոտ թոքաբորբ չկա, իմ մոտ բրոնխների հետ կապված փոքր-ինչ խնդիր կար, ասացին՝ լուրջ խնդիր չէ։ Առաջարկեցին երկու տարբերակ, ասացին՝ կարող եք մնալ ինֆեկցիոն հիվանդանոցում, կարող ենք նաև գնալ Ծաղկաձոր՝ մեկուսանալ, բայց քանի որ լուրջ բժշկական միջամտության կարիք չկար, խորհուրդ տվեցին մեկուսանալ, որպեսզի ինֆեկցիոն հիվանդանոցի մահճակալները մնան լուրջ առողջական խնդիր ունեցող հիվանդի, հիմնականում նրանց, ովքեր թոքաբորբ են կամ ովքեր ունեն շնչառական խնդիր, թթվածնի քաղց կա։
Ես տղայիս հետ նախընտրեցի այդ տարբերակը, գնացինք Ծաղկաձոր, ԵՊՀ համալսարանական հյուրանոցի սենյակներից մեկում մեկուսացանք։ Մեր ընտանիքի անդամներին էլ մեկուսացրել էին Գյումրու հյուրանոցներից մեկում։ Հաջորդ իսկ օրը նրանց թեստավորել էին, բացասական եկավ պատասխանները։ Դրանից մի քանի օր անց՝ 7-8-րդ օրը նորից թեստավորեցին, բացասական եկավ, տուն ուղարկեցին, որպեսզի մեկուսանան տանը մինչև ամիս 23-ը։ Մենք էլ մնացինք Ծաղկաձորում այնքան ժամանակ, մինչև նոր թեստ հանձնեցինք և հասկացանք, որ մեր մոտ վիրուսը բացասական է»։
Մեր զրուցակիցը պատմեց նաև հիվանդության ընթացքից, ասաց, որ սկզբում շատ ավելի թեթև էր զգում, ամբողջովին ասիմպտոմ էր, և եթե չունենար հոգնածության զգացողություն, սրտխփոցը չանհանգստացներ, ջերմաչափում չէր անի ու չէր էլ կասկածի, որ հիվանդ է։
«Տղայիս մոտ ընդհանրապես չկար որևէ զգացողություն, գանգատ-բողոքներ, իսկ ընթացքում, եթե չեմ սխալվում 6-րդ օրվանից սկսած՝ մի փոքր ավելի արդեն ի հայտ եկան ախտանիշեր՝ թույլ արտահայտված կոկորդի ցավ, հոդացավեր, մրսածությանը բնորոշ զգացողություններ։ Երբ լավ մրսում ես, դրանից հետո բնորոշ ցավեր՝ ընդհանուր թուլություն, դիմադրողականության անկում, ուժեղ գլխացավեր։ Երրորդ օրը ինձ և տղայիս մոտ աչքերի բորբոքում սկսվեց, մի ժամ տևեց, կարմրություն, քոր և արցունք։ Աչքերը փակելուց ու բացելուց անընդհատ այդ զգացողությունը կար։ Մեզ խորհուրդ տվեցին անընդհատ սառը ջրով լվացվել՝ 10-15 րոպեն մեկ, սառը ջուրը հանգստացնում էր, և ինքն իրեն անցավ։ Տղայիս մոտ քթից արյունահոսություն կար, երեք օր արյուն եկավ տարբեր ժամերի, որևէ տրավմայի չենթարկվելով՝ հենց այնպես արյուն էր գալիս։
Երբ թեստը բացասական եկավ և եկանք տուն, դրան հաջորդող մի քանի օրերին ևս ծանր էի զգում, կարծես ավելի ծանր, նույնիսկ կասկածում էի, թե հնարավոր է նորից գլուխ բարձրացրած լինի, կրկնված լինի, բայց ջերմություն չունեի․ ուղղակի թուլություն, քնկոտություն։ Հիմա, կարելի է ասել, լրիվ ապաքինված եմ, այսօրվանից ակտիվ աշխատանքի մեջ եմ»,- ասաց Քրիստինե Մկրտչյանը:
Մեր զրուցակիցն ասում է, որ իրեն գոտեպնդել են ընկերները, հանրությունը։
«Երբ թեստ էի հանձնել և սպասում էի պատասխանին՝ ամենածանրն այդ օրերն էին, որ անընդհատ սպասում էի։ Այդ օրերից սկսած իմ լրագրող գործընկերներից և հատկապես Գյումրիում աշխատող լրագրողներից, իմ հարազատներից բազմաթիվ զանգեր էի ստանում, պինդ լինելու մասին հորդորներ, ասում էին, որ իրենք ինձ հետ են, ուժ էին տալիս և ես զգացել եմ նրանց դրական էներգետիկան, այն տեղ է հասել։ Երևի դա էր պատճառը, որ ինձ շատ ուժեղ զգացի և առաջին իսկ օրվանից մտածեցի ՝ եթե անգամ վարակված լինեմ, կկարողանամ հաղթահարել։ Ամենադժվար պահն այն էր, որ հանկարծ վարակած չլինեմ իմ հարազատներին, մայրիկիս, ով խրոնիկ հիվանդություններ ունի։
Ինձ թվում է՝ յուրաքանչյուր մարդու մոտ, երիտասարդի մոտ, ովքեր վարակվել են վիրուսով, առաջին ու ամենածանր զգացողությունն այն է, որ հանկարծ ակամա չվնասի իր սիրելի մարդկանց։ Բոլոր այն մարդիկ, որոնք թերահավատորեն են նայում այս ամենին՝ ասելով, որ պետք է անլուրջ մոտենալ կամ ինչ-որ շոուներ են փնտրում, չէի ուզենա, որ նրանք ունենային այն ապրումները, ինչ որ ես ունեցել եմ այդ օրերին, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր մտերիմ հարազատներին, նրանց վարակվելու հնարավորությանը։
Ինձ հարցնում էին՝ այդ օրերին ինչ եմ անում հյուրանոցում, ես հիվանդանոց եմ ասում, մեծ մասամբ Աստվածաշունչ եմ կարդացել, չեմ շփվել, մեկուսացել եմ, բարձր տրամադրություն եմ ունեցել։ Մեզ այցելող բժիշկներն ասում էին՝ ամեն ինչ գլխից է, պետք է դրական մտածել։ Մենք՝ ես և որդիս, դրական էինք տրամադրված, անընդհատ կատակում էինք, դրական պատմություններ էինք հիշում։ Մշտապես կապ ենք ունեցել մեր ընտանիքի անդամների հետ և ժամանակ չի եղել ձանձրանալու, ընկերների հետ հեռախոսազանգեր, մեսիջներ, վիդեոչաթեր։ Այս ամենն օգնել է, որ շուտ հաղթահարեմ։
Բոլոր այն մարդիկ, որոնք կվարակվեն, ես կարծում եմ բոլորը կամ մեծ մասը այս ճանապարհով պիտի անցնի, ես խորհուրդ եմ տալիս սեփական անձին հավատալ, որ իրենք ուժեղ են, որ կարող են և դրական նախատրամադրվածությամբ հաղթահարել, որովհետև դա միանգամայն օգնում է։
Բժիշկների հորդորներից կարող եմ ասել, որ դրական տրամադրվածությունն օգնում է։
Ծաղկաձորում գտնվելու 7-8-րդ օրը մեր մոտ արդեն առաջին թեստի պատասխանը բացասական եկավ, կային մարդիկ, որոնց մոտ 1 ամիս ու կես անընդհատ դրական էր գալիս։ Բժիշկը օրինակ էր բերում, ասում էր՝ ամեն ինչ գլխից է, ուղեղից է, մարդու տրամադրվածությունից է։ Այն մարդիկ, որոնք ի սկզբանե վախենում են, կուչ են գալիս, կծկվում են ու, այսպես ասած, թաքնվում են սենյակի մի անկյունում, վիրուսն ավելի ուժեղ է դառնում և հաղթում է նրանց, իսկ ովքեր նախատրամադրված են, որ իրենք պետք է հաղթեն, և որ իրենք հիվանդ չեն, այդ մարդիկ ավելի շուտ են կազդուրվում»։
Քրիստինե Մկրտչյանն ասաց, որ ընթացիկ բուժման ժամանակ դեղորայք ընդունել է, բայց շատ կարճ տևողությամբ՝ 4 օր, տուն վերադառնալիս՝ վիտամիններ է խմել։
Ծաղկաձորում սննդակարգում շատ են եղել վիտամինները՝ աղցաններ, մրգեր, տնական կոմպոտներ, հատկապես մասուրով, թրմած մասուր, չրեր, որոնք իրենցով վիտամինի պաշար են հանդիսացել։ Ըստ Քրիստինե Մկրտչյանի, սննդակարգը ամենայն հավանականությամբ բժիշկների հետ խորհրդակցելով են կազմել, որպեսզի հիվանդը շուտ կազդուրվի։
Տուն վերադառնալով էլ՝ նա պահում է այդ սննդակարգը, ամեն օր մասուր խմում է՝ առանց շաքարի, խնձորի չրով կոմպոտ, կաղամբով ու գազարով աղցան է ուտում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Քրիստինե Մկրտչյանի