Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը ծնողներին հիգիենայի կանոնները պահպանելու դասեր տվեց ու հորդորեց առանց հոգնելու նույնը սովորեցնել երեխաներին

Մայիս 30,2020 16:10

«Անընդհատ ստանում եմ գրություններ, նամակներ, հաղորդագրություններ այն մասին, թե արդյո՞ք մենք սեպտեմբերի 1-ին դասերը վերսկսելու եւ նորմալ հունով շարունակելու ենք: Մի բան ուզում եմ ասել: Բոլոր հնարավորություններն ունենք դա անելու: Բայց կա մի շա՜տ մեծ բայց, որը պետք է միասին լուծենք: Ըստ էության, հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները, մեր բնակչության մոտ կեսն են եւ հավաքական ամենամեծ համայնքը, որը կարող է երկրում շատ մեծ խնդիր լուծել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Իսկ ո՞րն է այդ խնդիրը: Նախարարն ասաց. «Գիտեք, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը բարդանում է, եւ լարվածությունը գնալով մեծանում է: Հիվանդացողների եւ մահերի թիվը վկայում է այն մասին, որ իրավիճակը բարդ է, եւ յուրաքանչյուրս այստեղ շատ մեծ անելիք ունի: Էլի եմ ասում. սեպտեմբերին լիարժեք կարող ենք սկսել դասերը, բայց մենք միասին մի գործողություն պետք է անենք՝ խստագույնս հետեւենք ցուցումներին: 1-ին. դիմակ կրենք: Դիմակ կրենք այն ցուցումներին համապատասխան, որը կա, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ դիմակի կրումը զգալի նվազեցնում է լարվածությունն էս ֆոնին եւ զգալի նվազեցնում է վարակման հնարավորությունը: 2-րդ. շատ հաճախ ախտահանենք ձեռքերը: Եվ էս հիգիենայի կանոնները ամեն օր, առանց հոգնելու, առանց վարանելու սովորեցնենք մեր երեխաներին, մեր աշակերտներին, որոնց թիվը մի քանի հարյուր հազար է՝ 400 հազար եւ ավելի: 3-րդ. պահպանենք սոցիալական հեռավորությունը:

Էլի եմ ասում՝ բոլոր հնարավորություններն ունենք սկսելու դասերը, եւ դա մեր շատ մեծ ցանկությունն է: Հեռավար կրթությունը որքան էլ հաջող կազմակերպենք, ունի իր բացասական կողմերը, մասնավորապես, սոցիալականացման խնդիրը: Այսինքն, աշակերտները որոշակի միջավայրում պետք է շփվեն, էդ շփման միջոցով էլ դաստիարակվեն, հասարակությունում ապրելու հմտություններ ձեռք բերեն:

Որոշ ասեկոսեներ կան, որ նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերի 1-ից շարունակել  դասերը հեռավար մեթոդով: Դա նույնն է, որ դուք հիմա ասեք, թե պատերազմ չկա Ադրբեջանի հետ եւ եկեք բանակ չպահենք, կամ բանակը չպատրաստենք հնարավոր պատերազմի: Սիրելի բարեկամներ, կորոնավիրուսի այս տարածումը եւ արտակարգ դրությունը, ըստ էության, պատերազմ է եւ պատերազմական վիճակ՝ առանց ճակատի: Եվ այո, մենք պետք է պատրաստ լինենք շատ տարբեր սցենարների: Սա ակնհայտ է, եւ նախարարությունը չի կարող դրան չպատրաստվել:

Որոշակի իրավիճակներում առնվազն տարրական դասարանները եւ առաջին դասարանների դասերի վերսկսումը պետք է ապահովենք, որովհետեւ ես հասկանում եմ, որ աշակերտը պետք է գնա դպրոց, այդ միջավայրին ծանոթանա, որ եթե նույնիսկ ինչ-որ մի փուլի հեռավարով շարունակի, ինքը դասերը, ուսուցչին՝ օտար մի մարդու, որին մինչ այդ չի ճանաչել, ընկալելու, սովորելու հմտությունները ունենա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031