Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ովքե՞ր են «դժգոհողները», «հիասթափվածները»

Մայիս 30,2020 15:30

Սամվել Բաբայանի`Արցախի ԱԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակման մասին

«Ովքե՞ր են «դժգոհողները», «հիասթափվածները», առողջ ընդդիմության բացակայությամբ «մտահոգները», պետության հոգսերով «տառապողները», պետականությունը «միանշանակ ընկալողները», պետական պաշտոնյաների մասնագիտական եւ բարոյական նկարագրով «շահագրգռվածները» եւ այլն: Ընդդիմություն խաղացողնե՞րը, սպասարկու ԶԼՄ-նե՞րը, թե՞ սոցիալական մեդիան ֆեյք օրակարգով լցոնողները: Այս բոլորն ուղղորդվում է մեկ կենտրոնից եւ դրանից ածանցվող արբանյակներից, որոնցից յուրաքանչյուրը հետապնդում է կոնկրետ շահեր». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը:

–  Սամվել Բաբայանի նշանակումը Արցախի ԱԱԽ քարտուղարի պաշտոնում միանշանակ չընկալվեց նույնիսկ նախագահ Արայիկ Հարությունյանի աջակիցների շրջանում: Մեղադրանքներ են հնչում, որ Արցախի նախագահի`Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի մեղադրանքով պատիժ կրած անձին այդ կարեւոր պաշտոնում նշանակումը անհարգալից վերաբերմունք է պետության եւ պետականության հանդեպ:

– Տվյալների գիտությունը հետաքրքիր ուղղություն է,  որը, դժբախտաբար, շարունակում է երկրորդվել հայկական միջավայրում: Ովքե՞ր են «դժգոհողները», «հիասթափվածները», առողջ ընդդիմության բացակայությամբ «մտահոգները», պետության հոգսերով «տառապողները», պետականությունն «միանշանակ ընկալողները», պետական պաշտոնյաների մասնագիտական եւ բարոյական նկարագրով «շահագրգռվածները» եւ այլն: Ընդդիմություն խաղացողնե՞րը, սպասարկու ԶԼՄ-նե՞րը, թե՞ սոցիալական մեդիան ֆեյք օրակարգով լցոնողները: Այս բոլորն ուղղորդվում է մեկ կենտրոնից եւ դրանից ածանցվող արբանյակներից, որոնցից յուրաքանչյուրը հետապնդում է կոնկրետ շահեր:

Ասում եք՝ Արցախի նախագահի դեմ մահափորձի մեղադրանքով պատիժ կրած անձին այդ կարեւոր պաշտոնում նշանակումը անհարգալից վերաբերմունք է պետության եւ պետականության նկատմամբ: Տեղին դիտարկում է՝ մահափորձի մեղադրանքով պատիժ կրած անձ, ում մեղքը իրականում դատարանում չի ապացուցվել: Եվ ապա՝ Սամվել Բաբայանին, այսպես ասած, խաղից դուրս թողնելը քաղաքական ակնհայտ դրդապատճառներ է ունեցել, ինչին լծվել է մի ամբողջ համակարգ՝ հայկական երկու հանրապետությունների իշխանությունների օրենսդիր, դատական եւ գործադիր թեւերով: Սրան հաջորդել է միֆաստեղծ քարոզչությունը, որով «կերակրել են» սեփական հանրությանը՝ քողարկելու վերջին 20 տարիների տնտեսական եւ քաղաքական ահաբեկչությունը:

Սկսած այն պահից, երբ Սամվել Բաբայանը հայտարարեց պաշտոնապես քաղաքականություն վերադառնալու մասին, Հայաստանի եւ Արցախի արդեն նախկին քաղաքական էլիտար խմբավորումները սկսեցին աղմկել՝ վկայակոչելով 2000-ականների դեպքերը եւ Սամվել Բաբայանին դիրքավորելով որպես ազգային անվտանգության սպառնալիք: Այդ իրադարձությունների մասնակիցները եւ գործի քննչական խմբի անդամները ողջ են եւ բացառապես օրենքի շրջանակներում բացահայտելու են իրականությունը: Ժողովուրդը իրավունք ունի իմանալու, թե ի՞նչ է իրական ահաբեկչությունը եւ ովքե՞ր են իրական ահաբեկիչները: Այդ ժամանակ պետության եւ պետականության նկատմամբ արհամարհական վերաբերմունքին կտրվի իրավական եւ հանրային գնահատական:

Միայն այսօրվա մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումների հետագիծը բավական է համոզվելու համար, որ ՀՀ եւ ԱՀ նախկին իշխանությունները հայտնի պատճառներով չեն կարող հաշտվել Սամվել Բաբայանի՝ քաղաքական գործոն լինելու հետ: Նրանք հաջողել են 20 տարի շարունակ Սամվել Բաբայանին պահել քաղաքական մեկուսացման մեջ եւ այսօր, երբ չեն տիրապետում որեւէ լծակի, այլընտրանք չունեն, քան վերամիավորվել՝ «որդիական» պարտքը տալու իրենց քաղաքական հայրերին:

– Մեղադրանքներ հնչեցին նաեւ Սամվել Բաբայանի հասցեին, որ վերջինս «ծախվեց»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունները, նման մեկնարկով զարգացումներն ո՞ւր կտանեն:

– Քաղաքական ուժեր անվան տակ Արցախում եւ Հայաստանում գործող ֆինանսական որոշակի ռեսուրսի տիրապետող ապազգային խմբավորումները կիրառում են տարաբնույթ տեխնոլոգիաներ՝ նսեմացնելու ազգային եւ պետական ցանկացած դրսեւորում: Այս տրամաբանության մեջ տեղավորվում է նաեւ «Միասնական հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջեւ կնքված համագործակցության հուշագիրը: Այս կապակցությամբ քաղաքական երկու խոշոր ուժերի ընտրազանգվածին ապակողմնորոշելու եւ ազգային պատասխանատվությունը որպես քաղաքական առեւտուր մատուցելու փորձ է արվում: Նախընտրական պայքարում մարգինալ դրսեւորումների հետ առնչվելու մեր փորձառությունը թույլ է տալիս դիմելու հանրությանը եւ կոչ անելու զերծ մնալ մանիպուլյացիոն հնարքներին տրվելու գայթակղությունից: Ոչ ոք չի «ծախվել», ոչ ոք չի «առնվել». սա քաղաքական բոլոր ուժերի եւ գործիչների ուժերը հանուն Արցախի պետականության համախմբելու քայլ է, որից շահելու են ոչ թե քաղաքական միավորները, այլ հանրության յուրաքանչյուր անդամ:

 – Ի դեպ, «Իգլայի» գործով ի՞նչ զարգացումներ կան. խոսակցություններ են պտտվում, որ տարբերակներ են քննարկվում`գործը «փակելու» համար: Համապատասխանո՞ւմ է դա իրականությանը:

– «Իգլայի գործ» անվամբ հայտնի դատարանի որոշումը բողոքարկվել է Սամվել Բաբայանի պաշտպանական խմբի նախաձեռնությամբ: Նշյալ դատական գործի շուրջ զարգացումների վերաբերյալ առարկայական մեկնաբանություններ կարող եք ստանալ դատական համակարգի պատասխանատուներից:

–  Մասիս Մայիլյանի վերանշանակումը Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում նույնպես միանշանակ չի ընկալվում: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ պարոն Բաբայանը եւ պարոն Մայիլյանը ընտրությունների առաջին փուլում մեկ դաշինքում էին, իսկ երկրորդ փուլում արդեն անհասկանալի, համենայնդեպս, չբարձրաձայնած պատճառներով նրանց ճանապարհները բաժանվեցին, նույն կառավարությունում համատեղ աշխատանքն ի՞նչ կերպ եք պատկերացնում:

– Արցախի Հանրապետությունում կադրային քաղաքականություն վարում է նախագահը, նա է պատասխանատու ոլորտային վերադասավորումների համար: Հուշագրի շրջանակներում մենք իրականացնելու ենք բացառապես ծրագրային համագործակցություն, անձերը մեր պատասխանատվության տիրույթում չեն:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ս.Բաբայանը ունի պետական մտածելակերպ, մեծ փորձ ու կարող է շատ օգտակար լինել Արցախի հզորացման հարցում: Ժամանակը դա կապացուցի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031